2025

Գողթն գավառի հայկական Ցղնա գյուղը

2025-07-10

Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառի նշանավոր բնակավայրերից է Ցղնա գյուղը՝ հայտնի նաև Չանանաբ, Ծղնա, Ճալանա, Ցխնա և այլ անուններով։ Ազգագրագետ Երվանդ Լալայանը գյուղը հիշատակում է նաև Զանանաբ անունով։ Ղևոնդ Ալիշանը գրում է, որ գյուղի հայկական անունը Ցղնա է, «որ հարկ է թէ մեծ և նշանաւոր էր ի հնումն»։ Ըստ տեղացիների բացատրության՝ Ցղնա անվանումը նշանակել է «ցեղն Անւոյ»։ Գյուղը տեղացիների՝ զոկերի բարբառով[1] կոչվել է նաև Ցուղնա, որի մասին հիշատակվում է գյուղի Սուրբ Աստվածածին վանքի 17-րդ դարին վերաբերող վիմագիր արձանագրության մեջ։

Գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում՝ համանուն քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ Ցղնա գետի հովտում՝ շրջապատված մրգատու ծառաստաններով։

Գյուղի շրջակայքի նյութական մշակութային տվյալները փաստում են, որ Ցղնան եղել է հնագույն բնակավայր և, հատկապես զարգացած միջնադարից սկսած, դարեր շարունակ հանդիսացել է Գողթնի աչքի ընկնող կենտրոններից մեկը։ Գրող և հրապարակախոս Մեսրոպ Թաղիադյանը Ցղնայի մասին հիշատակում է․ «յաւետ աւերակ իմն մեծի քաղաքի, քան թէ գիւղ աննշան որպէս զարդիս տեսանի»։

Դարերի ընթացքում Ցղնայի հայությունը, որը հիմնականում զբաղվել է վաճառականությամբ, ենթարկվել է օտար նվաճողների արշավանքներին, ասպատակություններին, կոտորածներին՝ հաճախ ստիպված լինելով տեղահանվել հայրենի բնակավայրից։ Այդ մասին հիշատակություն կա 1349 թվականին Ցղնայում գրչագրված Ավետարանի հիշատակարանում։

Գյուղի մոտ՝ լեռնալանջին, գտնվում են «Հարսի ու Փեսի քարերը», որի մասին պահպանվել է մի գեղեցիկ ավանդազրույց։ Բանահավաք Արամ Ղանալանյանը գրում է, որ «տղա ու աղջիկ, սիրահարվելով, փախել են, որպեսզի ազատվեն ծնողների բռնությունից։ Վերջիններս, իմանալով այդ մասին, անիծել են, և նրանք անմիջապես քար են դարձել»։

Ցղնան եղել է միջնադարյան հայտնի գրչօջախ, որտեղ գրչագրվել են ձեռագիր բազմաթիվ մատյաններ։ Մեզ հայտնի մոտ մեկ տասնյակ ձեռագրերից երկուսը պահվում են Երևանի Մատենադարանում։ Ամենահին ձեռագիրը գրչագրվել է Սուրբ Աստվածածին վանքում 1349 թվականին՝ Դանիել տանուտերի օրոք, իսկ վերջինը՝ 1696 թվականին։

Գյուղում եղել են մեծակառույց Սուրբ Աստվածածին վանքը, Սուրբ Գրիգոր, Սուրբ Նշան և Սուրբ Սարգիս եկեղեցիները, ինչպես նաև՝ մի շարք պատկերաքանդակներ, որոնց մի մասը պահպանվել են Սուրբ Աստվածածին վանքի և Սուրբ Սարգիս եկեղեցու որմերում և վերաբերում են 15-17-րդ դարերին։

Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվել դեռևս 12-13-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին վանքը։ Վերջինս 17-րդ դարի կեսերին Գողթնի և Երնջակի մի շարք հուշարձանների թվում, ըստ 17-րդ դարի հայ նշանավոր պատմագիր Առաքել Դավրիժեցու, վերանորոգվել է Մովսես և Փիլիպոս կաթողիկոսների կողմից։ Վանքը Խորհրդային Ադրբեջանի շրջանում ծառայել է իբրև պահեստ։ Կանգուն է եղել մինչև 1980-ական թվականների վերջը։ Ադրբեջանցիների կողմից ավերվել է 2000-ական թվականներին։

Մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Սարգիս անունով, գտնվել է գյուղի կենտրոնում։ Կառուցված է եղել 13-14-րդ դարերում, վերանորոգվել է 1890 թվականին Ս․ Սաղաթելյանի կողմից։ Նախիջևանի հայկական ճարտարապետական մյուս հուշարձանների նման այս եկեղեցին էլ ադրբեջանցիների կողմից ավերվել է 2000-ական թվականներին։

Գյուղում է գտնվել նաև Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հիշատակվում է 1467 թվականի մի ձեռագիր մատյանում։ Ներկայումս ավերակ վիճակում է։

«Նախիջևանը եվրոպացի ճանապարհորդների ուղեգրություններում (XIII–XVII դդ․)» աշխատության մեջ հիշատակություն կա ճիզվիտ վանական Ժակ Վիլլոտի՝ 1690 թվականին դեպի Թավրիզ կատարած ճանապարհորդության մասին։ Վերջինս ճանապարհին կանգ է առել Նախիջևանի Ցղնա գյուղում՝ այն հիշատակելով «բավականին մեծ մի գյուղ, որը բնակեցված է ավելի քան 300 հայ ընտանիքներով»։ Եվրոպացի ճանապարհորդը եղել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցում[2]։

Ցղնայում հայտնի են եղել նաև Տամբրի թաղամասի գերեզմանատունը, Ցղնայի բերդը, կամուրջը և այլ կառույցներ։ Գյուղում նշանավոր է եղել նաև հայ մեծանուն երաժշտագետ Կոմիտասի պապերի՝ Սողոմոնենց ապարանքը։

Տամբրի գերեզմանատունը հնագույնն է, որտեղ եղել են 350-400 տապանաքարեր։ 1940-ական թվականներին ադրբեջանցիների կողմից տապանաքարերի մեծ մասն օգտագործվել է որպես շինանյութ։

Ցղնայում եղել են հայկական (եկեղեցական-ծխական) երկու դպրոցներ՝ բացված 1862 և 1878 թվականներին, և մեկ պետական (ռուսական) դպրոց՝ բացված 1900 թվականին։

Գյուղը մշտապես եղել է հայաբնակ, որտեղ ապրել են մի քանի հարյուր հայ ընտանիքներ։ 1914 թվականի դրությամբ գյուղում ապրել են միայն հայեր։ Ցղնայի տարածքում չի պահպանվել մահմեդական ոչ մի հուշարձան։

Ցղնան 1919 թվականի ամռանը ենթարկվել է թուրք-թաթարական զորքերի հարձակմանն ու ամիսներ շարունակ դիմադրել է։ Սակայն, 1919 թվականի վերջերին գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։

Ցղնան հայտնի է իր նշանավոր հայորդիներով, ինչպիսիք են՝ նշանավոր երաժշտագետ Արամ Մերանգուլյանը, «Արարատ» ամսագրի խմբագիր Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը և այլք։

Թեև ներկայումս գյուղն ադրբեջանաբնակ է և կոչվում է Չեննաբ, սակայն պատմական աղբյուրներն ու հնագիտական ուսումնասիրությունները փաստում են Ցղնայի՝ տարածաշրջանում հայկական մշակույթի և քաղաքական կյանքի անբաժանելի մասը լինելու մասին։

Գրականություն՝

ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

ՄԹաղիադյան, Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Թաղիադեանց Վ Ա սարկաւագի սրբոյ Էջմիածնի ի Հայս, Կալկաթա, 1847։

ԵԼալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։

ԹԽՀակոբյան, ՍտՏՄելիք-Բախշյան, ՀԽԲարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 5, Երևան 2001։

ԼԽաչիկյան, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երևան, 1950։

ԱԴավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988։

ԱԱյվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987։

ԱԱյվազյան, Ցղնայի ճարտարապետական հուշարձանները, «Էջմիածին» հանդես, 1978, Գ։

ԱՂանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969։

Նախիջևանքարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

ԳԿարագյոզյան, Նախիջևանը եվրոպացի ճանապարհորդների ուղեգրություններում (XIII–XVII դդ), Երևան, 2019։

[1] Խոսքն Ագուլիսի բարբառի մասին է, որով խոսել են Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառի Ագուլիսի շրջակայքում գտնվող հայաբնակ ինը գյուղերի՝ Վերին Ագուլիս, Ներքին Ագուլիս, Հանդամեջ, Դիսար, Տանակերտ, Ռամիս, Քաղաքիկ, Փստակա, Ցղնա, բնակիչները, ովքեր բնիկ գողթանցիներ էին: Բիստ, Մսրվանիս, Ալլահի և Խուբս գյուղերի բնակիչները Ագուլիսի բարբառով չեն խոսել։ Գողթանի բոլոր գյուղերի խոսվածքները զգալի տարբերություն ունեն բարբառից՝ հատկապես Ցղնայի և Ռամիսի խոսվածքներում: Բնակիչներին տրված զոկ անունը անցել է բարբառին և կոչվել է զոկերեն: Ս. Սարգսյան, «Ագուլեցոց բարբառը (զոկերի լեզուն)» (մասն 1-2, Մ., 1883)։

[2] Գ․ Կարագյոզյան, Նախիջևանը եվրոպացի ճանապարհորդների ուղեգրություններում (XIII–XVII դդ․), Երևան, 2019, էջ 178-190։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում