2024

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն Ադրբեջանում. իշխանության վերարտադրման ալիևյան մեթոդը

-Լցրո, լցրո, շա'տ լցրու, շո'ւտ արա։
-Ախր, չի լինում. անցքը նեղ է։
-Նեղ չէ, որ 10-10  խցկես, էլի չի մտնի։

Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեցին օրեր առաջ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում ընտրելու իրավունք ունի շուրջ 6 միլիոն 421 հազար 960 քաղաքացի, իսկ 125 պատգամավորական մանդատների համար պայքարում էին 990 թեկնածուներ։ Ինչպես և սպասվում էր, ընտրությունների արդյունքներով խորհրդարանում առաջատար է Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը՝ պատգամավորական 68 մանդատներով։ Եվս 44 տեղ ստացել են «անկախ պատգամավորները», որոնք իրականում իշխանության կամակատարներ են, իսկ 12 տեղ զբաղեցրել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք իրական ընդդիմություն չեն համարվում: Միայն մեկ մանդատ ստացել է ընդդիմադիր «REAL» կուսակցության ներկայացուցիչը։ «Ադրբեջանի ժողովրդական ուժերի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հերթական անգամ բոյկոտել է ընտրությունները, իսկ «Մուսավաթ» կուսակցությունից որևէ պատգամավոր չի ընտրվել:

Նման արդյունք իշխանությունները կարողացել են ապահովել վարչական լծակների կիրառման, ավանդական ընտրախախտումների միջոցով՝ լցոնումներով, «կարուսել» կոչվող ընտրակեղծման տեսակով: Այս ամենը տեղի է ունեցել՝ խոչընդոտելով և սահմանափակելով լրատվամիջոցների, ակտիվիստների, ընդդիմադիրների, դիտորդների գործունեությունը։ Մինչև ընտրություններն՝ ընդդիմադիրների գործունեությունը խոչընդոտվել էր ընտրաշավի ընթացքում, իսկ խախտումների մասին բարձրաձայնող «Մուսավաթ» կուսակցության դիտորդներից մեկին ոստիկանությունն ուղեկցել էր բաժին:

Ինչպես 2024 թվականի փետրվարի նախագահական արտահերթ ընտրություններն, այնպես էլ խորհրդարանական այս ընտրություններն անցկացվել են առանց ԵԽԽՎ դիտորդների։ Վերջիններիս չհրավիրելու քայլը Բաքուն պատճառաբանել է նրանով, թե իբր Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ կանխակալ քաղաքականություն են վարում։ ԵԽԽՎ դիտորդները կկարողանան հետևել Ադրբեջանի ընտրություններին, երբ վերականգնվի Ադրբեջանի մանդատը (2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն չէր վավերացրել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները)։

Ընտրություններում ուշագրավ էր նաև այն, որ քվեարկությանը մասնակցությունը եղել է 37,27%: Սա խոսում է այն մասին, որ ընտրությունների արդյունքների կանխորոշված լինելու և երկրում սոցիալ-տնտեսական պայմանների դրական փոփոխության ակնկալիքի բացակայության պայմաններում ադրբեջանական հասարակության զգալի հատվածը պարզապես շահագրգռված չէ քվեարկությանը մասնակցել: Ընդ որում՝ ըստ ընդդիմադիրների՝ մասնակցության ցուցանիշն իրականում ավելի ցածր է եղել, քան պաշտոնապես հայտարարվել է: «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչների բնորոշմամբ՝ որոշ ընտրատեղամասերում ժամերով ընտրողներ չեն եղել։

«Առանձին ակտիվիստների ջանքերով միայն որոշ շրջաններում է եղել ընտրողների հարաբերական ակտիվություն։ Իրականում քվեարկությանը մասնակցությունը եղել է 10 %-ից էլ պակաս՝ 7-8 %, սակայն այս ցուցանիշը ձեռք է բերվել ոչ թե կամավոր մասնակցության, այլ՝ վարչական ճնշման միջոցով։ ԿԸՀ-ի հայտարարած մասնակցության մոտ 38 %-ն իրականության հետ որևէ աղերս չունի»,- հայտարարել է ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։

Քաղաքացիական իրավունքների ինստիտուտի տնօրեն Բաշիր Սուլեյմանովի դիտարկմամբ՝ քվեարկությանն ընտրողների ցածր մասնակցության պատճառներից մեկն էլ բնակչության անվստահությունն է, որ ընտրությունները կանցկացվեն արդար: «Երկրորդ՝ Ղարաբաղյան պատերազմից հետո բնակչությունը տնտեսությունում դրական փոփոխություն, կենսապայմանների բարելավում էր ակնկալում, սակայն դա տեղի չունեցավ, իսկ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները միայն խորացան: Երրորդ՝ չկա մրցկացություն և այլընտրանք»,- ընդգծել է Սուլեյմանովը։

Վերջին տարիներին արտահերթ ընտրությունների անցկացումն Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորինս անխոչընդոտ վերարտադրվելու միջոցներից մեկն է։ Այս կերպ 2018 և 2024 թվականներին անցկացվել են նախագահական, իսկ 2020 և 2024 թվականներին էլ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը պատճառաբանվում էր նրանով, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների համաժողովին (COP-29) ընդառաջ խորհրդարանը «պետք է գործի լիարժեք»: Իրականում՝ արտահերթ ընտրություններով իշխանությունները փորձում են բացառել մրցակցությունը՝ ընդդիմադիրներին որևէ կերպ այդ ընտրություններին պատրաստվելու հնարավորություն չտալով: Մյուս կողմից, քանի որ հասարակության դժգոհությունը գնալով խորանում է, Ալիևը ցանկանում է հնարավորինս արագ ապահովել իր դիրքերը նաև խորհրդարանում:

«Ազգային ճակատը սեպտեմբերի 1-ի ընտրություններն ընտրություն չի համարում, այլ՝ էժանագին ֆարս, որի ելքը կանխորոշված և պլանավորված էր՝ Իլհամ Ալիևի անձնական ցանկություններին համապատասխան»,- ընտրություններն այսպես է բնորոշել ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը նաև բոյկոտել էր 2015 և 2020 թվականների խորհրդարանական ընտրությունները։ Կուսակցության Գերագույն խորհուրդը ընտրությունների բոյկոտումը բացատրել էր նրանով, որ «երկրում ավելի քան 300 քաղբանտարկյալներ դեռ ազատ չեն արձակվել, հավաքների ազատություն չկա, ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանության լիակատար վերահսկողության ներքո, անհնար է վերահսկել քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացն, ազատ մամուլը ոչնչացված է, հնարավոր չէ ընտրությունները վերահսկել անկախ տեղական դիտորդներով, ազատ մրցակցությունն ու ընտրական միջավայրը բացակայում են»։

Ընտրություններում մրցակցության բացակայության մասին է խոսել նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ «Այս ընտրությունները տեղի ունեցան քաղաքական և իրավական սահմանափակ միջավայրում, որն իրական բազմակարծության հնարավորություն չի ընձեռում»,- ընդգծվել է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունում։

 Ադրբեջանի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները՝ միջազգային հանրությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար։ Ըստ էության՝ Ադրբեջանի իշխանությունները շարժվում են բռնապետության ամրապնդման ուղղությամբ և գործնական քայլերից զուրկ միջազգային ցանկացած արձագանք որևէ կերպ չի կասեցնելու այդ գործընթացը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում