2025

Իսմայիլիի շրջանի Գիրք գյուղը

2025-07-28

Իսմայիլիի շրջանի Գիրք (Գիրկ, Կիրք) գյուղը գտնվում է շրջկենտրոնից 12,5 կմ հարավ-արևմուտք: Գյուղը գավառի հինավուրց և մարդաշատ բնակավայրերից է եղել: Բնակիչները գաղթել են Արցախի Քերթ, Տող, Գիշի, Թաղավարդ, Հացի, Հղորտի, Թաղլար, Ննգի գյուղերից և Ջրաբերդ գավառից:

Գյուղանվան ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ բնակիչները բնավորությամբ կռվարար ու կրքոտ են եղել։ Այդ պատճառով էլ գյուղն անվանել են նաև Կիրք[1]։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Գիրկ անվանաձևը գյուղին տվել են իր դիրքի համար, քանի որ չորս կողմից շրջապատված է լեռնաբազուկներով, որոնք «չորս կողմից գրկած ունին գիւղը․․․»[2]։ Գյուղանվան Գիրք տարբերակն էլ բացատրվել է բնակիչների գրասեր և ընթերցասեր լինելով։

1861 թվականին Գիրքն ունեցել է 130 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, գյուղում եղել է 227 տուն հայ` 1282 բնակիչներով։ 1914 թվականի տվյալներով՝ Գիրքն ամբողջությամբ հայաբնակ է եղել․ բնակչության թիվը՝ 1860։

Գիրք գյուղը 1918 թվականի օգոստոսին ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը։ Մինչև 1920 թվականը գյուղը մի քանի անգամ ասպատակվել է թուրք-թաթարական զորքերի կողմից և գրեթե ամայացել է:

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից փրկված գիրքեցիները վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին Գիրք գյուղում եղել է հայաբնակ 48 տուն` 144 բնակիչներով: Խորհրդային իշխանության տարիներին գյուղում գործել է ութնամյա դպրոց, որտեղ 1984 թվականին սովորել են 40 աշակերտներ: Դպրոցը փակվել է 1988 թվականին:

1985 թվականին Գիրք գյուղում եղել է հայաբնակ 50 տուն, որոնք էլ բռնագաղթել են 1988 թվականի վերջին:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, Գիրք գյուղում դեռևս պահպանված է եղել 1831 թվականին կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որի շինարարական արձանագրությունը հաղորդում է.

«Կառուցաւ Սուրբ եկեղեցիս ի յիշատակ

գիրքեցի երից եղբարցն` Պետրոսի, Պօղոսի եւ

Բաղդասարի Գրիգորեան Յովսեփեանց եւ

մօրն իւրեանց Ազիզին, թվ. 1831»:

Գյուղի արևելյան կողմում տարածված գերեզմանոցում Ս. Կարապետյանի այցելության ժամանակ եղել են 15-20-րդ դարերին վերաբերող հնաոճ բազմաթիվ տապանաքարեր։ Դրանցից շուրջ 600-ը թվագրվել են 19-րդ դարով: Ամենահին տապանաքարը պատկանել է 15-րդ դարին։

«Սողրաթմիշ որդին իւր Ղապայպուշ,

թվին ՋԻԳ (1474)»:

Գերեզմանոցի տարածքից ընդօրինակվել է 17-րդ դարի մի տապանաքարի արձանագրություն ևս.

«Կազմեցօ տապանս ի թվին ՌՃԲ (1653) Հայոց,

Վասն Աստուծոյ ողորմի ասացէք Շահվերդի հոգուն»:

Գերեզմանոցում պահպանվել է նաև գյուղի երկարամյա քահանա Բաղդասար Տեր-Մարկոսյանցի տապանաքարը` հետևյալ արձանագրությամբ.

«Այս է տապան Բաղդասար աւագ քահանայի

Տէր Մարկոսեանց, որ վարեալ զպաշտօն քահանայութեան

զամս 47, վախճանեցաւ ի 1-ն ուլիսի,

1883 ամի, ի հասակի 73 ամաց»:

Ս․ Կարապետյանն ընդօրինակել է նաև հարյուրամյա հասակում վախճանված մի կնոջ տապանաքարի արձանագրությունը․

«Այս է տապան Մարիամի Տէր Մարկոսեանց,

որ վախճանեայց հարիւր ամաց,

ի 26 օգոստոսի, 1890 ամի, ի գիւղն Գիրք»:

Գյուղի հարավային եզրին կառուցված աղբյուրի ճակատային քարին եղել է արձանագրություն․

«Յիշատակ է աղբուրս աղա Պետրոս եւ

Մօսէս Նէրսէսեանց, 1840 թվ. ի 1 սեբտեմ.»:

Գյուղն այժմ կոչվում է Գիրկ և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 117–130:

Աղբալեանց Ա․, Գիրկը և գիրկեցիք, «Արձագանք», 1894, № 50

[1]Աղբալեանց Ա․, Գիրկը և գիրկեցիք, «Արձագանք», 1894, № 50, 4 մայիսի, էջ 3։

[2]Նույն տեղում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում