2025
2025-06-30
Իսմայիլի շրջանի Գանձակ գյուղը գտնվում է շրջկենտրոնից 12,8 կմ հարավ-արևելք: Գյուղի բնակիչները գաղթել են Արցախի Դիզակ և Վարանդա գավառներից:
1861 թվականին Գանձակում եղել է 99 տուն հայ բնակչություն, իսկ 1865 թվականին` 120 տուն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, գյուղում եղել է 144 տուն հայ բնակչություն` 1037 բնակիչներով:
1912 թվականին Գանձակն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 240 տուն` 1444 բնակիչներով:
1918–1919 թվականներին գյուղը ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը:
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից փրկված գանձակցիները վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին Գանձակում եղել է հայաբնակ 60 տուն` 240 բնակիչներով: Մինչև 1950-ական թվականները գյուղում գործել է հայկական տարրական դպրոց:
1981 թվականին Գանձակում ապրել է 20 հայ բնակիչ: 1985 թվականի դրությամբ Գանձակում եղել է 6 հայ ընտանիք` 10 շնչով, որոնք բռնագաղթել են 1988 թվականի վերջին:
Գանձակ գյուղում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, կիսավեր և ձևափոխված վիճակում պահպանված էին դեռևս 1842 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մնացորդները։
1889 թվականից Գանձակում գործել է հայկական ուսումնարան, որի շինարարական արձանագրությունը հաղորդում էր.
«Յամի Տեառն 1889 շինեցաւ դպրոցս
Օժանդակութեամբ հայոց հասարակութեան
Գանձակ եւ Թօփի շէն գիւղօրէից»:
Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ ուսումնարանի շենքը հիմնավեր վիճակում է եղել:
Ուսումնարանի շենքի մոտ եղել է հին գերեզմանոց՝ 8-րդ դարով թվագրվող խաչքարերով: Ժամանակին տեղագիր Մ. Բարխուտարյանցն ընդօրինակել է դրանցից մեկի արձանագրությունը.
«Աստուած ողորմի Էխարին. ՄԹ (760) թվ.»:
Հին գերեզմանոցը՝ «Սուրբ Գանձակ» անվամբ, գտնվել է գյուղի հարավային կողմում և եղել է ուխտատեղի շրջակայքի հայ բնակչության համար:
Գանձակ գյուղի հյուսիսային կողմում գտնվող հիմնական գերեզմանոցում Ս. Կարապետյանի այցելության ժամանակ դեռևս պահպանված են եղել մի քանի խաչքարեր և 19–20-րդ դարերի շուրջ 500 արձանագիր տապանաքարեր:
Հինավուրց հայկական Գանձակ գյուղն այժմ անբնակ գյուղատեղի է:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 112–117: