2025

Գողթն գավառի Տանակերտ գյուղը

2025-08-14

Տանակերտը Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն (Գողթան) գավառի հայկական նշանավոր գյուղերից է եղել։ Գտնվում է Նախիջևանի Օրդուբադ քաղաքից 6-7 կմ հյուսիս-արևմուտք։ Հայտնի է նաև Դանագիրդ, Դանակերտ, Տնակերտ, Տոնակերտ անուններով[1]։

Գյուղի մասին պահպանվել են մի շարք տեղեկություններ։ Այսպես՝

«Տանակերտ գիւղ Հայոց, 60 տանց և աւելի եւս։ Ի կոնդակի Գաղատիոյ վանաց Տօնակերտ գրի անուն գեղջս, որ և ուղղագոյն երեւի, յիշելով անդ զոմն նուիրատու բնիկ տեղւոյս, Առաքէլ որդի Յովհաննու, ի կէս ԺԷ դարերու»[2]։

«Տրօնիսից[3] երեք վերստ ներքև գտնւում է Տանակերտ գիւղը, որ զետեղուած է համանուն բլրի լանջին՝ գետակի աջ ափին[4]»։ Գյուղի տներն ավելի հասարակ են եղել՝ առջևում տարածված պարտեզներով, որոնք «գիւղին բաւական գեղեցիկ տեսք են ընծայել», իսկ փողոցներից միայն «մինը կանոնաւոր է և ծառազարդ, միւսները ծուռն ու մուռը»։ Տանակերտի կլիման համեմատաբար տաք է, ուստի ձորակներում եղել են «խաղողի այգիներ»[5]։

Գյուղը՝ որպես բնակավայր, հիշատակվել է վաղնջական ժամանակներից։ Տանակերտի շրջակայքից հայտնաբերվել են բրոնզեդարյան հնագիտական իրեր և հարուստ խեցեղեն։

1831 թվականին գյուղն ունեցել է 177, 1873 թվականին՝ 457 հայ բնակչություն։ 1904 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Տանակերտում եղել է 66 տուն՝ 527 հայ բնակիչներով, իսկ 1906 թվականին՝ 774։ 1914 թվականի դրությամբ գյուղն ամբողջապես հայաբնակ է եղել։

Բնակիչները եղել են զոկեր, խոսել են զոկերեն։ Խոսելով «զօկ»-երի մասին՝ Ե․ Լալայանը նշել է, որ նրանք բնիկներ են եղել ու «բազմաթիւ չեն և բռնում են միայն Վերին և Ներքին Ագուլիսը, Անդամէջը, Դիսարը, Ցղնան, Տանակերտը, Ռամիսը, Քաղաքիկը, Փառական»[6]։ 

Տանակերտցիները հիմնականում զբաղվել են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, շերամապահությամբ և անասնապահությամբ։

1873 թվականին գյուղում բացվել է հայկական (եկեղեցական-ծխական) եռամյա երկսեռ դպրոց, որն ընդմիջումներով գործել է մինչև 1917 թվականը։

Պահպանվել է 1907 թվականին Թիֆլիսում հրատարակված «Յիշատակարան Տանակերտ գիւղի» փաստաթուղթը, որը դպրոցական կանոնադրություն է՝ բաղկացած տասը կանոններից։ Այդ հիշատակարանում ներկայացված են դպրոցի աշակերտների բարեվարքությունը, պարապմունքների դասացուցակը, ուսումնասիրվող առարկաների ցանկը, դպրոց հաճախելու, բացակայությունների, կարգապահության, կիրակի և տոն օրերին վերակացուի առաջնորդությամբ եկեղեցի գնալն, ինչպես նաև՝ աշակերտների պարտավորությունները, ծնողների և խնամակալների պարտականությունները[7]։

Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի կառուցման ժամանակն անհայտ է։ Վերջինս քառամույթ գմբեթակիր բազիլիկա է եղել։ Եկեղեցու պատերին պահպանված են եղել գեղանկարչության շերտերի հետքեր՝ 19-րդ դարին վերաբերող որմնանկարներ, որոնց բեկորները քայքայվել են։

Եկեղեցին վերանորոգվել է 17-րդ և 19-րդ դարերում։ Այն եղել է նաև նշանավոր գրչօջախ, որտեղ գրչագրված ձեռագրերից մեզ են հասել երկուսը՝ թվագրված 1710 և 1719 թվականներով։

Տանակերտ գյուղի եկեղեցում պահպանվել է մագաղաթյա մի Ավետարան՝ գրված 1456 թվականին՝ «յանապատին սբՄամասձեռամբ Մաթէոս աբեղայի, ի թվին Հայոց ՋԶ »[8]։

Ավետարանից բացի՝ պահպանվել են նաև այլ ձեռագրեր՝ 3 օրինակ «Յայսմաւուրք» /Հայսմավուրք/, 3 օրինակ Ավետարան, որոնցից միայն մեկն է ունեցել հիշատակարան՝ գրչագրված Կարսում Հայոց ՌՃԻ թվին (1671թ․), մեկ Մաշտոց և Խորհուրդատետր՝ գրված Հայոց ՌՃԼԴ թվին (1685թ․)։

Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում 17-18-րդ դարերում կառուցվել է եկեղեցու գավիթ-ժամատունը։ Եկեղեցու պատերին վիմագրություններ, պատկերաքանդակներ և զարդաքանդակներ չեն պահպանվել։

1977 թվականի խորհրդային տեղագրական քարտեզի վրա Տանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին նշված է եղել։ 1980-1990-ական թվականներին Սուրբ Աստվածածինը դեռևս կանգուն է։ Սակայն, այն ավերվել է 1997-2000 թվականներ ընկած ժամանակահատվածում, իսկ հետքերն ամբողջությամբ ջնջվել են մինչև 2009 թվականի կեսերը։

Տանակերտ գյուղից 1-1,5 կմ հարավ գտնվող Բերդակ կոչված վայրում եղել է 16-17-րդ դարերով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցի-ուխտատեղին, որի պատի մեջ շարված քարերից մեկը թվագրված է 1524 թվականով։ Ուխտատեղին վերանորոգվել է 1888 թվականին։

1990-ական թվականների սկզբին Սուրբ Հովհաննեսը կիսավեր է եղել, իսկ հետագայում լրիվ ավերվել է։

Տանակերտ գյուղում մուսուլմանական հուշարձաններ չեն եղել։

1914 թվականին գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը ճանապարհորդել է Գողթնով և ստեղծել Գողթնի հայկական բնակավայրերի անզուգական բնանկարների շարքը, որոնցից է «Գողթան (Տանակերտ)» բնանկարը։

Հարավային Գողթնի հայկական մյուս գյուղերի նման Տանակերտը 1919 թվականի ամռանը ենթարկվել է թյուրք-թաթարական հրոսակախմբերի հարձակմանը։ Գյուղի ինքնապաշտպանությունը տևել է տասը օր, որից հետո թշնամին գրավել է Տանակերտը, իսկ բնակչության մեծ մասին՝ կոտորել։

Խորհրդային շրջանում գյուղում բնակվել են քիչ թվով հայներ, որոնք վերջնականապես իրենց տները լքել են 1988-1989 թվականներին։

Գողթնի հայկական գյուղերի նման Տանակերտն էլ ներկայումս ադրբեջանաբնակ է, գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում և կոչվում է Անագյուտ (Anaqut)։

Գրականություն՝

Ղ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

ԵԼալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։

Ա Եփրիկյան, Գողթնի 1919 թվականի ինքնապաշտպանությունը, «Էջմիածին» ամսագիր, Է, 2012թ։

ԱԱյվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան 1986։

Նախիջևանքարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 5, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2001։

Յիշատակարան Տանակերտ գիւղի. Թիֆլիզ, Էլէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի, Պօլից7, 1907։

Կովկասի ժառանգության դիտորդական կենտրոն՝ CHW, https://storymaps.arcgis.com/stories/90488005393f4f9aa2bf210bac0e3854

[1] Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 5, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2001, էջ 28։

[2] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 341։

[3] Գյուղ Նախիջևանի Գողթն գավառում։

[4] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 316։

[5] Նույն տեղում։

[6] Նույնի՝ էջ 265-266։

[7] Յիշատակարան Տանակերտ գիւղի. Թիֆլիզ, Էլէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի, Պօլից․7, 1907։

[8] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 172-173։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում