2025

Իսմայիլի շրջանի Ղալակա գյուղը

2025-07-07

Իսմայիլի շրջանի Ղալակա գյուղը գտնվում է շրջկենտրոնից 19,5 կմ հարավ-արևմուտք: Ղալական Շամախիի Գարդման գավառի ամենամարդաշատ գյուղերից էր: Բնակիչների նախնիները գաղթել են Խաչենի Դաշբուլաղ, Ղշլաղ, Առաջաձոր, Խանձք և Խնձրիստան, Ջրաբերդ, ինչպես նաև՝ Հղորտի և Նախիջևանիկ գյուղերից։

1861 թվականին Ղալակայում եղել է 111 տուն հայ բնակչություն, իսկ 1865 թվականին` 170 տուն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1890 թվականին, գյուղն ունեցել է 298 տուն՝ 1593 հայ բնակչությամբ։ 1914 թվականին Ղալական ամբողջությամբ հայաբնակ էր՝ 2466 բնակիչներով։

1918 թվականի ամռանը գյուղը ենթարկվել է թուրքական կանոնավոր զորքերի հարձակմանը, սակայն ղալակացիները մեկօրյա ինքնապաշտպանություն են կազմակերպել։ Անհավասար կռվից հետո թուրքերը ներխուժել են գյուղ։ Բնակչությունը փախել և ապաստան է գտել հարևան գյուղերում: Այդ ընթացքում ղալակացիներից զոհվել ու վիրավորվել են մոտ 60 մարդ։ Խորհրդային իշխանության տարիներին զոհված ղալակացիների հիշատակին կանգնեցվել է մի հուշարձան` հետևյալ արձանագրությամբ.

«Братская магила жертвам гражданской войны 1918-19 гг.»։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած ղալակացիները վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին Ղալակայում ապրել է 180 տուն հայ` 715 բնակիչներով:

Խորհրդային իշխանության տարիներին Ղալակա գյուղում գործել է ռուսական միջնակարգ դպրոց, որտեղ 1984 թվականին սովորել են 135 հայ և 40 լեզգի աշակերտներ:

1984 թվականին Ղալակայում եղել է հայաբնակ 121 տուն` 460 բնակիչներով։ Գյուղի բնակչությունը բռնագաղթել է 1988 թվականի վերջերին:

Ղալակա գյուղի հին թաղամասում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1984 թվականին, կանգուն է եղել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը սկզբում եղել է փայտածածկ, այնուհետև հիմնավորապես վերանորոգվել է գյուղացիների ջանքերով: Ըստ եկեղեցու շինարարական արձանագրության՝

«ԿԱՌՈՒՑԱՒ ՏԱՃԱՐՍ ԱՅՍ ԱՐԴԵԱՄԲՔ

ԵՒ ՋԱՆԻՒՔ ՀԱՅՈՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ

ՂԱԼԱԿԱ ԳԵՂՋ, ԻՍԿ ԾԵՓՆ ՆԵՐՔԻՆ ԵՒ

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ ՄԻՔԱՅԵԼԻ ԾԱՏՈՒՐԵԱՆ. 1867»:

Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին փորագրված է եղել նվիրատվական արձանագրություն` հետևյալ բովանդակությամբ.

«ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ ՂԱԼԱԿԱԲՆԱԿ

ԳՐԻԳՈՐ ԲԱՐԴԱՆԵԱՆՑԻ ՀՈԳՒՈՅՆ,

ՈՐ ՆՈՒԻՐԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ

ԵԿԵՂԵՑՒՈՅՍ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԶԳԵՍՏԻ 300 ՐՈՒԲԼԻ»:

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին գործածվել է որպես ցորենի ամբար: Ադրբեջանցի վանդալները 2003 թվականին պայթեցրել են Ղալակայի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այժմ կիսավեր է:

Ղալակա գյուղի հին գերեզմանոցում Ս. Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված են եղել 15-20-րդ դարերին վերաբերող ավելի քան 2000 տապանաքարեր, որոնցից շուրջ 400-ը` արձանագիր: Գերեզմանոցի տապանաքարերից մեկի վրա, որը կրել է հայոց ՌՃԾ (1701) թվականը, քանդակված են եղել նետ, աղեղ և խաչ։ Դրանցից ամենահները պատկանել են 15–16-րդ դարերին:

Տապանաքարերից մեկի արձանագրությունը․

«ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ԲԱԼԱՍԻ ՏԷՐ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

ՏԷՐ ԳԱՍՊԱՐԵԱՆՑ, ՀԱՆԳԵԱՒ Ի ՏԷՐ

1892 Ա. 11 ՕԳՈՍՏՈՍԻ, 38 ԱՄԱՑ ՀԱՍԱԿԻ:

ՏԵՍԱՆՈՂՔ ԱՅՍ ԱՆՇՈՒՆՉ ՏԱՊԱՆԱԿ

ԵՂԻՑԻ ՁԵԶ ԷԼ ՅԱՅՏԻ ՕՐԻՆԱԿ,

ՈՐ ԱՇԽԱՐՀՔԻՍ ՓԱՌՔԸ ՓՈՒՉ Է ԵՒ ԴԱՐՏԱԿ,

ՄԻԱՅՆ ԲԱՐԻ ԳՈՐԾ, ԲԱՐԻ ԱՆՈՒՆ ԿՄՆԱՅ ԱՆՄԱՀ ՅԻՇԱՏԱԿ»:

Պահպանված է եղել նաև Ղալակա գյուղի քահանա տեր Ներսես Տեր-Գասպարյանցի տապանաքարը` հետևյալ արձանագրությամբ.

«ԱՍՏ ՀԱՆԳՉԷ ՏԷՐ ՆԷՐՍԷՍ ՔԱՀԱՆԱԻՆ

ՏԷՐ ԳԱՍՊԱՐԵԱՆՑԻՆ, ՎԱԽ. 1899 Թ.

ԱՄԱՑ 57 ՀԱՍԱԿԻ, ՕՎ ՏԷՐ ՀԱՅՐ ՄԵՌԱՐ,

ԹՈՂԻՐ ԱՆՄԱՀ ԱՆՈՒՆ ՅԻՇԱՏԱԿ

ՔՈ ԳՈՐԾՔԵՐՈՎ ԴԱՐՁԱՐ ԲԱՐԻ ՕՐԻՆԱԿ,

ԴՈՒ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ԵՂԱՐ ՆԱՀԱՏԱԿ»:

Ս. Կարապետյանի այցելության ժամանակ գյուղի տարածքում պահպանվել են Շինատեղ, Կեով, Ջմանա խութ հնավայրերը:

Գյուղն այժմ կոչվում է Գալագահ (ադրբ.՝ Qalagah) և բնակեցված է ադրբեջանցիներով ու լեզգիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 147–165:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում