2025
Ատրպատականը (հին պարսկերեն՝ Āturpatkān, միջին պարսկերեն՝ Āturpātākān, դասական պարսկերեն՝ Āḏarbāijān և Āḏarbāigān, ասորերեն՝ Aδorbāiγān, արաբերեն՝ آذربایجان, և դրա թյուրքականացված ձևը՝ Azerbaijan), ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող պատմական երկրամաս է։
Այժմ այն համընկնում է Իրանի Արևելյան, Արևմտյան Ատրպատական (պարսկերեն՝ Azarbāijān-e Sharqī, Azarbāijān-e Gharbī) և Արդաբիլ նահանգներին։ Ատրպատական տեղանունն առաջացել է Ատրոպատ առաջնորդի անունից։ Հնագույն ժամանակներից մինչև արաբական նվաճումն այս երկրամասը քաղաքական միավոր է եղել սկզբում Սասանյանների, ապա՝ Խալիֆայության տիրապետության տակ։ Այնուհանդերձ` տարածքի սիրտը եղել է Ուրմիա լճից արևելք գտնվող լեռնային երկիրը՝ հինավուրց ամառային Գանձակ քաղաքով, որը համընկնում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Թախթ-ե Սոլեյման քաղաքի հետ: Արաբների նվաճման ժամանակ Ատրպատականի մայրաքաղաքն Արդաբիլն էր, որը հայ պատմագիր Ղևոնդը վկայակոչում է «Արտավէտ» ձևով[1]։ Հետագայում գլխավոր կենտրոն դարձավ Թավրիզ/Թաբրիզ քաղաքը, հայկական աղբյուրներում՝ Դավրեժը։
Ատրպատական և հետագայում՝ փոփոխված Ազարբայջան, Ադրբեջան տեղանվանը այլ պատմություն էր սպասում 20-րդ դարի սկզբից: 1918 թվականի մայիսի 26-ին հռչակված «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետություն»-ը հետագայում վերանվանվեց «Ազերբայջանի Ժողովրդավարական Հանրապետություն»: Այս նոր կազմավորման մեջ էին իրանական նախկին խանությունները՝ ներառյալ Բաքուն, Շիրվանը, Գյանջան, Թալիշը, Դերբենդը, Ղուբան, որոնք Գյուլիստանի (1813 թվական) և Թուրքմենչայի (1828 թվական) պայմանագրերով միացվել էին Ռուսաստանին։ 1920-1921 թվականներին տարածաշրջանը խորհրդայնացվեց, և Խորհրդային Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը Անդրդաշնության կազմում 1922 թվականին միացվեցին Խորհրդային Միությանը։ 1936 թվականին Այսրկովկասի հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմում ներառվեցին իբրև առանձին միութենական հանրապետություններ։ 1937 թվականի Խորհրդային Ադրբեջանի Սահմանադրության մեջ ամրագրվեց նաև այդ երկրի պաշտոնական լեզվի անունը՝ «Azərbaycan dili - Ադրբեջանի լեզու, այսինքն՝ ադրբեջաներեն», մինչդեռ մասնագիտական գրականության մեջ մինչ օրս օգտագործվում է նաև ազերի ձևը (Azeri (brill.com), որն իրանական ազարի «ատրպատականյան, Ատրպատականին պատկանող» ածականական նշանակությամբ լեզվանվան թյուրքականացված տարբերակն է։ «Ազերին» ոչ միայն լեզվանվան, այլև ցեղանվան գործառույթ ստացավ Ադրբեջանում։
Իհարկե, 20-րդ դարում թե՛ վարչական միավորման համար Ադրբեջան անվան ընդունումը, և թե՛ լեզվի համար ազերի անվան կիրառումը քաղաքական ենթատեքստ ունեին, որի հիմքում Ատրպատականի և ատրպատականցիների պատմությունն ու մշակույթը յուրացնելու, «ադրբեջանական» արհեստական մշակութային ինքնություն ստեղծելու միտումն էր։ Կարևոր է արձանագրել, որ իրանցի ուսումնասիրողներն, անդրադառնալով Արաքսից հյուսիս նույնանուն վարչական միավորի ստեղծմանը, ազերի լեզվանվան և ցեղանվան կիրառմանը, ակադեմիական և հանրամատչելի գրականության մեջ քննադատել և համարել են դրանք հեռուն գնացող ծավալապաշտական քայլեր։
Ատրպատականն այն տարածքներից է, որը վաղնջագույն ժամանակներից մշտապես իրանական մշակույթի կրողը և իրանախոսության կենտրոնն է եղել և կա՝ չնայած այսօր իրանական բարբառների կողքին Ատրպատականում իր տեղն է գտել թյուրքախոսությունը։ Ինչ վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած Առան և Շիրվան երկրամասին, ուսումնասիրողները երբեմն միավորում են այս երկու հատվածներում թյուրքախոսության տարածման գործընթացները, մինչդեռ Ատրպատականում, Առանում և Շիրվանում այս գործընթացը տեղի է ունեցել տարբեր կերպ ու տեմպերով: Թյուրքախոսության տարածման մասին խոսելիս կարևոր է արձանագրել այն փաստը, որ նոր լեզվի՝ թյուրքերենի տարածումը քոչվորաբնակ հարթավայրերում և քաղաքային կենտրոններում տարբեր ընթացք է ունեցել․ առաջինում՝ արագ, իսկ երկրորդում, հանդիպելով մեծ դիմադրության, անցել է երկլեզվության, երբեմն՝ եռալեզվության փուլերը։
Ընդհանուր առմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև իրանական Սեֆյան իշխանության ավարտը, Ատրպատականի և Առանի թյուրքացումը հեռու էր ավարտված լինելուց, չնայած մինչ այսօր էլ այն ավարտված չէ։ Ընդ որում՝ Ատրպատականում գործ ունենք միայն լեզվական փոփոխության հետ․ մշակութային առումով այն լիովին իրանական է։ Հատկապես քննադատության չի դիմանում այն վարկածը, որ այդ տարածքներում թյուրքացումն իբրև ավարտվել է սելջուկների կամ մոնղոլների տիրապետության դարաշրջանի վերջում։
Նախաիսլամական Ատրպատականը զրադաշտականության կենտրոններից էր: Այստեղ՝ Թախթ-ե Սոլեյմանում, մինչ այսօր պահպանված է Ազարգոշնասպ կոչվող գլխավոր ատրուշաններից մեկը։ Սասանյանների իշխանությանը վերջնականապես մաս կազմելուց առաջ, լինելով անկախ կամ կիսանկախ՝ այս երկրամասը մշտապես իրանական մշակույթի և իրանախոսության կենտրոններից է եղել։
Հետիսլամական շրջանի Ատրպատականի, նաև Առանի, իրանական մշակույթի և իրանախոսության մասին առաջին վկայությունները, որոնցից մի քանիսն այժմ կներկայացնենք, պատկանում են արաբագիր աշխարհագիրներին։ Առաջինը մեջբերենք 8-րդ դարի արաբալեզու պարսիկ մատենագիր Իբն Մուկաֆֆայի († 759 թվական) հիշատակությունն այն մասին, որ փահլավին (խոսքը միջինիրանական բարբառների մասին է) եղել է նաև Ատրպատականի լեզուն: Այդ լեզվով խոսել են մի տարածքում, որն ընդգրկել է Իսֆահանը, Ռեյը, Համադանը, Մահ Նահավանդը և Ատրպատականը[2]։
10-րդ դարի հեղինակ Իբն Իստախրին († 957 թ.) գրում է, որ «Ազարբայջանում, Առանում խոսում են պարսկերեն (al-fāresīya) և արաբերեն»։ Հեղինակը նշում է նաև՝ «բացառությամբ Դաբիլ/Դվին քաղաքի շրջակայքի՝ այդ քաղաքի շրջակայքում խոսում են հայերեն, իսկ Բարդա/Պարտավ երկրում՝ առաներեն»[3]։
10-րդ դարի մյուս հեղինակ Ալ Մուկադդասին Ատրպատականը և Առանը համարում է երկրագոտիների բաժանման 8-րդ մաս։ Նա նշում է. «8-րդ գոտու լեզուներն իրանական են»[4]։ Եվ ինչպես արձանագրել է նաև հայտնի հետազոտող Ս․ Է․ Բոսվորտը․ «Արաքսից հյուսիս երկար ժամանակ պահպանվել է Առանի հստակ, ենթադրաբար իրանական խոսքը, որն Իբն Հաուկալը անվանել է al-Raniya»: Իբն Հաուկալը վկայակոչել է նաև «ալ-ազարիյա» իրանական լեզուն[5]։
Արաբ պատմագիր Ալ Մասուդին († 956 թվական) գրում է, որ պարսիկների բնակության սահմաններն են Մահաթի լեռները և Ատրպատականը, Առանը, Կապաղակն ու Դարբանդը, Ռայը, Տաբարիստանը, Մասքաթը, Շաբարանը, Գորգանն ու Աբարշահրը և Նիշապուրը, Հերաթն ու Մարվը և Խորասան երկրի այլ վայրերը, և Սիստանը, Քերմանն ու Ֆարսը և Ահվազը...։ Այս բոլոր հողերը ժամանակին եղել են մեկ թագավորություն՝ մեկ կառավարչով և մեկ լեզվով..., թեև լեզուն աստիճանաբար փոխվել է․․․։ Այնուամենայնիվ՝ լեզուն մեկն է, քանի որ նրա տառերը գրվում են նույն ձևով և օգտագործվում են նույն կերպ: Այսպիսով՝ տարբեր լեզուներ են՝ փահլավի, դարի, ազարի, սակայն բոլորն էլ պարսկերեն են[6]։ Այսինքն՝ Մասուդին վկայում է՝ 10-րդ դարում Առանում և Ազարբայջանում կամ Ատրպատականում միայն իրանական ներկայության մասին, մեջբերում տեղական իրանական լեզվի անունը՝ ազարի, և
նշում, որ Առանում, Դարբանդում կամ Պարտավում բնակչությունը խոսում է պարսկական, այսինքն՝ իրանական, լեզուներով։
Պատմությունը, որ գրի է առել Սամ'անին «Մաջմաʽ ալ-անսաբ» գրքում՝ գրված 12-րդ դարում, Աբու Զաքարիյա Խաթիբ Թաբրիզիի († 1109 թվական) և նրա ուսուցիչ Աբուլ-Ալա Մաʽառիի մասին, ևս մի հիշատակություն է 12-րդ դարում Ատրպատականի իրանական լեզվի գոյության մասին: Ըստ այդ նյութի՝ Խաթիբ Թաբրիզին, որը ծնունդով Ատրպատականից էր, Մաʽառայ ալ-Նումանում (Սիրիա), որտեղ ուսանում էր իր ուսուցչի` Աբուլ-Ալա Մաʽառիի մոտ, հանդիպում է իր հայրենակիցներից մեկին, որը մզկիթ էր մտել աղոթելու և խոսում էր ազարիով: Ուսուցչի թույլտվությամբ Խաթիբ Թաբրիզին զրույցի է բռնվում իր հայրենակցի հետ ազարի լեզվով[7]։
Նասեր Խոսրովի ճանապարհորդական նոթերում (11-րդ դար) ազարի կամ ատրպատականցի պոետ Ղաթրան Թաբրիզիի հետ հանդիպման մասին տեղ գտած պատմությունը ևս մի ապացույց է Ատրպատականի բնիկ իրանական լեզվի մասին: Նասեր Խոսրովի հանդիպումը Ղաթրան անունով բանաստեղծի հետ տեղի է ունեցել մոտավորապես 1059 թվականին Թավրիզում․ «Լավ բանաստեղծություն էր գրում, սակայն պարսկերեն լավ չգիտեր: Ինձ մոտ եկավ: Բերեց Մանջիկի և Դաղիղիի[8] ժողովածուները, կարդաց ինձ համար և անհասկանալի բառերի իմաստները հարցրեց, նրան բացատրեցի, և նա դրանք գրի առավ և վերջում իր բանաստեղծություններն ինձ համար կարդաց»[9]։ Նասեր Խոսրովի այն պնդումը, որ Ղաթրանը պարսկերեն լավ չգիտեր, խոսում է այն մասին, որ նա, լինելով բնիկ ազարիական բարբառի կրող, խորասանյան դասական պարսկերենը լավ չգիտեր ու այդ պատճառով էլ դիմել է Նասեր Խոսրովին:
Միջնադարյան աղբյուրագիտական հիշատակություններն Ատրպատականի իրանականության մասին կարևոր նյութ են առ այն, որ մինչև 11-րդ դարը թյուրքական տարրն այս երկրամաս դեռ չէր թափանցել։ Եվ նաև նշենք, որ հենց այդ ժամանակաշրջանից է սկսվում նաև պարսկերեն գրականության, պարսկախոս քաղաքակրթության, իրանական մշակույթի տարածման, ուժեղացման և զարգացման մի նոր փուլ․ միայն Սեֆյանների իշխանությունից հետո է, որ իրանական մշակույթի և լեզվի կողքին Ատրպատականում տարածվում է թյուրք-օղուզական լեզուն:
[1] Ղևոնդ, Պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Արամ Տեր-Ղովոնդյանի, խմբ.՝ Ս. Ս. Արևշատյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1982 թ․, էջ 87-88:
[2] Ebn al-Nadīm, Fehrest, v. 1, 2009, 1/1։ 32
[3] Zukā Yahya, Zabān-e āzarī”, in: Jestārhāyī darbāre-ye zabān-e mardom-e Āzarbāygān, Mahmud Afshār, Tehran, 1923։ 5․
[4] Moqaddasī, Aḥsan al-taqāsīm, Tehran, 1982։ 259․
[5] Bosworth C. E., Azerbaijan iv. Islamic History to 1941, in: EI, Vol. III, Fasc. 2-3։ 225․
[6] Mas‘ūdī, Kitāb al-tanbīh wa al-ishrāf, Tehran, 1894։ 78․
[7] Zukā Yahya, Zabān-e āzarī”, in: Jestārhāyī darbāre-ye zabān-e mardom-e Āzarbāygān, Mahmud Afshār, Tehran, 1923։ 6․
[8] 9-10-րդ դարերի իրանցի բանաստեղծներ։
[9] Khosraw Nāser, Book of travels, translation, introduction and annotation by W. M. Thackston. New York: Persian Heritage Series N 36, 1986։ 6․