2025

Նախիջևանի հայկական Քաղաքիկ գյուղը

Նախիջևանի հայկական Քաղաքիկ[1] գյուղն այժմ կոչվում է Քալաքի և գտնվում է Օրդուբադ քաղաքից 10-11 կմ հյուսիս՝ Արաքսի ձախակողմյան վտակ Վանանդի աջ ափին՝ սարահարթի վրա փռված այգիների մեջ։ Ի․ Շոպենը գյուղանունը հիշատակել է Կյոլակի (Келаки) ձևով և նշել գյուղի եկեղեցու մասին։

Գյուղանվան հիմքում հայերեն «քաղաք» բառն է՝ -իկ վերջածանցով, իսկ ադրեբեջաներեն «քալաքի» ձևը հայերեն «քաղաքիկ» բառն է։ Հր․ Աճառյանը հայերեն «քաղաք» բառի առաջացումը կապում է Ասորեստանի նշանավոր մայրաքաղաք Kalak-ի հետ։ «Գիտենք, որ «քաղաք» նշանակող բառերն ունեն «բարձունք կամ ամրություն» նշանակությունը, և հայերեն «քաղաք»-ը դրվում է արաբ․ qal‘a, վրաց․ kalaki, միջին պարսկերեն՝ karāk ձևերի հետ մի շարքում»։

Թերևս գյուղի «քաղաքիկ» նշանակությունը կարող էր կապված լինել այն հանգամանքի հետ, որ վերջինս ծառայել է Ագուլիսի մեծահարուստներին որպես ամառանոց։ Ըստ հայ ազգագրագետ Երվանդ Լալայանի՝ 19-րդ դարում կառուցված են եղել Գևորգյանների և Սանթուրյանների տոհմական ապարանքները։ Ամառանոց հիմնելու համար այն պետք է ունենար զով կլիմա, որին կարող էր նպաստել դրա բարձրադիր լինելը։

1829-32 թվականներին բնակավայրն ուներ 94, 1873 թվականին՝ 257 և 1906 թվականին՝ 428 հայ բնակիչ, որոնք զբաղվել են այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։

1873 թվականին այստեղ բացվել և մինչև 1917 թվականը ընդմիջումներով գործել է հայոց քառամյա երկսեռ ծխական դպրոցը։

19-րդ դարի վերջերին Քաղաքիկում կանգուն է եղել Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Եղել է նաև 1441 թվականին կանգնեցված արձանագիր խաչքար՝ համապատասխան վկայությամբ։ Քաղաքիկի հյուսիսարևելյան կողմում եղել է Սուրբ Սարգիս մատուռը։ Այս բոլոր հայկական, քրիստոնեական հուշարձանները այլևս չկան․ ոչնչացվել են ադրբեջանցիների կողմից։

Գողթնի Քաղաքիկի հայերը բռնագաղթել են 1930-ական թվականներին, որից հետո գյուղն ադրբեջանականացվել է։

Գրականություն՝

Հր․ Աճառյան, Հայերեն արմատական բառարան, Հատոր 4, Երևան, 1979։

Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, կազմ․ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հ․ 5, Երևան, 1986։

 И. Шопен, Исторический памятникъ Состоянıя Армянской-области въ эпоху ея присоединения къ Россıйской-имперıи, Санктпетербургъ, 1852․

Ա․ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հ․ Գ, Գողթն գավառ, Երևան, 2007։

[1] Գյուղն այժմ կոչվում է Քալաքի, ադրբեջ․՝ Kələki։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում