2024
Ադրբեջանում ընդդիմադիրներն, ակտիվիստներն ու լրագրողները մշտապես ենթարկվում են հետապնդումների և բռնությունների: Հայատյացությունն ալիևյան ռեժիմի ձեռքին դարձել է գործիք՝ իշխանությունը պահպանելու համար և հովանավորվում է պետական մակարդակով։ Իսկ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ խաղաղության կոչերով, ձերբակալվում են։
Բոլորովին վերջերս Ադրբեջանում բավականին մեծ արձագանք գտավ ակտիվիստ, քաղաքագետ Բահրուզ Սամադովի ձերբակալությունը: Ըստ ակտիվիստի փաստաբան Զիբեյդա Սադըգովայի՝ Սամադովին ձերբակալել են, քանի որ վերջինս հանդես էր եկել խաղաղության կոչերով և Ադրբեջանի կառավարությանը մեղադրում էր Հայաստանի հետ իրական խաղաղություն չցանկանալու մեջ:
Ակտիվիստի ձերբակալման մասին մանրամասն տեղեկություններ է հաղորդում վերջինիս ընտանիքի անդամներից մեկը՝ Զիբայդա Օսմանովան: Ըստ նրա՝ օրեր առաջ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության վեց աշխատակիցներ, թմրանյութ փնտրելու պատրվակով, ներխուժել են իրենց բնակարան, սակայն ոչինչ չհայտնաբերելով՝ վերցրել են Բահրուզին պատկանող երկու հեռախոս, երկու համակարգիչ, Լոմոնոսովի համալսարանի դիպլոմը և այլ փաստաթղթեր:
Վերջերս Սաբաիլի շրջանային դատարանը ձերբակալված քաղաքագետ Բահրուզ Սամադովի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է 4 ամսով կալանավորումը: Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով, այն է՝ պետական դավաճանություն: Այսինքն՝ մեղադրվող անձը կարող է դատապարտվել 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկման: Սամադովը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և ասել է, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել:
Բահրուզ Սամադովը բավականին ակտիվ է եղել նաև սոցիալական ցանցերում՝ կատարելով բազմաթիվ հրապարակումներ: Ադրբեջանական հասարակական որոշ շրջանակներում զայրույթ էր առաջացրել երիտասարդ ընդդիմադիրի հետևյալ գրառումը․
«Բլոկադան (շրջափակումն) Ադրբեջանի սիրելի քաղաքականությունն է: 1989-1991 թվականներին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին բլոկադայի, հրետակոծվեց Ստեփանակերտը, մահացան անմեղ մարդիկ: Բնական է՝ քարոզչությունը և ազգային ինքնությունն անտեսում են սրանք»:
«Ադրբեջանցի ժողովրդի ողջ գոյությունը կախված է հայատյացությունից: Միանշանակ այդպես է: Առանց հայերի` ադրբեջանականությունը կորցնում է գոյաբանական բոլոր հիմքերը, տեղը զբաղեցնում է տեղաբնիկների (խմբ․՝ նկատի ունի տեղաբնիկ թաթերին, թալիշներին, լեզգիներին, ուդիներին և այլն) ինքնությունը»:
Բահրուզ Սամադովը նույնիսկ X-ի իր էջում տեղադրել է հայկական տարազի վերաբերյալ լուսանկարներ՝ դրանով իսկ հակառակվելով հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու Ադրբեջանի քաղաքականությանը: Ավելին՝ Սամադովը բազմիցս իր էջում կիսվել է այնպիսի գրառումներով, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության իրողությունը:
Պարզապես խաղաղություն պահանջելու համար ակտիվիստ Բահրուզ Սամադովը և բազմաթիվ քաղակտիվիստներ ենթարկվում են քրեական պատասխանատվության, իսկ ատելության, հայատյացության քարոզը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական մարմինների կողմից վարվող հիմնական քաղաքականության մասը։
Ծաղրանկարը՝ Գյունդուզ Աղաևի