2025
2024-06-19
Օրեր առաջ Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սիյավուշ Հեյդարովն ասել է, թե իբր Ադրբեջանում ազգային և կրոնական համերաշխությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Նա, սակայն, հաշվի չի առել ալիևյան ռեժիմի խտրական քաղաքականությունը ազգային ու կրոնական փոքրամասնությունների և այլախոհների նկատմամբ։ Այդ մասին են ահազանգել նաև բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ:
Ալիևյան ռեժիմին սպասարկող անձինք փորձում են կարծիք ձևավորել, թե իբր Ադրբեջանում հարգվում են բոլոր ազգությունների և կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները։ Սակայն, իրականությունը լրիվ այլ է: Ադրբեջան պետությունը ստեղծվել է մի տարածքում, որտեղ հնուց ի վեր ապրել են բնիկ ժողովուրդներ՝ թալիշներ, թաթեր, լեզգիներ, ավարներ և այլք: 1918 թվականին՝ Ադրբեջանի Հանրապետության ստեղծումից հետո, իշխանությունները բռնաճնշումների և ձուլման քաղաքականություն են վարել նրանց նկատմամբ, որը շարունակվել է նաև խորհրդային և հետխորհրդային ժամանկաշրջանում: Հետևաբար՝ այդ ազգերի ներկայացուցիչների թիվը կրճատվել է կամ էլ հատուկ քիչ է ցույց տրվել: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունիսի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունում բնակչության թիվը կազմում է 10 միլիոնից ավելի մարդ: Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության 91,6 %-ը էթնիկ ադրբեջանցիներ են, լեզգիները (180,3 հազար՝ 2 %), ռուսները (119,3 հազար՝ 1,3 %), թալիշները (112 հազար՝ 1,3 %), ավարները (49,8 հազար՝ 0,6 %), մեսխեթցի թուրքերը (38 հազար՝ 0,4 %), թաթարները (25,9 հազար՝ 0,3 %), թաթերը (25,2 հազար՝ 0,3 %), ուկրաինացիները (21,5 հազար՝ 0,3 %), ցախուրները (12,3 հազար՝ 0,1 %), վրացիները (9,9 հազար՝ 0,1 %), հրեաները (8,9 հազար՝ 0,1 %), քրդերը (6,1՝ հազար 0,1 %), ուդիները (3,8 հազար՝ 0,04 %) և այլք: Սա այն դեպքում, երբ, 1921 թվականի տվյաներով, Խորհրդային Ադրբեջանում ապրող թալիշները, քրդերը, պարսիկները և այլ ժողովուրդներ կազմել են Ադրբեջանի բնակչության 15%-ը[1]:
Հարկ է նշել, որ պաշտոնական վիճակագրության մեջ արհեստականորեն նվազեցվում են ազգային փոքրամասնությունների ստույգ թվական տվյալները, ինչպես լեզգիների և թալիշների դեպքում: Նրանցից շատերին պարզապես ներկայացնում են որպես ադրբեջանցի։ Այսպես՝ լեզգիների վերաբերյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խումբը իր զեկույցում նշում է, որ նրանց թվաքանակը թեև 2009 թ. մարդահամարի տվյալներով 180,3 հազար է, սակայն այս թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել ներկայացվածից։
Ադրբեջանում լեզգիները ենթարկվում են բռնաճնշումների․ նրանց պարտադրում են մոռանալ իրենց պատմությունը, լեզուն, սովորությունները և ձուլվել ադրբեջանական ինքնությանը, որպեսզի տնտեսական և կրթական բնագավառներում խուսափեն խտրական վերաբերմունքից: Որոշ փորձագետներ պնդում են, որ լեզգինների թիվն Ադրբեջանում ավելի մեծ է՝ մոտ 250,000-260,000 մարդ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում ապրող իրանախոս թալիշներին, ապա նրանք հիմնականում շիա մահմեդականներ են: 1999 թ. տվյալներով՝ թալիշների թիվը մոտավորապես 76,8 հազար էր[2]: Խորհրդային ժամանակաշրջանից ի վեր՝ նրանց ինքնության, լեզվի և մշակույթի դեմ կիրառված ճնշումները, թույլ են տալիս ենթադրելու, որ նրանց իրական թվաքանակը նույնպես կարող է ավելի մեծ լինել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում նրանց թիվը կազմում է 200,000-ից մինչև 300,000 մարդ: Ադրբեջանի իշխանությունները թալիշ ժողովրդին, մասնավորապես նրանց, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները, ենթարկում են ճնշումների: Այդ ամենի վառ օրինակն է ադրբեջանական-թալիշական երկլեզու «Թալիշի Սեդո» (Թալիշների ձայնը) թերթի գլխավոր խմբագիր ու Թալիշական մշակութային կենտրոնի նախագահ Հիլալ Մամեդովի գործը: Վերջինս դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ դավաճանության, ազգամիջյան ատելություն սերմանելու, թմրամիջոցներ պահելու մեղադրանքով: Իր իրավունքների պաշտպանության համար նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (գործին կարող եք ծանոթանալ այստեղ): Թերթի նախորդ խմբագիր Նովրուզալի Մամեդովը, որը ձերբակալվել էր դավաճանության շինծու մեղադրանքով, մահացել էր բանտում՝ 2009 թ.: «Ադրբեջանում սովորական երևույթ է արդար դատաքննության իրավունքի խախտումը: Բազմաթիվ կասկածյալներ և մեղադրյալներ՝ մասնավորապես նրանք, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդման, օրերով և նույնիսկ շաբաթներով կապ չեն ունենում իրենց հարազատների հետ․ նրանց արգելվում է սեփական ընտրությամբ փաստաբան ունենալ։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի»,- նշված է Amnesty International միջազգային կազմակերպության՝ «Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն ազգությամբ թալիշ ակտիվիստներին» վերնագիրը կրող հայտարարության մեջ:
Ադրբեջանում բռնաճնշումների են ենթարկվում ոչ միայն էթնիկական, այլև կրոնական խմբերի ներկայացուցիչները, ինչպես հայերի կոտորածներն ու բռնագաղթը Ադրբեջանում 1988-1990 թթվականներին (հայերի կոտորածներն կրում էին նաև էթնիկ զտման բնույթ)։
Քրիստոնյա մյուս՝ ուդիական համայնքը ևս Ադրբեջանում գտնվում է պատանդի կարգավիճակում: Ըստ 2009 թ. վիճակագրական տվյալների՝ Ադրբեջանում բնակվում են մոտ 3800 ուդիներ, այն դեպքում, երբ 1989 թ. նրանց թիվը կազմել է՝ 6,100, իսկ 1999 թ. 4,200 մարդ[3]: Նրանք հիմնականում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են (քիչ քանակությամբ տարածված է նաև ուղղափառությունը): Ալիևյան ռեժիմի համար երկրում մնացած ուղիները քարոզչական միջոց են դարձել՝ ընդդեմ հայերի և հայկական ժառանգության։
Ադրբեջանում բռնաճնշումների են ենթարկվում ոչ միայն քրիստոնյաները, այլև՝ շիա մահմեդականները, որոնց անդրադարձել են միջազգային իրավապաշտպան և ամերիկյան պետական կառույցները:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր հայտարարության մեջ նշում է․ «Ադրբեջանը փակ է մնում մարդու իրավունքների նկատմամբ վերահսկողության համար, քանի որ մարդու իրավունքների միջազգային դիտորդներին, այդ թվում՝ մեր պատվիրակներին, տարիներ շարունակ մերժում են մուտք գործել երկիր»:
Իսկ ըստ միջազգային Freedom House կազմակերպության 2023 թ. զեկույցի՝ Ադրբեջանում տիրում է բռնապետական ռեժիմ, որտեղ քաղաքական, սոցիալական և մեդիա ազատության իրավունքը չի հարգվում ու պահպանվում:
Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ապա մինչև օրս էլ ձերբակալվում և բռնաճնշումների են ենթարկվում այն բոլոր լրագրողներն ու լրատվական գործակալությունները, որոնք համարձակվում են ներկայացնել երկրում տիրող բռնատիրական ռեժիմը։ Այս տարվա մարտ ամսին Ադրբեջանում ձերբակալվել են Toplum TV անկախ առցանց հեռուստաալիքի ինը լրագրողներ և երեք քաղաքական ակտիվիստներ։
Այսպիսով՝ Ադրբեջանում տիրող բռնապետական ռեժիմի պայաններում այլախոհությունն անընդունելի է․ լռեցվում են բողոքի ու դժգոհության բոլոր արտահայտությունները, և տարածվում են միայն իշխանական քարոզչական թեզերը: Նման պայմաններում շարունակվում է նաև ազգային փոքրամասնությունների ձուլման, սեփական իրավունքների համար պայքարողներին բռնաճնշումների ենթարկելու քաղաքականությունը: Հետևաբար՝ Սիյավուշ Հեյդարովի և այլ պաշտոնյաների հայտարարությունները առավելապես միտված են միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորեցնելուն, «հանդուրժողական» երկրի իմիջ ձևավորելու համար արվող քարոզչությանը։
[1] Զոլյան Մ․, Ազգային քաղաքականությունը Խորհրդային Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, «21-րդ ԴԱՐ», թիվ 4(18), 2007, էջ 11:
[2] Л. Мелик-Шахназарян, А. Хачатрян, Этнополитика Азербайджана, Ереван, 2007, стр. 49.
[3] Л. Мелик-Шахназарян, А. Хачатрян, Этнополитика Азербайджана, Ереван, 2007, стр. 58.