2025

Նախիջևանի Գյանզա (Գանձակ) հայկական գյուղը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գյանզա գյուղը[1]՝ հայկական Գանձակը, գտնվում է Օրդուբադի շրջանում՝ կենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք՝ նույնանուն գետի ափին։ Երբեմնի հայկական գյուղն այսօր ունի 1500 թյուրքական՝ «ադրբեջանցի» բնակիչ։

Ըստ ադրբեջանցի «հետազոտողների»՝ Գյանզա անունն արաբերեն kenisa՝ «եկեղեցի» բառի աղավաղված տարբերակն է, իսկ գյուղի մոտակայքում գտնվող համանուն լեռան[2] շրջակայքում կան սրբավայրի ավերակներ: Իրականում դրանք Սինեական անապատ վանքի ավերակներն են։ Այն եղել է միջնադարյան Գողթնի նշանավոր մշակութային կենտրոններից մեկը։ Այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր՝ Ժամգիրք, Ավետարաններ։ Գյանզա անունով մեկ այլ գյուղ էլ գտնվում է Ադրբեջանի Իսմայիլի շրջանում, և ադրբեջանցի «հետազոտողներն» այս տարածքում ևս նշում են քրիստոնեական հնագույն սրբավայրի գոյության մասին։ Գյանզա տեղանվան նման բացատրությունն արդեն խոսում է գյուղ(եր)ի քրիստոնյա բնակչության և տարածքի հայկական էթնիկ պատկերի մասին։

Լեզվական առումով այս տեղանվան բացատրությունը կապվում է հայերեն «գանձ» բառի հետ[3]։ Հայտնի է, որ այն իրանական հին փոխառություններից է և դարձել է հայերենի բառապաշարի անքակտելի մաս։ 

17-րդ դարում Նախիջևանի Գանձակը եղել է կաթոլիկ հայերի կենտրոններից մեկը։ Նախիջևանի հայ կաթոլիկ բնակչությունը ենթարկվել է բռնի մահմեդականացման, նրանց թվում՝ մասամբ նաև Գանձակի բնակչությունը։ Գանձակում գործել է երկու վանք և մեկ եկեղեցի։ Ա․ Այվազյանը, մեջբերելով Երվանդ Լալաեանի ուսումնասիրությունը, նշում է, որ 19-րդ դարի վերջերին Գանձակում կիսախոնարհված վիճակում դեռևս կանգուն էր հինավուրց Սուրբ Հակոբ եկեղեցին, որը ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից։

Ղևոնդ Ալիշանը հրապարակել է Սուրբ Հակոբ եկեղեցու խաչքարի վիմագիր արձանագրությունը․

Խաչս յիշատակ, թվ ՌԻԵ (1576):  

Գրականություն՝

Ա․ Այվազյան, Նախիջանի վիմագրական ժառանգությունը, Գողթն գավառ, հ․ Գ, Երևան, 2007

Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1898․

[1] Հայկական Գանձակը ներկայիս ադրբեջանական Գյանզա գյուղն է՝ ադրբեջ՝ Gənzə։

[2] Գյուղի մոտակայքի համանուն լեռն ադրբեջանցիներն անվանում են Gənzədağ։

[3] Նաև՝ Գանձակ քաղաքի անունը, թրք․՝ Gəncə։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում