2025
Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի հայկական Արծվանիկ բնակավայրի մասին «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի 1898 թվականի համարի (թողարկում 25-րդ) երկրորդ բաժնում տեղեկություններ է հաղորդում Ե․ Մելիք-Շահնազարովը։
Ըստ հոդվածագրի՝ գյուղը կոչվում է Երիցվանիկ, որն իր անունն ստացել է գյուղից ոչ հեռու գտնվող Երիցակավանքի (Ерицакаванк, Ерицака) անունից: Վանքը կառուցվել է կարմիր կրաքարից և կոչվել է նաև Կարմիր վանք։ Հայ նշանավոր պատմագիր Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ այն կառուցվել է 11-րդ դարում Երիցակ եպիսկոպոսի կողմից։ Արծվանիկը, լինելով վանքի սեփականությունը, ծառայել է որպես վանական միաբանության ձմեռային կեցության վայր: Հոդվածագիրը նշում է, որ գյուղական գերեզմանատանը կանգուն էր հին եկեղեցին: 18-րդ դարի սկզբներին Ֆաթհ Ալի խանն ավերում է գյուղն ու կործանում վանքը։ Հեղինակը տեղեկություններ է հաղորդում Արծվանիկում ծնված դավաճան Մելիք-Ֆրանգյուլի մասին ևս, որը սպանվել և թաղվել է գյուղից հեռու՝ ընդհանուր գերեզմանոցից առանձին։
Ե․ Մելիք-Շահնազարովը կարևոր տեղեկություններ է տալիս 1882 թվականին գյուղում բացված մեկդասյա դպրոցի, ինչպես նաև գյուղի բնակիչների սննդակարգի, առօրյայի և կենցաղի մասին։
19 գյուղական համայքներից բաղկացած Զանգեզուրի գավառի երրորդ ոստիկանական տեղամասի՝ աչքի ընկնող հինգ գյուղերից մեկն էր Արծվանիկը։ 1893 թվականի դրությամբ՝ գյուղն ուներ 114 տուն՝ 910 հայ բնակիչներով։ Հոդվածագիրը նշում է, որ Արծվանիկի բնակիչների բարբառը գրեթե չէր տարբերվում Շուշիի հայերի բարբառից։
Հերթական ականատես ժամանակակցի ճշգրիտ փաստագրումները կրկին վկայում են երկրամասում հայերի տեղաբնիկ լինելու մասին, որոնց էթնիկ պատկերի վրա չեն ազդել նույնիսկ օտար տիրապետողները:
ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղն է։
Լուսանկարը՝ hetq.am-ի