2025

Վարդաշենի հայկական պատմական բնակավայրերը․ Հակոբի շեն

Արևելյան Այսրկովկասի հայկական հայտնի բնակավայրերից մեկը Հակոբի շեն գյուղն էր: Մինչև 1918 թվականը հայաբնակ այս գյուղը գտնվում էր շրջկենտրոն Վարդաշենից (1989 թվականից` Օղուզ) շուրջ 20 կմ հարավ: Դեռևս միջնադարից սկսած՝ գյուղը գավառի խոշոր ու ծաղկուն բնակավայրերից էր։

Նշանավոր տեղագիր Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը 19-րդ դարի վերջին այս գյուղի գյուղամիջի գերեզմանոցում ընդօրինակել և իր «Աղուանից երկիր և դրացիք» գրքում հրատարակել է Ճալեթի վանքում աթոռակալած Աղվանից Արիստակես կաթողիկոսի տապանաքարի արձանագրությունը.

«Սուրբ խաչս բարեխօս է

Ըրստակէս կաթուղիկոսին է»:   

Ուշագրավ այս փաստը վկայում է այն մասին, որ դեռևս 15-րդ դարում Հակոբի շեն գյուղը հայաշատ բնակավայր է եղել:

Գյուղի բնակչությանը հաջողվել է դիմակայել 18-րդ դարի կեսերին Շաքիի Հաջի Չելեբի խանի սկսած կրոնական հալածանքներին: Նույն դարի վերջին բնակչությունը համալրվել է արցախցի վերաբնակիչների հաշվին: Այդ մասին է վկայում Վարանդայի Ավետարանոց գյուղից այստեղ եկած ոմն Ավետիսի տապանաքարը` գյուղի հարավակողմի գերեզմանոցում.

«Այս է դաբան Ավէդարանոցէցի խոճա

Քասբարի թոռնը, Սարքինի որթի,

Հանկուցեալ դալլաք Ավեդիսի

դապան է, օվ որ կարթա մեկ բերան

ասէ Աստուած ողորմի ուսդա Ավեդիսի,

ի թվին ՌՄԾԵ (1806 թվականին)»:

Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի այցելության ժամանակ գյուղն ունեցել է 155 ծուխ հայ բնակչություն` արական 485, իգական 440 մարդ։ 1886 թվականին գյուղն ունեցել է 1126, իսկ 1914 թվականին՝ 1357 հայ բնակիչ:  

Գյուղամիջի Սուրբ Մինաս և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները չեն պահպանվել: Ներքին թաղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Հարություն բեկ Սիլիկյանի ծախսերով․ դա երևում է գյուղամիջի գերեզմանոցում գտնված նրա տապանաքարի արձանագրությունից.

«Այս է տապան Սուրբ Գրիգոր Լու-

սաւորիչ եկեղէցույ շինութիւնը

պատճառ է եղեալ Յարութիւն

եթ… նն Եաղուբլու գեղջ, վխճ. 1898 ամի,

…64 ամաց հասակում»: 

Գյուղում երկու եկեղեցիների առկայությունը խոսում է այն մասին, որ 19-րդ դարի վերջին այն բավական մեծ բնակավայր է եղել:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված են եղել գյուղի երկու գերեզմանոցները` գյուղամիջում և գյուղի հարավակողմում` սարալանջին: Գյուղամիջի գերեզմանոցում նա ընդօրինակել է 20-րդ դարի սկզբին գյուղի տանուտեր եղած Աթանես Թոմասյանի տապանաքարը` հետևյալ արձանագրությամբ.

«Այս է տապան Նեմետապակի Աթանես

Թոմասեան, ապրեցա 68 տարի,

Տանուտէրութիւն արի լրիւ 6 տարի:

Տաճիկները ցրեւ տւան մեզ

1905 թ.: Եաղուբլում Եթարանց Կասապետի տնում»:

Գյուղում պահպանվել են նաև հայ բնակիչների քարաշեն տները: 1918 թվականի ամռանն այս գյուղի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի հայ բնակչությունը կոտորվել է թուրք-թաթարական ուժերի կողմից։ Ներկայումս գյուղը կոչվում է Յաղուբլու և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում