2025
Մարերը կամ մեդացիներն իրանական ժողովուրդ են, որոնք մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջին հաստատվել էին Իրանական բարձավանդակում։ Մարերի մասին հիշատակություններ կան ասորեստանյան, հունական, հայկական աղբյուրներում, ինչպես նաև՝ Աստվածաշնչում։ Ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի՝ ոմն Դեյոկես կարողանում է միավորել մարական ցեղերին և մ․թ․ա․ 7-րդ դարի առաջին կեսին հիմնում է Մարական թագավորությունը։ Կյուաքսարես արքայի օրոք (մ․թ․ա․ 624-585 թթ․) մարերը կարողանում են գրավել ու Մարաստանին միացնել Մաննայի թագավորությունը։ Ավելի ուշ, դաշնակցելով բաբելոնացիների հետ, նրանք մ․թ․ա․ 612 թվականին գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանում Ասորեստանյան տերությունը։ Սակայն Մարական թագավորությունը ևս երկար կյանք չի ունենում․ մ.թ.ա. 550 թվականին պարսից արքա Կյուրոսը կործանում է այն։
20-րդ դարում ի հայտ եկած և ազգային արմատների փնտրտուքի մեջ գտնվող ադրբեջանցիները, կեղծելով պատմությունը, մարերին ներկայացնում են իրենց նախնիներից մեկը։ Միակ «կռվանն» այն է, որ Մարաստան պետության կազմում է գտնվել նաև Ատրպատականի տարածքը։ Սա, բնականաբար, հակագիտական մոտեցում է․ մարերն իրանախոս ժողովուրդ էին։ Համաշխարհային գիտական միտքը միանշանակ կապ չի տեսնում մարերի և ադրբեջանցիների միջև։ Միայն ֆանտաստիկայի ժանրում գործող ադրբեջանական և հակագիտական այլ գրականության մեջ մենք կարող են նման տեսությունների հանդիպել։