2026

Ատրպատականն ու թյուրքախոսությունը

2024-10-22

Չնայած 11-13-րդ դարերում դեպի Իրան և Ատրպատական քոչվորական, հիմնականում՝ թյուրքախոս ցեղերի հոսք է եղել, սակայն տարածաշրջանում պարսկերենը մնում էր որպես գլխավոր գործածական լեզու։ Այնուամենայնիվ՝ իրանական մշակույթի, պարսկերենի ու տեղական բարբառների ծաղկմանը զուգընթաց՝ Ատրպատականում քոչվորական կյանքով ապրող թյուրքական ցեղերի ներքին շփման համար օգտագործվող թյուրքերենը շարունակում էր ընդլայնել իր սահմանները։ Հայտնի է, որ Իրանի Սեֆյան առաջին շահ Իսմայիլը բանաստեղծություններ էր գրում թյուրքերեն։

Իրանում Սեֆյան հարստության հաստումից սկսած (16-րդ դարի սկիզբ)՝ Ատրպատականում թյուրքախոսությունն սկսեց լայն տարածում ստանալ։ Դա որոշակիորեն կապված էր նաև շիականության տարածման հետ, քանի որ մեծ թվով շիա թյուրքախոս ղզլբաշական ցեղեր Փոքր Ասիայից գաղթել էին Իրան և օժանդակել Սեֆյանների իշխանության հաստատմանը։ Չնայած ղզլբաշ [Qizilbāš]՝ «կարմիր գլուխներ», հավաքական անվանմանը՝ թյուրքական էթնիկ այս ցեղախմբերն ընդհանուր ծագում չունեին։ Նրանց մեջ էին մտնում շամլու, ուստաջլու, թեքելլյու, ռումլու, բայաթ և այլ ցեղեր, որոնք միացել էին Իրանում իշխանության համար Սեֆյանների մղած պայքարին, դարձել նրանց դաշնակիցները։ Ղզլբաշները ձևավորեցին նորաստեղծ պետության ռազմական վերնախավը և ապահովեցին շահի անձնական պահակախումբը։ Այսպիսով՝ Սեֆյանների դարաշրջանը շրջադարձային էր թե՛ Իրանի կրոնական իրավիճակի փոփոխության, թե՛ թյուրքական ցեղերին Ատրպատականում բնակեցնելու և թե՛ թյուրքերենի օգտագործմանն ու տարածմանը նպաստելու առումով։

Լեզվի տարածումն ու փոփոխությունը երկար ժամանակամիջոց պահանջող գործընթաց է՝ հատկապես, եթե տարածքում չի փոխվում ժողովրդագրական պատկերը։ Տեղական իրանախոս բնակչությունը եկվոր թյուրքախոսների հետ շփվելու համար դանդաղորեն սովորում էր նաև նրանց լեզուն։ Թյուրքախոսների մի մասը տեղական կառավարող վերնախավն էր կազմում, իսկ մյուս մասը քոչվոր անասնապահներն էին՝ գրագիտության ցածր մակարդակով։ Վերջիններս ընդունակ չէին սովորելու տեղական իրանական լեզուները։

Այս ամենի հետևանքով Ատրպատականում թյուրքախոսությունը լայն տարածում ստացավ։ Այնուամենայնիվ՝ պետք է հաշվի առնել, որ ատրպատականցիներն իրանցիներ են, որոնք ունեն իրենց տեղական մանրամշակույթը, խոսում են ատրպատականյան թյուրքերենով, որը հակադրության մեջ չի գտնվում պարսկերենի հետ։ Ասել է թե՝ ատրպատականցիները կամ ազարիներն իրանական մշակութային ինքնությամբ թյուրքախոսներ են՝ նման Իրանում ապրող ցանկացած տեղական մանրամշակույթ ունեցող այլ ժողովուրդների՝ թալիշների, մազանդարանցիների, բելուջների և այլն։ Մինչդեռ այս երևույթը չի տարածվում Արաքսից հյուսիս ընկած Ադրբեջանի Հանրապետության վրա։ Ազարբայջան տեղանվան և ազարի ցեղանվան, լեզվանվան յուրացումը միտված է եղել ազգային և մշակութային ինքնության, քաղաքակրթական անցյալի և պատմության արհեստական ձևավորմանը։

Լուսանկարում՝ Թավրիզի կապույտ մզկիթ, Masjed -e Kabud, 15-րդ դար

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում