2026
2024-09-23
Օրեր առաջ Ադրբեջանի Շամախիի Մեյսարի գյուղում կայացել է գինու և խաղողի փառատոն։ Ադրբեջանի Զբոսաշրջային գործակալության պաշտոնյա Քյանան Գուլուզադեն նշել է, որ «արդեն երկու տարի փառատոնում ներկայացվում է նաև բռնազավթումից ազատագրված տարածքների գինին»։
«Գինեգործական հնագույն ավանդույթներ ունեցող Ադրբեջանը մինչև վերջերս չէր կարողանում ներկայացնել իր խմիչքները միջազգային մակարդակում»,- փառատոնի մասին այսպես է գրում ադրբեջանական «Ազերթաջ» պետական գործակալությունը։
«Ադրբեջանն սկսել է արտադրել նոր գինիներ, որոնք փորձառու համտեսողների կարծիքով կարող են մրցակցել համաշխարհային ապրանքանիշերի հետ։ Հեռանկարային է Տող գյուղում աճեցված յուրատեսակ խաղողի՝ Խնդողնի գինին, որն արտադրվում է Հադրութում։ Խաղողի այս տեսակն ադրբեջանական գինեգործության այցեքարտերից մեկը կարող է դառնալ միջազգային ասպարեզում»,- նշված է հոդվածում։
Խոսքն Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մասին է։
Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով Արցախում հայկական նյութական ժառանգությունը համակարգված բռնայուրացվում կամ ոչնչացվում է, սակայն ոչ նյութական ժառանգության ոչնչացումը հաճախ այնքան էլ տեսանելի չէ։
Ոչ նյութական ժառանգության օրինակներից է արցախյան գինեգործական ավանդույթը, որը բռնազավթման հետևանքով այսօր վերացման վտանգի առջև է։ 2020 թվականից առաջ Արցախի Տող գյուղում, ինչպես նաև Հադրութի ու Մարտունու շրջանների մի շարք գյուղերում զարգանում էր խաղողի Խնդողնի տեսակի վրա հիմնված գինեգործությունը։ Այս բարձրակարգ տեսակից գինեգործները համահոտային հատկանիշներով առանձնացող, ամենաքմահաճ քիմքը գոհացնող գինիներ էին պատրաստում։ Ամեն տարի Տող գյուղում անցկացվում էր արցախյան գինու փառատոնը։ Զրկվելով իր բնիկ ու բնական միջավայրից՝ տեղական գինեգործության այս ավանդույթը փաստացի դադարել է գոյություն ունենալ։
Ավելին՝ Ադրբեջանը յուրացնում է ոչ նյութական ժառանգության այս նմուշը՝ այն ներկայացնելով ադրբեջանական գինեգործության ավանդույթ։ Եթե համաշխարհային գինեգործական հանրույթին քաջ հայտնի են վրացական գինեգործություն կամ հայկական գինեգործություն երևույթները՝ հնուց եկած ավանդույթներով, պատմական ու հնագիտական վկայություններով, ապա ադրբեջանական գինեգործությունը վերջին տարիների երևույթ է, և առայժմ խոսք չի կարող լինել «ադրբեջանական գինեգործական ավանդույթ»-ների մասին։
Իհարկե, Ադրբեջանի գործն է, թե ինչ տեսակի և ինչ ծավալի խաղող կաճեցնի, քանի լիտր գինի կպատրաստի ու կվաճառի, կզարգացնի, թե չի զարգացնի ոլորտը, սակայն փաստն այն է, որ հորջորջվող «խաղողագործական իրենց ավանդույթների» ստեղծումը տեղի է ունենում նաև հայկական գինեգործական ավանդույթի, պատմության ու փորձի յուրացման միջոցով։
Տողի գինեգործության յուրացումից բացի՝ Ադրբեջանի բռնազավթած տարածքներում են նաև խաղողի այգիները, գործարանները, հոսքագծերն ու պատրաստի գինին։ Հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ տարածված տեսանյութերում նույն ադրբեջանցի զինվորականներն էին իրենց վերահսկողության տակ անցած գյուղերում վնասում արցախյան կաղնուց պատրաստված գինու տակառները և ոչնչացնում հայերի՝ տարիների աշխատանքի արդյունքը։
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի