2024

Շաքիի հայկական պատմական բնակավայրերը․ Արաշ

Արևելյան Այսրկովկասի հայկական բնակավայրերից նշանավոր էր Արաշ ավանը, որտեղ հայերը բնակություն էին հաստատել դեռևս միջնադարում։ 15–17-րդ դարերում Կուրի ձախափնյակում, Շամախի և Շաքի քաղաքներից հետո, այն երրորդ խոշոր քաղաքն էր և Այսրկովկասում մետաքսի արդյունահանման կարևոր կենտրոններից մեկը: Տեղացի հայերը զբաղվում էին նաև այգեգործությամբ ու խաղողագործությամբ։ Քաղաքի Արաշ անվանմանը զուգահեռ՝ հնուց ի վեր նրան տրվել է նաև Հայկական շուկա (Էրմանի Բազար) անունը, ինչը վկայում է, որ այն հայկական բնակավայր է եղել:

Արաշի Սուրբ Եղիշե եկեղեցին կառուցվել էր 1279 թ., ինչպես հաղորդում է շինարարական արձանագրությունը. «Ի քահանայապետութեան տէր Ստեփաննոսին (Աղուանից), զշինող եկեղեցւոյս զտէր Յովհաննէս յիշեցեք ի Քրիստոս, նաեւ զծնողսն եւ զեղբարն իւր ՉԻԸ (1279) թուին»:

Տեր Հովհաննեսն է կառուցել նաև եկեղեցու գավիթը. «Յաշխարհակալ տէրութեան Ապաղայ խանին եւ ի հայրապետութեան տէր Ստեփաննոսին. եւ ի պարոնութեան Նորադինին եւ Սրաջադինին եւ Գուրզադինին, ես տէր Յովհաննէս շինեցի զգաւիթս յիշատակ ինձ եւ եղբարց եւ ծնողաց իմոց ՉԼԳ (1284) թվին»:

 Աղվանից կաթողիկոսների Գավազանագրքի համաձայն` տեր Ստեփանոսը կաթողիկոս է եղել 1262–1323 թթ.: 13-րդ դարում Արաշում հայկական եկեղեցու հիմնադրման փաստը վկայում է, որ այն հայաշատ բնակավայր է եղել:

Անգլիացի նշանավոր ճանապարհորդ և վաճառական Էնթոնի Ջենկինսոնը, որն 1560-ական թվականների սկզբներին եղել է Շիրվանում և այցելել նաև Արաշ, իր ուղեգրության մեջ այդ քաղաքի մասին հիշատակել է որպես բարգավաճ առևտրական քաղաք։

19-րդ դարում բնակավայրը մաս էր կազմում Ելիզավետպոլի նահանգի Արաշ կամ Արեշ գավառի։ 1914 թ. այն ամբողջությամբ հայաբնակ էր և ուներ 323 բնակիչ, իսկ 1917 թ.՝ 50 տուն հայ բնակիչ: Գյուղի բնակչությունը խոսում էր Արեշ-Հավարիքի բարբառով։ 1918 թ. ապրիլին Արաշի բնակչությանը հրամայվում է ընդունել իսլամ, սակայն բնակիչների մերժումից հետո թաթար հրոսակների կողմից գյուղն ավերվում է:

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գյուղում բնակություն են հաստատել կովկասյան թաթարները: Բնակավայրն այժմ մտնում է Ադրբեջանի Հանրապետության Եվլախի շրջանի կազմի մեջ:

 Արաշի Սուրբ Եղիշե եկեղեցին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ոչնչացվել է տեղի հայկական գերեզմանոցի հետ միասին: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ավերված հայկական հինավուրց գերեզմանոցի տարածքում գտել է 16-րդ դարի մի սալատապան` հետևյալ արձանագրությամբ.

«Այս է հանգիստ ննջեցելոցս Ումուր խաթունին,

Թվական ՌԺԲ (1563)»:

Նույն գերեզմանոցի տարածքից նրա հայտնաբերած երկրորդ տապանաքարն արդեն վերաբերում էր 19-րդ դարի սկզբներին.

«Այս է դապան Արաշու …

[Բա]զարցի Տէր Կարապետեան Տէր …

ՌՄԿԹ (1820) թվին»:

20-րդ դարի վերջին Արաշի հայկական գերեզմանոցից հրաշքով պահպանված այս երկու տապանաքարերն այն եզակի վկայություններն էին, որոնք փաստում էին հայկական ներկայության մասին:

Հարկ է նշել, որ այս բնակավայրից է եղել Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Մելքիսեթ Արաշեցին, որն, ըստ Աղվանից կաթողիկոսների Գավազանագրքի, Գանձասարի վանքի հայրապետ է հիշվում 1593 թվականին:

 

Գրականություն

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Հակոբյան Հ., Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932:

Մաղալյան Ա., Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսների գավազանագիրքը, «Պատմաբանասիրական հանդես», 2008, թիվ 3, էջ 268–271:

Ստեփանյան Գ., Նուխի և Արեշ գավառների հայության կոտորածներն ու ինքնապաշտպանությունը (1917 թ. դեկտեմբեր – 1918 թ. ապրիլ), «Էջմիածին», 1996, թիվ Ա, էջ 105–123։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում