2026
2024-08-26
Ադրբեջանցիների կողմից հայկական մշակույթի յուրացումն սկսվել է դեռևս խորհրդային տարիներին։ Միջնադարյան հայկական վանքերն ու եկեղեցիները, խաչքարերն ու տապանաքարերը և այլ կոթողներ ադրբեջանցի «գիտնականների» գրչի տակ հռչակվեցին իբրև աղվանական կամ թյուրքական ցեղերի մշակութային արժեքներ։ Ադրբեջանն, անտեսելով անգամ պատմական հուշարձանների վրա առկա հայատառ արձանագրությունները, փորձում է յուրացնել և ադրբեջանական ներկայացնել հայկական նյութական մշակույթը։
Նման ճակատագրի է արժանացել նաև հայոց եկեղեցաշինական ճարտարապետության գլուխգործոցներից՝ Քաշաթաղի տարածքում պահպանված Ծիծեռնավանքը։
Այսպես՝ 2020 թ․ վերջին ալիևյան ռեժիմը Ծիծեռնավանքում կազմակերպում է «թատերական մի ներկայացում» և դրա տեսաձայնագրությունը տեղադրում համացանցում։ Ադրբեջանում պատանդի կարգավիճակում գտնվող ուդի ժողովրդի մի քանի ներկայացուցիչներ՝ ադրբեջանցի զինվորականների վերահսկողության ներքո, կրոնական ծեսի իմիտացիա (նմանակում) են անում վանքում։ Նպատակը մեկն է՝ քարոզչական նման միջոցառմամբ վանքն աղվանական հայտարարել՝ հետագայում ադրբեջանական պատմամշակութային ժառանգության մաս հռչակելու հեռահար ծրագրով։
Սակայն, իրականությունը հետևյալն է։ Ծիծեռնավանքը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում (Բերձոր շրջկենտրոնից մոտ 30կմ հյուսիս-արևմուտք՝ Հակարի գետի արևմտյան վերին վտակ Աղավնո-Արքունագետի աջ ափին՝ Ծիծեռնավանք գյուղում)։ Միջին դարերից սկսած՝ վանքը հայտնի սրբավայր էր՝ նշանավոր Սուրբ Գևորգ բազիլիկ տաճարով (կառուցվել է 4-րդ դարում՝ հեթանոսական տաճարի հիմքի վրա), որի պատերին և շրջակա տարածքում եղել են հայկական արձանագրություններ[1]։
Ծիծեռնավանքը պատմության մեջ և ժողովրդի հիշատակումներում հայտնի է նաև Ագռավի գերեզման, Ագռավի տապան, Ծիծառնավանք և այլ անուններով։ 13-րդ դարի հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանն իր՝ «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ հայկական 10 վանքերի ու անապատների շարքում հիշատակում է նաև Ծիծեռնավանքը[2]։ Այն եղել է մեծ ուխտատեղի, ուր, հատկապես Համբարձման և Սուրբ Խաչի տոներին, այցելել են Սյունիք և Արցախ նահանգների բազմահազար հայ ուխտավորներ:
1993 թ․ Ծիծեռնավանքի տարածքն ազատագրվել է։ 1998-2000 թթ․ վանական համալիրի բակում կատարվել են պեղումներ, մաքրվել է տարածքը, հիմնանորոգվել եկեղեցին։ Սեղանատունը վերակառուցվել է, վերածվել թանգարանի, որտեղ պահվել են հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերը։
Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի
[1] Սեդրակ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, հատոր 5-րդ, Երևան, 1982, էջ 192-193։
[2] Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 197։