2026

Նարդարան․ շիայականության կենտրոնն Ադրբեջանում․ խնդիրներ և ռիսկեր

2026-10-16

Նարդարանն Ադրբեջանի ամենահայտնի կրոնա-պահպանողական շիայական բնակավայրերից է՝ 8-10 հազար բնակչությամբ։ Գտնվում է Բաքվից ոչ այնքան հեռու՝ Ապշերոն թերակղզում։ Բնակչության գերակշիռ մասը շիա մուսուլմաններ են, կանանց զգալի մասը կրում է գլխաշոր։ Նարդարանում տարածված են եղել շիայական սիմվոլները, դրոշները, շիայական կրոնական ծեսերն ու արարողություններն անցկացվել են բնակչության լայն մասնակցությամբ։ 1991 թվականին այստեղ հիմնադրվել է Ադրբեջանի իսլամական կուսակցությունը, որն ուներ պրոիրանական կողմնորոշում և որի գործունեությունն արգելվել է 1995 թվականին։ Իրանական ազդեցությունը շիայականության միջոցով պայմանավորում է Նարդարանի զգայնությունը։ Պրոիրանականության ֆոնին այստեղ արձանագրվել են նաև ԱՄՆ և Իսրայելի դրոշների այրման դեպքեր, որոնք չեն արտահայտում Ադրբեջանի պաշտոնական արտաքին քաղաքականությունը։  

Նարդարանի կրոնական կշիռը մասամբ բացատրվում է նաև նրա հնագույն ուխտագնացության վայր լինելով։ Այս կրոնա-պատմական համատեքստը որոշ չափով բացատրում է, թե ինչու հենց այս բնակավայրն է վերածվել պետության դեմ ընդվզման խորհրդանիշի՝ ի տարբերություն Ադրբեջանի մյուս շիայական բնակավայրերի։ Դեռևս 2002 թվականի հունիսին Նարդարանում տեղի ունեցան առաջին զանգվածային բողոքի ցույցերը, թեև բողոքի պատճառը սոցիալական վատ պայմաններն ու բարձր գործազրկությունն էր։

Նարդարանի շիաների և Ադրբեջանի իշխանության միջև հակասությունն իր գագաթնակետին հասավ 2015 թվականի նոյեմբերի 25-26-ին, երբ Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն իրականացրին «Մուսուլմանական միասնություն» (ստեղծված՝ 2015 թ․ հունվարին) շարժման անդամների դեմ՝ որպես «զինված կրոնական ծայրահեղական խմբի»։ Արդյունքում՝ զոհվեց 7 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, ձերբակալվեցին 70-ից ավելի մարդիկ։ 2017 թվականի հունվարին ձերբակալվածներից 18-ը դատապարտվեց 10–20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության, անօրինական զինված խմբավորումների ստեղծման, սպանության և զենքի պահպանման մեղադրանքներով։

«Amnesty International»-ը այդ գործընթացը որակել է որպես արդարադատության «խեղաթյուրում»՝ մատնանշելով դատավարական խախտումներ և կալանավորված անձանց նկատմամբ խոշտանգումների հավաստի մեղադրանքներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք առանձին գործերով արձանագրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները։ Տեղական իրավապաշտպանները ձերբակալվածներին համարում են քաղաքական բանտարկյալներ։

«Նարդարանի դեպքից» հետո վերահսկողությունը խստացվեց․ արգելվեց արտասահմանում (հիմնականում Իրանում) կրթություն ստացած հոգևորականների ազատ գործունեությունը, սահմանափակվեց կրոնական խորհրդանիշների հրապարակային ցուցադրումը, ուժեղացվեց մզկիթների պետական վերահսկողությունը։

Քաղաքական պատկերն էլ ավելի խտացավ 2025-2026 թվականներին։ Իրան–ԱՄՆ–Իսրայել պատերազմի ֆոնին, ինչպես նաև՝ Իրան–Ադրբեջան հարաբերություններում պարբերաբար արձանագրվող լարվածության պայմաններում, Ադրբեջանում մուսուլման ակտիվիստների նկատմամբ հետապնդումների ռիսկերը ևս մեծացել են։ Նրանց դեմ հարուցված գործերում, ըստ իրավապաշտպանների, առաջադրվել են տարբեր մեղադրանքներ՝ ահաբեկչության հետ կապված հանցագործություններից մինչև թմրանյութերի ապօրինի շրջանառություն, որոնք իրավապաշտպան կազմակերպությունները գնահատում են որպես շինծու կամ անհիմն։

Նարդարանի շուրջ վերջին տարիների զարգացումներից է նաև Նարդարանի հարևանությամբ խաղատան կառուցումը։ Այս ամենը կարելի է որակել ինչպես իշխանության կողմից կրոնականության ճնշման ձև, այնպես էլ՝ որպես կրոնական զգայունության անտեսում։ Ընդ որում՝ խաղատան կառուցումն ուղեկցվել է բնակիչներին պատկանող հողատարածքների յուրացմամբ։ Խաղատան գործունեությունը, որը կապվում է նախագահ Ի. Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովին առնչվող «Sea Breeze» հանգստավայրի հետ, կարելի է դիտարկել նաև աշխարհիկ Ադրբեջանի և կրոնական Նարդարանի միջև ձևավորված հակադրությունների համատեքստում։ Խաղատների գործունեությունը թույլատրվել է 2025 թվականի հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ սահմանափակելով դրանց տեղակայումը Կասպից ծովի արհեստական կղզիներով։ Խաղատան տեղակայումը մի շարք փորձագետներ դիտարկում են որպես տարածքի խորհրդանշական վերափոխման միջոց, որով կարող է փոխակերպվել Նարդարանի սոցիալ-մշակութային միջավայրը՝ ուխտատեղիից՝ ժամանցի վայրի։

Հողերի բռնագրավման օրինականությունը վիճարկվել է դատական կարգով։ 2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Գանիևան և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով ապօրինի է ճանաչել Բաքվի գործադիր իշխանության որոշումը, որով դիմումատուների վարձակալած այգիները փոխանցվել էին Քյուրդախանիի համայնքին և վաճառվել մասնավոր ընկերության՝ 18 դիմումատուներից յուրաքանչյուրին սահմանելով 13 000 եվրո (ընդամենը՝ 234 000 եվրո) հատուցում։ Վճռում Նարդարանը չի հիշատակվում։

Մեկ այլ՝ ավելի տպավորիչ դեպք տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 20–21-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Ալիևին ուղեկցող արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին փողոցում, ըստ առկա տվյալների, հանդիպել է Գերմանիայում բնակվող Ալամդար Բունիաթովը։ Նա նախկինում եղել է Նարդարանի բնակիչ, անդամակցել է Ադրբեջանի իսլամական կուսակցությանը և ունի քաղաքական վտարանդու կարգավիճակ։ Բունիաթովը հետապնդել է ադրբեջանցի պաշտոնյաներին և նրանց ուղղել մեղադրական բնույթի հարցեր։ Առավել կարևոր է ոչ այնքան միջադեպի բովանդակային կողմը՝ հնչեցված հարցերն ու դրանց տրված պատասխանները, որքան դրա խորհրդանշական նշանակությունը։ Դեպքը ցույց է տալիս, որ շուրջ մեկ տասնամյակ առաջ Նարդարանում առաջացած խնդիրը քաղաքական ներկայություն է ձեռք բերում նաև արտերկրում։ Այս համատեքստում` Բունիաթովը հանդես է գալիս ոչ միայն որպես անհատ ընդդիմադիր, այլև՝ Նարդարանի բնակչության դժգոհության և այդ իրադարձությունների քաղաքական հիշողության կրող։ Նրա միջոցով Ադրբեջանի ներքաղաքական համակարգում երկար ժամանակ փակված թեման հայտնվում է Եվրոպայի հանրային տարածքում։ Միևնույն ժամանակ՝ Բունիաթովի բարձրացրած հարցերն ու շեշտադրումները չէին սահմանափակվում միայն Նարդարանի խնդրով և ընդգրկում էին Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը։ Մյուս կողմից՝ ուշագրավ է իշխանության ներկայացուցիչների հանգիստ վարքագիծը, որը կարելի է դիտարկել որպես ադրբեջանական իշխանությունների արտաքին հաղորդակցության մարտավարության դրսևորում․ այն միտված է ցույց տալու, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր մեղադրանքներին արձագանքել նաև միջազգային հանրային միջավայրում։ Սա հատկապես կարևոր է 2026 թվականի փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի համատեքստում, երբ նախագահ Ի․ Ալիևի թիկնապահները ծեծի էին ենթարկել ադրբեջանցի ընդդիմադիրների, ինչն էլ լայն արձագանք և սուր քննադատություն էր առաջացրել։

Իր հերթին իշխանամետ մամուլը ևս 2026 թվականի ապրիլին անդրադարձել է Նարդարանի խնդրին՝ այն կապելով Իրանի միջամտության հետ։ Հրապարակումներում նշվում է, որ Իրանի կրոնական իշխանությունները փորձել են Նարդարանը վերածել «կրոնական կանտոնի»՝ Ադրբեջանում աջակցելով «Մուսուլմանական միասնություն» շարժման ձևավորմանը։ Ըստ նույն աղբյուրի՝ «Մուսուլմանական միասնություն» շարժումը փորձել է փոխել Ադրբեջանի սահմանադրական կարգը։ Իշխանական մամուլն օգտագործում է «Իրանի հետ կապեր», «իրանական ազդեցություն» կամ «Իրանի հատուկ ծառայությունների հետ առնչություններ» ձևակերպումները՝ բնութագրելու Բունիաթովին։ Իշխանական նարատիվը հենվում է նաև 2018 թվականի հուլիսին Գյանջայում քաղաքի ղեկավարի դեմ մահափորձի և դրան հաջորդած անկարգությունների վրա, որոնք Բաքուն վերագրում է Իրանում ձևավորված «Հուսեյնիյուն» կոչվող խմբին։ Այս դեպքը Բաքվի կողմից ներկայացվում է որպես Իրանի կողմից Ադրբեջանում ապակայունացնող ցանցեր ձևավորելու վերաբերյալ պնդումների հիմնական հիմնավորում։ Միևնույն ժամանակ՝ անկախ դիտորդներն ու Նարդարանի հետ առնչվող ակտիվիստները կասկածի տակ են դնում Իրանի կողմից իրավիճակի «ուղղակի ղեկավարման» մասին թեզը՝ ընդգծելով, որ տեղի բնակչության կրոնական պահպանողականությունն ունի առավելապես տեղական և պատմական արմատներ և չի կարող ամբողջությամբ վերագրվել արտաքին միջամտությանը։ Այսինքն՝ վերջին երեք զարգացումները՝ խաղատան կառուցումը, բեռլինյան հարցուպատասխանը, իշխանական մամուլի անդրադարձը, վկայում են, որ 2025-2026 թվականներին Նարդարանի հարցը շարունակում է մնալ Ադրբեջանի ներպետական քաղաքականության և Իրանի հետ հարաբերությունների համատեքստում՝ դիվանագիտական-կրոնասիմվոլիկ, քարոզչական, ինչպես նաև՝ տնտեսական հարթություններում։ Միաժամանակ՝ դեպքը ներառում է քաղաքական վտարանդիության, կրոնական ինքնության և պետական վերահսկողությանը դիմակայելու փոխկապակցված մի շարք խնդիրներ։ Ընդհանուր առմամբ՝ Նարդարանը շարունակում է մնալ խորհրդանշական «ցուցադրական դեպք» ինչպես Ադրբեջանի իշխանությունների աշխարհիկության ու անվտանգային քաղաքականության, այնպես էլ՝ Բաքու-Թեհրան հարաբերությունների զգայունության համատեքստում։ Իրանա-ադրբեջանական հարաբերություններում (ինչպիսին էր 2026 թ. մարտի 5-ին Նախիջևանի օդանավակայանին անօդաչուների հարվածը) ցանկացած սրացում անմիջապես արտացոլվում է նաև ներքին անվտանգային քաղաքականության մեջ՝ հատկապես շիա-կրոնական համայնքների նկատմամբ։

Թեև 2015 թվականի «Նարդարանի դեպքերից» հետո այն մեծապես կորցրել է կրոնական-քաղաքական դիմադրության կենտրոնի իր նախկին նշանակությունը, սակայն այսօր էլ Նարդարանը շարունակում է պահպանել իր խորհրդանշական դերը։

Ուստի՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում ցանկացած լարվածություն կարող է կրկին «արթնացնել» Նարդարանի շիայականության խնդիրը, ընդ որում՝ ոչ միայն երկրի ներսում, այլև՝ ընդդիմադիր վտարանդիության մեջ՝ ածանցվելով Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրայնությանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում