2025
«Արևմտյան Ադրբեջան» թեզի շրջանակներում ադրբեջանցիները շարունակում են տարածել հայատյացություն և ատելություն։ Նրանց թիրախում այս անգամ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղն է։
Որպես «Արևմտյան Ադրբեջան» հորինված թեզի տրամաբանության շարունակություն՝ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության համայնքների համար «նշանակել են իրենց մտացածին ղեկավարներին»։ Նրանցից է նաև ոմն Անատոլի Օրուջովը, ով ներկայանում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի Բասարքեչարի շրջանի Ջանահմեդ գյուղական համայնքի (խոսքը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական գյուղի մասին է) նախագահ։
Կուտական գյուղի «ադրբեջանցի ղեկավարը» ոչ միայն ղեկավարում է մտացածին համայնքը, այլև գրում է համայնքի պատմության մասին։ Օրուջովը գյուղի պատմությունը ներկայացնում է խեղաթյուրված փաստերով, հայատյացությամբ և թշնամանքով։ Հեղինակը նշում է, որ չնայած մինչ օրս գյուղի տարածքում հնագիտական պեղումներ չեն իրականացվել, և հնարավոր չէ ճշգրիտ տեղեկություններ տալ գյուղի հնագույն պատմության մասին, բայց, այնուամենայնիվ, այդ փաստը չի խանգարում նրան՝ «հաստատուն» եզրակացություն անելու։
Հայտնի է, որ գյուղը, մինչև 1969 թվականը, կոչվել է Ջանահմեդ, իսկ մինչև 1991 թ․՝ Գյունաշլի։ Սրան հակառակ՝ գյուղի տարածքում կա 12-17-րդ դարերի հայկական քրիստոնեական գերեզմանոց՝ խաչքարերով և դամբարաններով, իսկ գյուղի մոտակայքում պահպանվել է եկեղեցի։ Գյուղի հայկական գերեզմանոցն Օրուջովը ներկայացնում է որպես «նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Աղվանքի թուրքերի գերեզմանոց» և, որպեսզի համոզի իր ընթերցողին, թե ինչ կապ ունեն խաչերը թյուրքերի հետ, հավելում է, որ ժամանակին թյուրքերը օգնել են աղվաններին, իսկ այդ խաչերը նախաքրիստոնեական կրոնական ինչ-որ ծեսերի մաս են կազմել։
Այն, որ 11-րդ դարից սկսած թյուրքական տարբեր ցեղեր գաղթել են Հայաստան, Վրաստան, Իրան, Փոքր Ասիա և այլ տարածքներ, ժխտման անհրաժեշտություն չունի։ Վերջին հաշվով՝ այդ ցեղերն ուղղակիորեն չէին կարող մասնակցել ավելի քան 9 դար հետո ի հայտ եկած ադրբեջանական էթնոսի ձևավորմանը և որևէ առնչություն չունեն ադրբեջանցիների հետ։
Ըստ հեղինակի` նրա կողմից ներկայացվող ցեղերը մաս են կազմել կարա-կոյունլու ցեղային համադաշնությանը։
«Ինչպես և Արևմտյան Ադրբեջանի մյուս շրջանները, Ջանահմեդ գյուղը հնագույն ժամանակներից եղել է թյուրքական տարբեր ցեղերի նախնիների տունը, և նրանց հետքերը հասել են մինչև մեր օրերը»,-գրում է Օրուջովը։
Գյուղի դատարկվելը, հետագայում՝ նաև ադրբեջանցիներով համալրվելը, Օրուջովը կապում է խորհրդային շրջանում տեղի ունեցած այսպես կոչված «ադրբեջանցիների աքսորի» հետ (1945-1959 թթ․)՝ ներկայացնելով այն որպես Մոսկվայի աջակցությունը Հայաստանին։
Անժխտելի է, որ Խորհրդային Ադրբեջանում եղել են հայկական, իսկ Խորհրդային Հայաստանում՝ մուսուլմանական թյուրքախոս գյուղեր։ Կուտական գյուղը խորհրդային շրջանում հիմնականում թյուրքախոս մուսուլմանական է եղել։
Ըստ Օրուջովի՝ հայերը հայկականացրել են նաև գյուղի մշակութային ժառանգությունը, մի մասն էլ՝ ավերել, իսկ ադրբեջանցիներին իբրև թե վտարել են։ Սակայն իրականությունն այն է, որ 1988 թվականին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Խորհրդային Ադրբեջանի տարածք։
Հարկ է նշել․ որ նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանում տեղի էին ունենում հայերի զանգվածային ջարդեր ու տեղահանություններ։
Այսպիսով՝ անտեսելով սեփական ազգի վայրագ գործողությունները՝ հայկական Կուտական գյուղի «ադրբեջանցի ղեկավարը», խեղաթյուրելով պատմական փաստերը, հորինում է ադրբեջանական մի «նոր պատմություն»։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի