2025

Նախիջևանի Բիստ գյուղը

2025-06-25

Ամենայն Հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին (1734-1737 թթ.) իր՝ «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր շահին պարսից» աշխատության մեջ[1] պատմում է Նախիջևանի Բիստ/Բուստ գյուղ կատարած այցելության մասին։ Նա եղել է Բուստի մեծ եկեղեցում, ելել է «աղաւնանման վանքը», որը գտնվել է բարձանիստ վայրում՝ շրջապատված ջրովի պարտեզներով և բարեբեր հողերով, առողջարար օդով, հանգստացել է այնտեղ, մոռացել ճանապարհի դժվարությունները։ Աբրահամ Գ Կրետացին երկու օր հյուրընկալվել է առաջնորդ Պետրոս վարդապետի մոտ, որը խոհեմ և բարեբարո այր էր:  

Ղևոնդ Ալիշանը գյուղը նկարագրելիս նշում է այնտեղ ապրող 100 ընտանիք հայերի մասին։ Այս գյուղից է սերվել Ղուկաս Բստեցին, Հովհան Որոտնեցու[2] և Գրիգոր Տաթևացու[3] աշակերտ Հակոբ Բստեցի վարդապետը, ում մասին հիշատակում է Գրիգոր Տաթևացին իր՝ «ՔԱՐՈԶԱԳԻՐՔ ԳՐԻԳՈՐԻ ՏԱԹԵՒԱՑՒՈՅ» ձեռագրում՝ գրված 1407 (ՊԾԶ) թվականին[4]։ Ըստ 14-17-րդ դարերում գրչագրված ձեռագրերի՝ Բիստում են գտնվել Սուրբ Նշան անապատը, Սուրբ Աստվածածին վանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին։ Աբրահամ Կրետացին Սուրբ Աստվածածին եկեղեցին էր անվանել «պատուական մեծ եկեղեցի», որը վերջին անգամ՝ 1877 թվականին, վերանորոգվել էր Բիստի բնակչության ջանքերով, իսկ այժմ հիմնովին ոչնչացված է ադրբեջանցիների կողմից։ Պետք է ընդգծել, որ Բիստի Սուրբ Աստվածածինը եղել է Նախիջևանի տարածաշրջանի ճարտարապետական հուշարձաններից ամենամեծը։ Աբրահամ Կրետացու հիշատակած «աղաւնանման վանքը՝ ադինասարաս (դրախտի նման)», Սուրբ Նշան անապատն էր, որտեղ գրչագրվել են հայերեն բազմաթիվ ձեռագրեր, մասնավորապես՝ Երևանի Մատենադարանում պահվող Ավետարանների (հմր․ 6257, 6531), Ճաշոցի (հմր 7481) բնագրերը։

Այս գեղատեսիլ գյուղն էլ՝ այժմ Բիստ[5] անունով, վարչականորեն մտնում է Նախիջևանի Օրդուբադի շրջանի մեջ։ Անվան նշանակության մասին եղած ենթադրությունները վկայում են բառի իրանական ծագման մասին և որևէ կապ չունեն թյուրքերենի հետ։ Ժամանակակից պարսկերենում «բիստ» նշանակում է «քսան» և, ըստ մի վարկածի, գյուղի հիմնադիրներն ու առաջին բնակիչները եղել են թվով քսան ընտանիքներ։ Գյուղանունը հիշատակվել է նաև Բուստ ձևով և, մեկ ուրիշ վարկածի, պարսկերենով նշանակել է «պարտեզ»։  

Ադրբեջանցիների կողմից վերջին հայ բնակիչները Բիստից տեղահանվել են 1989 թվականին։ Իսկ գյուղի մշակութային հարուստ ժառանգությունից մնացել են միայն երկու կամուրջները։ Առաջին կամուրջը, որը կառուցվել է Շահ Աբբաս I-ի օրոք և թվագրվում է 17-րդ դարով, գտնվում է Գիրան գետի վրա, իսկ երկրորդը՝ կառուցված ավելի ուշ, Մեսրոպավան գետի վրա է։

Գրականություն՝

Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Արգամ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, Գողթն գավառ, հ․ Գ, Երևան, 2007։

ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Մասն Առաջին, Հայկական ՍՍՌ ԳԱ, Երևան, 1955։

[1] Աբրահամ Գ Կրետացի, «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր շահին պարսից», 1870, էջ 78։

[2] 14-րդ դարի հայ աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ, Տաթևի համալսարանի հիմնադիր։

[3] 14-րդ դարի հայ աստվածաբան, փիլիսոփա, Հովհան Որոտնեցու աշակերտ։

[4] ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Մասն Առաջին, Հայկական ՍՍՌ ԳԱ, Երևան, 1955, էջ 73։

[5] Բիստ՝ ադրբ․՝ Bist։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում