2026

Դավիթ Գարեջի․ նախընտրական մեղադրանքներ «Վրացական երազանք»-ի հասցեին

2024-10-21

2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Այդ երկրի նախագահն օգոստոսի 27-ին պաշտոնապես ազդարարել է քարոզարշավի մեկնարկը։ Իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ ցանկանում է սահմանադրական մեծամասնություն ձևավորել և քաղաքական դաշտից հեռացնել ամենամեծ ընդդիմադիր ուժ հանդիսացող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն ու նրան հարող քաղաքական մյուս ուժերին։ Ընդդիմադիր կուսակցությունների մի մասը, տարաձայնությունները մի կողմ դնելով, միասնական ցուցակներ է ներկայացրել, իսկ մյուսները՝ խորհրդարան անցնելու համար պայքարում են ինքնուրույն։

2020 թվականին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ուղերձներից մեկն էր՝ «Դավիթ Գարեջին Վրաստան է»։ Այն ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ նախկին իշխանությունն Ադրբեջանին է հանձնել Վրաստանից տարածք, այդ թվում՝ պատմական Դավիթ Գարեջի վանական համալիրը։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 7-ին, ձերբակալվել էին քարտեզագիրներ Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչովան[i]։ Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքային դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել նրանց, սակայն գործը մինչ օրս փակված չէ։ Վրացական կառավարությունը հայտարարել էր, թե քրեական այդ գործը պետական նշանակություն ունի։

2024 թվականի սեպտեմբերի 5-ին ընդդիմադիր «Բաթումելեբի» պարբերականը հրապարակել է քրեական գործով մեղադրվող, Վրաց-ադրբեջանական միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի փորձագիտական խմբի նախկին ղեկավար Իվերի Մելաշվիլիի հարցազրույցը, որում վերջինս նշել է, թե «2020-ին Դավիթ Գարեջիի հիշատակումն ուղղակի եղել է կեղծիք և քարոզչություն»։ Պարբերականը շեշտել է, որ այս քարոզարշավի ժամանակ կուսակցությունը Գարեջիի թեման ընդհանրապես չի հիշատակում՝ նշելով, թե «արդյո՞ք Գարեջին այլևս Վրաստան չէ»։

Մելաշվիլին իր հերթին ընդգծել է, որ «2020 թվականի ընտրություններից հետո այդ հարցում ոչ մի փոփոխություն չի եղել։ Ընդհակառակը՝ այդպիսի քարոզարշավով նրանք մեր հարևան-գործընկեր Ադրբեջանին զայրացրին։ Դա հանգեցրեց նրան, որ եթե նախկինում մեր ուխտավորները և զբոսաշրջիկները կարողանում էին բարձրանալ և անցնել լեռնաշղթան և մտնել խցեր, ապա այժմ նրանց չեն թողնում»։ Փորձագիտական խմբի նախկին ղեկավարը հայտնել է նաև, որ 2014-2015 թվականներրին այդ քարտեզը քննարկվել է․ «Մենք բոլորս բացատրել ենք, և նրանք դադարել են քննարկել այդ թեման, բայց ընտրություններից առաջ նորից բարձրացրին այն, որպեսզի խաբեն հանրությանը»։ Լրագրողի հարցին, թե ինչու «Երազանք-ն» այլևս չի հիշատակում Դավիթ Գարեջիի թեման, Մալաշվիլին պատասխանել է․ «Նրանք այլևս չեն կարող նույն հայտարարություններով խաբել մարդկանց․․․ Իմիջիայլոց, 2020 թվականի ընտրությունների ժամանակ «Քարտեզագիրների գործն» ավելի շատ աշխատել է «Երազանք»-ի դեմ, քան՝ հօգուտ նրա»։ 

Սեպտեմբերի 14-ին «Վրացական երազանք»-ի հիմնադիր, կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին քարոզարշավի հերթական հավաքներից մեկի ընթացքում հայտարարել էր, որ «ընտրություններից հետո պետք է ուժ գտնել և ներողություն խնդրել նրա համար, որ, ստացած հանձնարարականի համաձայն, 2008 թվականին դավաճան «Ազգային շարժումը» կրակն է գցել մեր օս քույրերին և եղբայրներին»։ Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է նաև, որ «տարածքային ամբողջականության վերականգնմանը պատրաստվելու համար» անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն ձևավորել, իսկ այդ վերականգնումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։

Իվանիշվիլիի նմանօրինակ հայտարարություններից հետո վրաց փորձագիտական և քաղաքական դաշտը սկսեց զուգահեռներ անցկացնել 2020 և 2024 թվականների քարոզարշավների միջև։ Եթե 2020 թվականին տարածքային ամբողջականության հարցն ու քարոզարշավը կառուցված էին Դավիթ Գարեջիի խնդրի և պատկանելիության շուրջ, ապա 2024 թվականին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի։

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որի կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, օրեր առաջ անդրադարձել է «Վրացական երազանք»-ին և նշել, որ 2020 թվականի «Գարեջին Վրաստան է» և ներկայիս քարոզարշավներն ընդամենը բլեֆ են՝ ձայներ ստանալու համար։ Գախարիան նշել է․ «Ինչու եմ ես մտածում, որ դա այդքան վտանգավոր է երկրի համար։ Որովհետև լավ հիշում եմ, և ցավալի է ինձ համար, որ եղել եմ դրա մասը և գիտեմ՝ ինչ է եղել «Գարեջին Վրաստան է» քարոզարշավի ժամանակ։ Այդ քարոզչության միակ արդյունքն այն եղավ, որ Դավիթ Գարեջիից ուղիղ 500 մետր այն կողմ կառուցվեց ռազմական մեծ բազա»։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Դավիթ Գարեջի վանական համալիրի պատկանելիության հարցով էական զարգացումներ չեն գրանցվել։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո թեման վրաց քաղաքական և լրատվական դաշտում գրեթե չի հայտնվել։ Ադրբեջանական կողմի հայտարարություններից տեղեկանում ենք, որ վրաց-ադրբեջանական 480 կիլոմետրանոց սահմանի 2/3-ն է համաձայնեցված։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե վրաց-ադրբեջանական սահմանին վիճելի հարցեր չկան․ կան չհամաձայնեցված հարցեր։

Դավիթ Գարեջի վանական համալիրը յուրօրինակ է՝ բաղկացած մոտ 20 վանքերից, որոնք սփռված են վրաց-ադրբեջանական սահմանով անցնող լեռնաշղթայի երկու կողմերում։ Համալիրի գլխավոր վանքը՝ Սուրբ Դավիթ եկեղեցին է, որն այժմ վրացական կողմում է։ Լեռնաշղթայի մյուս կողմում են մնացել Ուդաբնո, Չիչխիտուրի և Բերթուբանի եկեղեցիները, որոնք ներկայումս ադրբեջանական հսկողության տակ են։ Ադրբեջանը պնդում է, թե եկեղեցիները Աղվանքի մշակութային ժառանգությունն են և կապ չունեն Վրաստանի հետ։ Հարկ է նշել, որ սահմանի այդ հատվածը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար, ինչի վառ ապացույցն են այդ տարածքում կառուցված ռազմաբազան և ենթակառուցվածքների զարգացումը։ Ակնհայտ է նաև, որ պաշտոնական Վրաստանը Գարեջիի հարցում ակտիվություն չի ցուցաբերում՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական, ռազմական համագործակցությունն ու այլ հարցեր։

[i] Նրանք մեղադրվում էին Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման բանակցություններում Վրաստանի համար կարևոր քարտեզներ թաքցնելու համար։ Նշվում էր, թե քարտեզագիրները թաքցրել են 1937-38 թվականներին տպագրված բնօրինակ քարտեզներ՝ 1:200000 մասշտաբով, ինչի պատճառով վրացական հանձնաժողովը ստիպված է եղել օգտագործել 1970-80 թվականների 1:100000 և 1:50000 մասշտաբով քարտեզներ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում