2025
Գետաշենը (Չայքենդ) Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլ գավառի հայկական գյուղերից էր։ Գյուղի դպրոցի տեսուչ Ֆ. Ի. Ջեյրանովը Չայքենդի պատմությունն ու էթնիկ պատկերը ներկայացնում է 1898 թվականին հրատարակված «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» պարբերականի (թողարկում 25-րդ) երկրորդ բաժնում։
Հոդվածագիրը նշում է, որ Չայքենդ գյուղն իր անվանումը կրում է տեղանքի՝ գետի ափին գտնվելու պատճառով։ Գյուղի անունը կազմված է գետ և գյուղ բաղադրիչներից, այլ կերպ՝ Գետաշեն (Гедашен)։
Գյուղի մասին Ֆ. Ի. Ջեյրանովին տեղեկություններ է հաղորդել Գետաշենի 90-ամյա բնակիչ Պետրոս Տեր-Ակոպովը։ Վերջինիս նշել է, որ ռուսական բանակի գեներալ Ցիցիանովի կողմից Գանձակի գրավման ժամանակ չայքենդցիներն ապրել են Ջրաբեդում (Чра-перт) և ենթակա էին Շուշիի խանին։ 900 տուն ջրաբերդցիներ իրենց կառավարիչ Մելիք-Առուշանովի հետ տեղափոխվում են Գանձակ, ուր ապրում են 3-4 տարի։ Խիստ շոգերի պատճառով 400 տուն վերաբնակվում է Ոսկանապատ (Воски-Анапат, կրճատ՝ Скнапат) գյուղում։ 100 ընտանիք նորից վերադառնում է Ջրաբերդ։ Ոսկանապատում վերաբնակվածները 2-3 տարի անց որոշում են վերադառնալ Ջրաբերդ։ Ճանապարհին նրանք հանդիպում են դատարկ գետնափոր տների Չայքենդ գյուղում։ Տեղանքը դուր է գալիս նրանց և 206 տնով մնում են այդտեղ։ Նկարագրվող ժամանակահատվածում բնիկ չայքենդցիները մելիք Սարգիս Մնացականովի հետ պատսպարվել էին Գանձակում։ Նրանցից միայն 7 տունն է վերադառնում Չայքենդ։
Հոդվածագիրը գրում է, որ տեղանքի հուշարձաններից դատելով՝ գյուղը գոյություն է ունեցել ավելի քան 250 տարի։ Ռուսական տիրապետության շրջանում գյուղն աստիճանաբար ընդարձակվել է Ելիզավետպոլի նահանգի Շուշի, Ջևանշիր, Ջաբրայիլ և այլ գավառներից եկածների հաշվին։
1886 թվականի վիճակագրության համաձայն՝ Չայքենդն ուներ 437 տուն՝ 2627 հայ բնակչով, որոնցից՝ 1371 տղամարդ և 1256 կին։ Գյուղի տանուտերերից հիշատակվում է Գրիգոր Եպիսկոպոսովի անունը։
Չայքենդի և շրջակայքի տեսարժան վայրերից հիշատակության են արժանի Ավագ Սուրբ Նշան (Авак-Сурп-Нишан) կամ Նահատակ (Нахатак) մատուռը, Դուլուզի (Дулузи-ванк), Եղնասար (Егнасар), Կուսակալ (Кусакал), Միջի (Мечи-ванк), Երի (Ери-ванк), Մուրթունիսա-եղիցի (Муртуниса-егеци) վանքերը։ Նրանից միայն Եղնասար և Երի վանքերն են գործող․ մյուսներն ամայի են ու լքված։
Ինչպես տեսնում ենք, ազգությամբ ոչ հայ, սակայն ականատես ժամանակակցի այս վկայությունները փաստում են երկրամասում հայերի տեղաբնիկության մասին։
Գետաշեն գյուղը 1991 թվականին, «Օղակ» գործողության արդյունքում, անցել է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ։