2025
2024-08-09
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցի նախկին զինվորականների՝ բավական մեծ հնչեղություն ստացած ինքնասպանությունների դեպքերն Ադրբեջանն իր ներքին լսարանին ներկայացնում է՝ իբրև հոգեկան խանգարումներ ունեցող անձանց արարք։ Ստացվում է, որ «առողջական խնդիրներ ունեցող» անձինք, ոչ միայն եղել են պատերազմի մասնակիցների շարքում, այլև ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել են երկրի ղեկավարի հրամանով՝ որպես «հերոսներ»։
Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձում է երկրում տեղի ունեցածն այլ կերպ ներկայացնել, այնուամենայնիվ փաստերն այլ բան են վկայում։
1․ Վուսալ Մուսաև
Ադրբեջանցի հերթական զինվորականն, ով ինքնասպան է եղել Զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում, Վուսալ Մուսաևն է։ Ըստ վերջինիս եղբոր` Ռամին Մուսաևի՝ եղբայրն ինքնասպանությունը գործել էր խալաթի գոտու միջոցով հոսպիտալի լոգարանում: Հարկ է նշել, որ Վուսալ Մուսաևը պատերազմի այն մասնակիցներից էր, ով աչքի էր ընկել ռազմական գործողությունների ժամանակ և պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» մեդալով[1]:
2․ Ալիմ Մամմադով
Կապիտան Ալիմ Մամմադովը ծնվել էր 1989 թվականին։ Ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատներից մեկի հրամանատարն էր: Վերջինս ինքնասպան է եղել ատրճանակի միջոցով[2]:
3․ Ուլվի Իսգանդարով
1997 թվականին ծնված Իսգանդարովն ինքնասպանություն էր գործել Աղդաշի շրջանում։ Նախքան պատերազմը՝ նա աշխատել էր Բաքվի կազմակերպություններից մեկում՝ որպես անվտանգության աշխատակից, սակայն պատերազմից հետո նրան աշխատանքի չեն ընդունել:
Նախկին զինվորականի հայրը հարցազրույցի ժամանակ նշել էր, որ իր որդին, մեկ տարուց ավել է, ինչ չէր կարողանում աշխատանք գտնել: «Ինչ կարող եմ ասել, շատ ծանր է: Տղայիս մտահոգությունը գործազրկությունն էր: Չկար այնպիսի մի տեղ, որ նա չդիմեր: Մեր մտքով երբեք չէր անցնի, որ նման քայլի կդիմեր»[3]:
Իսկ Իսգանդարովի ընկերը՝ Ռոյալ Ալիևը, հավելել էր․ «Երկար կռիվ անցած, Ֆիզուլիի[4], Կուբաթլուի[5], Ջաբրայիլի[6] և Զանգելանի[7] մարտերում հերոսություն ցուցաբերած մարդուն մեդալի չեն արժանացրել»[8]: Ըստ նրա՝ ընկերոջ խնդիրները գործազրկությունն ու մեդալ չստանալն էր:
4․ Ռուֆաթ Նաբիզադա
Լեյտենանտ Ռուֆաթ Նաբիզադան ծառայել էր Ներքին գործերի նախարարության Ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում: Պատերազմից առաջ Նաբիզադան համալրել էր YAŞMA-ի կազմը: Իլհամ Ալիևի հրամանով՝ վերջինս պատգևատրվել էր «Ֆիզուլիի ազատագրման համար», «Ջաբրայիլի ազատագրման համար», «Շուշիի ազատագրման համար» և «Զինվորական ծառայության մեջ տարբերվելու համար» մեդալներով[9]:
5․ Էլչին Հուսեյնզադա
Խազարի շրջանի բնակիչ Էլչին Հուսեյնզադան 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցներից էր։ Հուսեյնզադայի մահվան մասին հայտնել էր «Երիտասարդ վետերանների հասարակական միության» նախագահ Հաջի Վալիևը: Ըստ նրա՝ ինքնասպանություն գործած զինվորականի գրպանում հայտնաբերվել էր նամակ, որը հանձնվել էր դատախազություն[10]:
6․ Նամին Մամմադով
Ենթասպա Նամին Մամմադովն ինքնասպանություն գործած ադրբեջանցի հերթական զինվորականն է։ Վերջինս ինքնասպան էր եղել իր տանը՝ արձակուրդում գտնվելու ժամանակ։ Հարկ է նշել, որ Մամմադովը ևս աչքի էր ընկել մարտերում, պարգևատրվել էր «Սուգովուշանի[11] ազատագրման համար» մեդալով[12]:
[1] news24.az, İntihar edən qazi Vüsal Musayev özünü hamam xalatının kəməri ilə BOĞUB- QARDAŞI DANIŞDI: https://news24.az/54743-gece-intihar-eden-shehidimiz-ozunu-hamam-xeleti-ile.html (Մուտք 15.07.2024):
[2] Sonxeber.az, Ürəyindən tapança ilə atəş açaraq özünü öldürən KOMANDİRİN YENİ FOTOSU: https://sonxeber.az/208009/ureyinden-tapanca-ile-ates-acaraq-ozunu-olduren-komandirin-yeni-fotosu (Մուտք 16.07.2024):
[3] Bizim.media, İntihar edən qazinin ATASI - “İş üçün baş vurduğu qapılar üzünə bağlandı”: https://bizim.media/az/cemiyyet/47096/ (Մուտք 16.07.2024):
[4] Հայկական՝ Վարանդա։
[5] Հայկական՝ Սանասար։
[6] Հայկական՝ Ջրական (Մեխակավան)։
[7] Հայկական՝ Կովսական։
[8] Bizim.media, İntihar edən qazinin ATASI - “İş üçün baş vurduğu qapılar üzünə bağlandı”: https://bizim.media/az/cemiyyet/47096/ (Մուտք 16.07.2024):
[9] Press.az, Xüsusi təyinatlı zabitimiz intihar edib – FOTOLAR: https://press.az/az/news/87903 (Մուտք 17.07.2024):
[10] Becan.az, Daha bir qazi özünə qəsd etdi - Cibindən məktub tapılıb – FOTO: https://becan.az/index.php?newsid=1691 (Մուտք 24.07.2024):
[11] Հայկական՝ Մատաղիս։
[12] Modern.az, Azərbaycan Ordusunun giziri İNTİHAR EDİB: https://modern.az/azerbaycan-ordusunun-giziriintihar-edib-/311934 (Մուտք 25.07.2024):