2026

Ադրբեջանցիների ժողովրդագրական տեղաշարժերը Խորհրդային Հայաստանից 1945-1959 թթ.

2024-06-04

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո նախատեսվում էր իրականացնել սփյուռքահայերի ներգաղթ Խորհրդային Հայաստան: Պոտսդամի կոնֆերանսում Թուրքիային բռնակցված հայկական տարածքները Խորհրդային Հայաստանին վերադարձնելու հար­ցը չլուծ­վեց: ՀԿ(բ)Կ­ Կենտկոմի ա­ռա­ջին քարտուղար Գրիգոր Հա­րութ­յուն­յա­նը, հայ­րե­նա­դար­ձութ­յան առիթն օգ­տա­գոր­ծե­լով, 1945 թ. նո­յեմ­բե­րի 14-ին նա­մա­կով դի­մում է Իոսիֆ Ստա­լի­նին՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը և Նա­խիջևա­նը Խորհրդային Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վո­րե­լու խնդրան­քով: Նա­մա­կն ա­նու­շադ­րութ­յան է մատնվում: Երկու տարի անց՝ 1947 թ. նո­յեմ­բե­րի 22-ին, Գ. Հարությունյանը մեկ­նում է Մոսկվա՝ հարցն անմիջապես Ստալինին ներկայացնելու համար:

­Հար­ցը «հան­գու­ցա­լուծ­վում» է Ադր­բե­ջա­նի Կոմ­կու­սի կենտկո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Միր Ջաֆար Բա­ղի­րո­վի հետևյալ ա­ռա­ջար­կութ­յամբ. «Ես Հա­յաս­տա­նից կտա­նեմ 120 հա­զար ադր­բե­ջան­ցի, իսկ դուք ըն­դու­նեք ձեր 100 հա­զար հա­յե­րին»:

Եր­կու քար­տու­ղար­նե­րի ստո­րա­գրութ­յամբ նա­մակ է հանձն­վում Ի. Ստա­լի­նին: Ադրբեջանը նպատակ ուներ վե­րաբ­նա­կեց­ման միջոցով իր բամբակագործական շրջաններում բնակչության թիվն ավելացնելու: Իր հերթին՝ Խորհրդային Հայաստանն ազատված բնակավայրերը կօգտագործեր՝ հայրենադարձներին բնակեցնելու նպատակով:

Նա­մա­կն ար­ժա­նա­ցավ ԽՍՀՄ ղե­կա­վա­րութ­յան հա­վա­նութ­յա­նը: Խորհրդային Հա­յաս­տա­նում, 1948 թ. հուն­վա­րի 1-ի դրութ­յամբ, ադր­բե­ջան­ցի­նե­րի թիվը կազ­մում էր 110-115 հա­զար մարդ, ո­րից 6 հա­զա­րը՝ քա­ղա­քաբ­նակներ (Երևան և Լե­նի­նա­կան)[1]: ԽՍՀՄ կառավարութ­յան 1948 թ. մար­տի 10-ի ո­րո­շմամբ՝ ման­րա­մասն ու հստակ մշակ­վել էին այն ար­տո­նու­թյուն­նե­րը, ո­րոնք տրվելու էին ադր­բե­ջան­ցի վերաբնակներին՝ Խորհրդային Հայաստա­նից մեկ­նե­լիս իրենց ու­նեց­ված­քի տեղափոխման և այլ իրավունք­նե­ր ա­պա­հով­ելու համար:

Ադր­բե­ջա­նում ԽՍՀՄ ­Նա­խա­րար­նե­րի խորհր­դի ո­րո­շում­ներն ըն­դուն­վե­ցին՝ որպես չա­փա­զանց կարևոր փաս­տաթղ­թեր՝ նպատակ ունենալով լուծել այդ հանրապետության առջև ծառացած կարևոր խնդիրները:

Հատ­կան­շա­կան է, որ վե­րաբ­նա­կե­ցու­մը կա­տար­վելու էր կա­մա­վո­րութ­յան սկզբուն­քի խստո­րեն կի­րառ­ման պայ­ման­նե­րում:

1948 թ. մինչև 1953 թ. հուն­վա­րի 1-ը Խորհրդային Հա­յաս­տա­նից Խորհրդային Ադր­բե­ջան տե­ղա­փոխ­վեց 44․168 մարդ (տա­նե­լով 14․365 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր անա­սուն, 46․919 գլուխ ոչ­խար ու այծ, 1․028 ձի, 1․314 էշ և շար­ժա­կան այլ ու­նեց­վածք):

Բազ­մա­թիվ տե­ղե­կութ­յուն­ներ կան այն մա­սին, որ մեծ թվով վե­րաբ­նա­կիչ­ներ զանգ­վա­ծա­բար վե­րա­դար­ձել են Խորհրդային Հայաստանի՝ ի­րենց նախ­կին բնակավայ­րե­րը: Ընդ ո­րում, վերադար­ձող­նե­րը հետ էին դառ­նում ա­ռանց որևէ միջոցի՝ Խորհրդային Ադր­բե­ջա­նում թող­նե­լով իրենց ունեցվածքն ու ա­նա­սուն­նե­րը: Ադրբեջանցի վե­րաբ­նակ­նե­րի նախ­կին տնե­րը հիմ­նա­կա­նում վա­ճառ­վել էին, իսկ կոլտնտեսություն­նե­րի մի մա­սը լու­ծար­վել էր, հիմնվել էին խորհտնտեսություն­ներ: Ուստի, մեծ դժվարություններ էին առաջանում՝ նրանց բնա­կա­րան­նե­րով, աշխատանքով ա­պա­հո­վե­լու հար­ցում: Խնդիրն ավելի էր բարդանում, քանի որ շարունակվում էր մեծ թվով ադրբեջանցիների ինքնակամ վերադարձը:

Ոչ լրիվ տվյալ­նե­րով՝ 1952 թ. հուն­վա­րի 1-ի դրութ­յամբ՝ Խորհրդային Հայաստան է վե­րա­դար­ձել շուրջ 500 ըն­տա­նիք, այ­սինքն՝ շուրջ 2 հա­զար մարդ:

Խորհրդային Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յունն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց ԽՍՀՄ ­Նախա­րար­նե­րի խորհր­դի առջև հարց բարձ­րաց­նել՝ Խորհրդային Հայաստանի ադրբեջա­նա­կան բնակ­չութ­յան վե­րաբ­նա­կե­ցու­մը դա­դա­րեց­նե­լու մա­սին: Այդուհանդերձ՝ 1952-1953 թթ. վերաբնա­կե­ցու­մը շա­րու­նակ­վել է: Միա­ժա­մա­նակ ա­ճում էր հետ վե­րա­դար­ձող­նե­րի թիվը (1954 թ. հոկ­տեմ­բե­րի 1-ի դրութ­յամբ այն կազ­մել է 2 հա­զար ըն­տա­նիք՝ 9 հազար մար­դ):

Խորհրդային Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րն ակ­տի­վո­րեն օ­ժան­դա­կում էին իրենց հայ­րե­նա­կից­նե­րի հետ վե­րա­դար­ձին, որը դժգոհություն էր առաջացնում Խորհրդային Հայաստանում: Ըստ ժամանակակիցների՝ Հա­յկական ԽՍՀ Կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Գ. Հա­րութ­յուն­յա­նը Ադր­բե­ջա­նի Կոմ­կու­սի կենտկոմի ա­ռա­ջին քար­տու­ղար Մ. Բա­ղի­րո­վի հետ 1952 թ. ու­նե­ցած հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյան ժա­մա­նակ կտրուկ շեշ­տել է. «Դուք եք ստի­պում, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը վերադառնան Հա­յաս­տա­նի՝ ի­րենց բնա­կա­վայ­րե­րը՝ խախ­տե­լով ո­րո­շու­մը»[2]:

Այնուամենայնիվ, Խորհրդային Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րն ա­մեն ջանք գոր­ծադ­րում էին՝ վերադարձողնե­րի հա­մար տա­նե­լի պայ­ման­ներ ստեղ­ծե­լու և նրանց տնտե­սա­կան գոր­ծու­նեութ­յան մեջ ներգ­րա­վե­լու ուղ­ղութ­յամբ:

1954 թ. հոկ­տեմ­բե­րի 6-ին Հա­յաս­տա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մը և Նա­խա­րար­նե­րի խոր­հուր­դը դի­մում են ԽՄԿԿ ­Կենտ­կոմ՝ վե­րա­դար­ձող­նե­րի հար­ցը լու­ծե­լու հա­մար: Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը, զանգ­վա­ծա­յին վե­րա­դար­ձը կան­խե­լու նպա­տա­կով, խն­դ­րում է թույ­լատ­րել՝ վե­րա­դար­ձող­նե­րին տե­ղա­վո­րել ոչ թե նախ­կին բնակավայրերում, այլ այն­տեղ, որ­տեղ առկա են բնակվելու պայմաններ՝ 5 տար­վա ըն­թաց­քում նրան­ցից գան­ձե­լով վե­րաբ­նա­կեց­ման գու­մար­նե­րը[3]:

1959 թ., Համամիութենական մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րով, Խորհրդային Հա­յաս­տա­նում բնակվում էր 107,8 հա­զար ադր­բե­ջան­ցի, ո­րը գրեթե հա­վա­սար էր 1948 թ.  ցու­ցա­նի­շին: Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի հա­մադ­րու­մը ցույց է տա­լիս, որ 1948-1954 թթ. հա­յաս­տա­նաբ­նակ ադր­բե­ջան­ցի­նե­րի թվա­քա­նա­կը, Խորհրդային Ադրբեջան վերաբնակեցնելու հետևանքով, գրեթե չի կրճատ­վել:

[1] Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 113, ց. 29, գ. 179, թ. 3, Հայոց պատմություն, հ. IV, գիրք երկրորդ, Նորագույն ժամանակաշրջան (1945-1991 թթ.), Երևան, 2016, էջ 100-106:

[2] Ավետիսյան Հ., Վիրաբյան Ա., Հարությունյան Կ., Գրիգոր Հարությունյան. Կյանքը և գործունեությունը, Երևան, 2000, էջ 232:

[3] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 34, գ. 62, թթ. 29-31:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում