2025
ՄԱԿ-ի COP-ի բոլոր հանդիպումները կարևոր նշանակություն են ունեցել կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համար: Դրանցից որոշներն անգամ պատմական հետք են թողել՝ գլոբալ քաղաքականության և սկզբունքների տեսանկյունից: Այսպես՝ 1997 թվականի Կիոտոյի համաժողովը՝ Կիոտոյի արձանագրության ստորագրմամբ, 2015 թվականի Փարիզի համաժողովը՝ Փարիզի համաձայնագրի ստորագրմամբ։ Կարևոր էր նաև 2021 թվականին Գլազգոյում (Շոտլանդիա)՝ Մեծ Բրիտանիայում, անցկացված COP26-ը, որտեղ ստորագրվեց «Գլազգոյի կլիմայական պայմանագիր» անվանումով կլիմայական համաձայնագիրը, որը վերաբերում էր ածուխի օգտագործումը նվազեցնելու երկրների պարտավորությանն ու կլիմայական ֆինանսավորման ակտիվ մոբիլիզացմանը։
Փարիզի համաձայնագիրը սահմանեց գլոբալ գործողությունների ծրագիր՝ աշխարհը կլիմայի վտանգավոր փոփոխություններից զերծ պահելու համար՝ նպատակադրվելով սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 2°C: Համաձայնագիրը վերաբերում է կլիմայի փոփոխության մեղմմանը, հարմարվողականությանն ու ֆինանսներին։ Այս գործողությունների նպատակն է արագացնել էներգետիկ համակարգի անցումը դեպի ցածր ածխածնային և կլիմայական երևույթներին դիմակայող տնտեսական աճ:
2010 թվականին Կողմերի 16-րդ համաժողովում (Կանկուն 2010 թվական) զարգացած երկրները պարտավորվել են մինչև 2020 թվականը համատեղ մոբիլիզացնել տարեկան 100 միլիարդ ԱՄՆ դոլար՝ զարգացող երկրների կարիքները հոգալու համար: Կողմերի 21-րդ համաժողովի որոշումը (Փարիզ, 2015 թվական) ներառում էր նաև պարտավորություն՝ շարունակելու գոյություն ունեցող հավաքական մոբիլիզացման իրենց նպատակը մինչև 2025 թվականը: 2025 թվականին ակնկալվում է նոր նպատակի ընդունում:
Ըստ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ՄԱԿ-ի ԿՓՇԿ[1]-ի նպատակին հասնելու առաջընթացը գնահատող յոթերորդ զեկույցի՝ 2022 թվականին զարգացած երկրները տրամադրել և մոբիլիզացրել են ընդհանուր առմամբ 115,9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կլիմայական ֆինանսավորում զարգացող երկրների համար՝ առաջին անգամ գերազանցելով տարեկան 100 միլիարդ դոլարի նպատակը: Կլիմայական ֆինանսավորման նպատակի հասնելուն մեծապես նպաստեցին COP26-ին զարգացած երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները:
Հետևաբար՝ 2022 թվականից ի վեր Կողմերի համաժողովի անցկացման համար երկրի ընտրությունը, ըստ էության, կապված է անհրաժեշտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար կամ նույնիսկ ավելին գումարը մոբիլիզացնելու առկա հնարավորությունների և ներուժի հետ:
2024 թվականի ապրիլին Բեռլինում կլիմայի նախարարների հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է․ «Ֆինանսները պետք է լինեն այս տարվա կլիմայի քննարկումների առանցքային կետը»՝ ընդգծելով, որ «միայն պետական ֆինանսավորումը բավարար չի լինի»: Նա կոչ արեց որոշ զարգացող տնտեսություններին գումար հատկացնել՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
«Financial Times»-ի՝ ««Կլիմայի ֆինանսավորումը պետք է լինի COP29 գագաթնաժողովի առաջնահերթությունը»,- ասում են ՄԱԿ-ի ղեկավարները» (2024-03-14) հոդվածում ասվում է, որ այս տարի Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովը պետք է առաջնահերթություն տա ֆինանսներին և ֆինանսավորման նոր աղբյուրներ բացահայտի՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հայտնի են որպես կլիմայական խնդիրներով զբաղվող առաջնորդներ, արդեն նշել են, որ կլիմայի ֆինանսավորման մոբիլիզացիան այսուհետ ՄԱԿ-ի Կողմերի համաժողովի ցանկացած հանդիպման առանցքային խնդիրն է:
Այսպիսով՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանը ֆինանսապես բավականաչափ գրավիչ է՝ COP29-ն անցկացնելու համար։ Եվ պատասխանն է՝ այո՛: Նավթային երկիր Ադրբեջանը ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովից առաջ կլիմայական ֆինանսավորման հավաքագրման ուղղությամբ կատարել է իր առաջին խորհրդանշական քայլը: Իլհամ Ալիևը ստեղծել է այսպես կոչված «Կլիմայի ներդրումային հիմնադրամ՝ ապագայի համար»՝ մտադրվելով ձեռնարկել սպեկուլյատիվ գործարք՝ Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերության ներդրմամբ՝ նախատեսելով «առնվազն» 500 միլիոն դոլար հավաքել կանաչ նախագծերի համար: Ալիևն ակտիվորեն փնտրում է նաև բարեկամ երկրներ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել ստեղծված հիմնադրամում։ Մասնավորապես՝ նա պաշտոնապես հրավիրել է Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների ղեկավարներին՝ անհատապես մասնակցելու COP29-ին։
Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների վերջին խորհրդակցական հանդիպման ժամանակ Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևը կողմերին առաջարկել է միասնական դիրքորոշմամբ հանդես գալ COP29 հանդիպման ժամանակ և աջակցել այդ միջոցառմանը։ Սակայն ոչ մի երկիր դեռ չի հայտարարել նորաստեղծ հիմնադրամում ներդրումներ կատարելու իր պատրաստակամության մասին։ Ավելին՝ ոչ մի խոշոր նավթագազային ընկերություն չի խոստանում անել նույնիսկ նվազագույնը՝ կլիմայական քաոսը կանխելու համար:
Հարկ է նշել, որ կլիմայի հիմնադրամի գաղափարը նոր չէ։ Արաբական Միացյալ Էմիրությունները Դուբայում կայացած վերջին COP28-ի ժամանակ հայտարարեց 30 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամի մասին, որի նպատակն է մինչև 2030 թվականը կլիմայական գործողությունների համար մոբիլիզացնել 250 միլիարդ դոլար մասնավոր հատվածի ներդրումներ: Համեմատության մեջ՝ Ադրբեջանի հիմնադրամի գումարները բավականին համեստ են (500 միլիոն դոլար)։
Այսպիսով՝ COP29-ը պետք է կենտրոնանա անցյալ տարվա համաձայնագրով սահմանված հանածո վառելիքից հրաժարվելու և կլիմայի ֆինանսավորման նոր թիրախ սահմանելու խնդիրների ուղղությամբ: Ադրբեջանը պետք է աջակցի կլիմայական ֆինանսավորմանը։
Ակնհայտ է՝ COP29-ի հյուրընկալումը, խոշոր գումարների ծախսը, բարեկամ երկրներից ղեկավարների ու պատվավոր հյուրերի ընդունումը, միջազգային շրջանակներում լայնածավալ քարոզչությունը պատահական չեն և կոնկրետ նպատակ են հետապնդում։ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը համոզել, որ չնայած իր տնտեսության զգալի մասը կախված է նավթարդյունաբերությունից, այդուհանդերձ երկիրը նորագույն տեխնոլոգիաներ է ներդնում տնտեսության մեջ, մտահոգ է շրջակա միջավայրի պահպանությամբ և «կանաչ» ծրագրեր է իրականացնում։ Այս ամենն ունի քաղաքական, քարոզչական ենթատեքստ՝ փորձել աշխարհին ներկայանալ որպես առաջադեմ, տեխնոլոգիապես զարգացած, ժողովրդավարական, ոչ բռնապետական և մարդու իրավունքները հարգող պետություն։ Այսինքն՝ այս ամենն ամբողջովին տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի՝ տասնամյակների ընթացքում կառուցվող կեղծ տիրույթում։
Սակայն իրականությունն այլ է՝ Ադրբեջանի թե՛ տեխնոլոգիական, թե՛ տնտեսական, թե՛ էկոլոգիական և թե՛ ժողովրդավարության զարգացման մակարդակը գտնվում է ամենացածր նշաձողի վրա, և ալիևյան ռեժիմի օրոք այդ ոլորտներում որևէ էական ձեռքբերումներ չեն ակնկալվում։
Նազարյան Գևորգ
[1] Խմբ․՝ ԿՓՇԿ՝ Կլիմայի փոփոխության մասին Շրջանակային կոնվենցիա