2025
2025-07-14
Իսմայիլիի շրջանի Վանք գյուղը գտնվում է շրջկենտրոնից 20 կմ արևմուտք: Վանքը Շամախիի գավառի հինավուրց բնակավայրերից է եղել: Վանական կալվածք լինելու պատճառով գյուղը կոչվել է Վանք կամ Վանքաշեն: Բնակիչների նախնիները գաղթել են Արցախի Խաչեն գավառի Վանք գյուղից, Ջրաբերդ գավառից, ինչպես նաև՝ Աշան, Ննգի ու Ճարտար գյուղերից:
Եկեղեցական ականավոր գործիչ և հետազոտող Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի այցելության ժամանակ` 19-րդ դարի կեսերին, Վանքում եղել է 60 տուն հայ բնակչություն: 1861 թվականին գյուղում ապրել է 140 տուն հայ։ Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, Վանքում եղել է 182 տուն հայ բնակչություն` 1033 բնակիչներով։ 1914 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ է եղել․ բնակչության թիվը 1131 մարդ։
1918 թվականի ամռանը Վանք գյուղը ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը: Վանքեցիներն ու շրջակա մոտ 10 գյուղերից այստեղ հավաքված հայությունը, որոնց թիվը հասել է 10-12 հազարի, դիմել են քառօրյա հերոսական ինքնապաշտպանության։ 1918 թվականի օգոստոսին Վանքի բնակչությունը ենթարկվել է թուրքական զորքի դաժան կոտորածին:
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած վանքեցիները վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին Վանքում եղել է հայաբնակ 19 տուն` 60 բնակիչներով: Գյուղում գործել է տարրական դպրոց, որը փակվել է 1950-ական թվականներին:
Խորհրդային Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների համար տեղական իշխանությունները 1960-ական թվականներին գյուղին կից առանձին թաղամաս են հիմնել, որից հետո Վանքի հայ բնակչությունն աստիճանաբար սկսել է լքել հայրենի գյուղը: Արտագաղթած հայերի տներում էլ բնակություն են հաստատել լեզգիները:
1985 թվականին Վանքում մնացել են ընդամենը 12 տուն հայեր, որոնք էլ բռնագաղթել են 1988 թվականի դեկտեմբերին:
Վանք գյուղի հին թաղամասում եղել է Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի, որը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, արդեն գտնվել է հիմնավեր վիճակում: Ըստ շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1826 թվականին․
«Յիշատակ է Սուրբ Յովհաննէս եկեղեցիս
Տէր Աբրահամին, որ է որդի Գրիգորին,
Թվ. ՌՄՀԵ (1826), Ղաբալայ»:
Վանք գյուղի հյուսիսարևմտյան կողմում տարածված հին գերեզմանոցում Ս. Կարապետյանի այցելության ժամանակ դեռևս պահպանված են եղել 18-20-րդ դարերին վերաբերող շուրջ 200 տապանաքարեր: Այստեղ հուղարկավորությունները շարունակվել են ընդհուպ մինչև 1988 թվականի բռնագաղթը:
Գերեզմանոցում եղած ամենահին տապանաքարերը պատկանել են 18-րդ դարի սկզբներին․
«Այս է տապան Յարութի, որ է որդի…
Թվին ՌՃԿԷ (1718)»:
Վանքի գերեզմանոցում պահպանվել է նաև իշխան Պետրոս Յուզբաշյանի տապանաքարը` հետևյալ արձանագրությամբ.
«Այս է տամբարան Պետրոս իշխանին
Քաջաբան որդւոյ Իւբաշեան տոհմին
Ոգելից զաւակ Մայր Հայաստանին
Պսակեալ յարքայեն ասպետիւ խաչին,
Որոյ քաջ անուան յիշատակ բարին
Ի սէրտս հայկազանց անմոռաց պահին
Վախճանեալ ծերունազարդ հասակին
Ի 13 սեպդեմբերի 1859 թուականին»:
Գերեզմանոցի ուշագրավ տապանաքարերից է նաև 1860 թվականին վախճանված ասպետ Ռուստամ Առաքելյանցի տապանաքարը.
«Այս է տապան կաւալեր Ռուստամին,
որ էր որդի Պետրոսին Առաքելեանց,
վախճ. 1860 ամի»:
Վանք գյուղի շրջակայքում պահպանվել են Ավերակ վանք և Շաքլու կամ Շաքուլու գյուղատեղիները, Կարմիր քերծ հնավայրը, Նահատակ սրբատեղին ու Ջիվանշիրապատ քաղաքատեղիի ավերակները:
Գյուղն այժմ կոչվում է Վենգ (ադրբ. Vəng) և բնակեցված է ադրբեջանցիներով ու լեզգիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 178–191:
Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 389: