2025

Գողթն գավառի Մցգուն գյուղը

2025-07-31

Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառի հայաբնակ գյուղերից էր Մցգունը։ Վերջինս հայտնի էր նաև Մզկուն, Միզկունց դաշտ, Մսկն անուններով։

Հայկական այս բնակավայրի մասին պատմական աղբյուրներում կցկտուր տեղեկություններ են պահպանվել։ Ըստ հիշատակությունների՝ Գողթնի այս գյուղը գտնվել է Ցղնայի ձորում՝ համանուն գյուղից մոտ 3-4 կմ հարավ՝ բարձրադիր վայրում։

Գյուղատեղիի տեղազննությունից պարզվել է, որ այն միջին մեծության բնակավայր է եղել, որտեղ կարող էր բնակվել մոտ 160 տուն բնակչություն։ Գերեզմանատան տապանաքարերն ու հնագիտական այլ տվյալներ վկայում են, որ Մցգունը միջնադարում եղել է բավական զարգացած բնակավայր։

Գյուղատեղիի ավերակներում մինչև 2005 թվականը դեռևս կանգուն է եղել «Միզկունց վանք» կոչվող[1] Սուրբ Ստեփանոս ուխտատեղին, որի կառուցումը թվագրվում է 12-13-րդ դարերով։ 17-րդ դարի հայ մշակույթի նշանավոր գործիչ Թովմա Վանանդեցի եպիսկոպոսի հաղորդմամբ՝ Գողթնի և շրջակա գավառների ուխտավորները հաճախ են այցելել այս եկեղեցի։ Եպիսկոպոսի պահպանված վկայությամբ[2]՝

«․․․Եկեալ հասին

Ի Գողթն գաւառըն ցանակալի,

Յեկեղեցին Ստեփանոսի,

Որ մականուն Մցգուն կոչի,

Եւ խնդութեամբ այնու լցեալ․․․»։

17-րդ դարի հայ ուղեգիր և ճանապարհորդ Զաքարիա Ագուլեցին գրել է, որ 1664 թվականի մայիսի 19-ին եղել է Մցգունի Սուրբ Ստեփանոսի վանքում․

«Մայիս ժթումն ես Զաքարիայ այսօր համբարձում Մցգուն արարի, զերայ ուխտ էինք գնացել ջումիաթով»։[3]

 Ղևոնդ Ալիշանի վկայությամբ՝ 18-րդ դարում՝ 1730-ական թվականներին՝ Հին Ջուղա գնալիս, այս վանքն է այցելել նաև Աբրահամ Կրետացի կաթողիկոսը՝ հիշատակելով այն «Միզկունց վանք»[4] անվամբ։

Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցն այս վանքն անվանել է «Մեծ Գունոյ» վանք։

Եկեղեցին մի քանի անգամ վերակառուցվել է։ Կառույցի հիմնաշարի ուսումնասիրությունից պարզվել է, որ նախկին շինությունը կառուցված է եղել 11-12 դարերում։ Վերջին անգամ եկեղեցին նորոգվել է 1895 թվականին՝ Ցղնայի ժողովրդի նվիրատվությամբ, որի վերաբերյալ վիմագրությունը քանդակված է եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին[5]

Ս(ՈՒՐ)Բ ՍՏԷՓԱՆՈՍ ՎԱՆՔՍ ՆՈՐՈԳՈՒԵՑԱՒ

ՑՂՆԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻԱՆ ՆՈՒԷՐՈՎ

ՀՈԳԵԲԱՐՁՈՒԹԵԱՄԲ ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍ

ԵԱՆՑԻ ԵՒ ՀԱՅՐԱՊԵՏ ՍՏԵՓԱՆԵԱՆՑԻ

Ի 1895 ԱՄԻ։

Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ հյուսիսային և հարավային ճակատներով։ Վիմագիր արձանագրություններ են պահպանվել եկեղեցու հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատներին։ 19-րդ դարից պահպանվել են որմնանկարների բեկորներ։ Պատկերաքանդակներ և զարդաքանդակներ չեն պահպանվել։

Եկեղեցու հյուսիսային և արևմտյան ճակատներում տեղադրվել են 11-17-րդ դարերով թվագրվող ինը գեղաքանդակ խաչքարեր, որոնցից յոթն ունեցել են մաշված և քայքայված արձանագրություններ։

Պահպանվել է նաև 15-րդ դարի 50-80-ական թվականներով թվագրվող այստեղ ընդօրինակված մի Ավետարան[6]։

18-րդ դարի կեսերից սկսած գյուղն աստիճանաբար լքվել է և 19-րդ դարում վերածվել ավերակների։ Ներկայումս հայկական վաղեմի այս գյուղից, որը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում, մնացել են միայն աննշան հետքեր։

Գրականություն՝

Ղ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Զաքարիա Ագուլեցու Որագրությունը, Յերեվան, 1938։

ԵԼալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։

ԱԱյվազյան, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան 1978։

ԱԱյվազյան, Ցղնայի ճարտարապետական հուշարձանները, Էջմիածին ամսագիր, 1979, շարունակված «Էջմիածին» ամսագրի 1978 թ․, Գ համարից։

ԱԱյվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան 1986։

Ա Այվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987։

Նախիջևանքարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991։

[1] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 322։

[2] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 343։

[3] Զաքարիա Ագուլեցու Որագրությունը, Յերեվան, 1938, էջ 63։

[4] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 343։

[5] Ա․ Այվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987, էջ 43։

[6] Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991, էջ 880։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում