2026

Ազգային փոքրամասնությունների ուծացումը խորհրդային Ադրբեջանում

2024-04-16

Ադրբեջանում  խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո սկսվեց մի գործընթաց, որի գերխնդիրն էր Ադրբեջանը դարձնել էթնիկապես միատարր պետություն։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը այն  իրականացնելու համար կարող էր ձեռք բերել Խորհրդային Միության լռելյայն համաձայնությունն ու նույնիսկ աջակցությունը, Խորհրդային Ադրբեջանը որդեգրեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային խտրականության վրա հիմնված քաղաքականություն։

Այսպես, 1921 թ տվյաներով  խորհրդային Ադրբեջանում ապրող թալիշները, քրդերը, պարսիկները, ինգիլոները (մուսուլման վրացիները) և այլ խմբեր, կազմել են Ադրբեջանի բնակչության 15%-ը կամ 2667 հազար մարդ[1]։ Մինչդեռ այլ էր պատկերը 1979 թ․, երբ ադրբեջանցիների թիվը 1 մլն 438 հազարից հասել էր 4 մլն 708,8 հազարի, իսկ մարդահամարի փաստաթղթերում թաթերի թիվը 1926 թ․ 28,4 հազարից նվազել էր 8,8 հազարի, իսկ թալիշներ, պարսիկներ, ցախուրներ, քրդեր, դաղստանցիներ և այլ էթնիկ խմբեր չէին հիշատակվում[2]։ Փաստորեն, այն ժողովուրդները, որոնք ներկայացված չէին մարդահամարում, ներկայացված էին որպես ադրբեջանցիներ։

Այսպիսով, Ադրբեջանը խորհրդային կարգերի հաստատումից մինչև 1988-1990 թթ․ իրադարձությունները իր առջև դրված խնդիրները մասնակի արդեն կատարել էր։

1970 թ․ մինչև 1989 թ․ խորհրդային Ադրբեջանի քրիստոնյա բնակչության՝ հայերի, ռուսների և այլ ազգային փոքրամասնությունների թիվը աստիճանաբար պակասում էր, փոխարենը ավելանում այսպես կոչված ադրբեջանցիների թիվը՝ 1989 թ․ դառնալով 7 մլն 29հզ․[3]։

Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների քաղաքականությունը էլ ավելի սաստկացավ 1988-1990 թթ․, երբ ցեղասպանական բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով ու ձևերով տեղի հայ խաղաղ բնակչությունը, որոնց թիվը շուրջ 500 հազար էր կազմում, բռնագաղթեցվեց։ Այդ ամենի հետևանքով Խորհրդային Ադրբեջանը ամբողջովին հայաթափվեց։

Հետխորհրդային շրջանում ևս Ադրբեջանական Հանրապետությունը չի փոխել իր որդեգրած քաղաքականությունը և այնտեղ բնակվող թալիշների, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների դեմ շարունակում է իրականացնել ասիմիլացման քաղաքականություն։ Այդ մասին են փաստում Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Գումմատովը[4], Ադրբեջանի քրդական երիտասարդական միության նախագահ Նիջաթ Ջաբրաիլովը[5]:

Պետք է նշել, որ այս շրջանում հակառակ գործընթացն էր ընթանում Հայկական ԽՍՀ-ում ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Խորհրդային Հայաստանում ավելանում էր ազգային փոքրամասնություններ կազմող ժողովուրդների թիվը։ Հայկական ԽՍՀ-ում նույնիսկ լուծվում էին նաև Հայաստանից Պարսկաստան ու Ադրբեջան արտագաղթած թաթարների (ադրբեջանցիների) դեպի Հայաստան՝ իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հարցերը[6]։

Ի տարբերություն Խորհրդային Ադրբեջանի, 1959  թ և 1979 թ մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում Հայկական ԽՍՀ-ում ռուսների թիվն ավելացավ 1244%-ով, եզդիներինն ու քրդերինը՝ 1156%-ով, ադրբեջանցիներինը՝ 149,2%-ով,  իսկ մյուս ազգություններինը ավելացավ 148%-ով[7]։

Եթե Ադրբեջանում քրդերի ու թալիշների նկատմամբ վարած քաղաքականության արդյունքում փակվեցին դպրոցները, մշակութային կենտրոնները, արգելվեցին քրդական ու թալիշական գիրն ու գրականությունը, դադարեցվեց հրատարակվող թերթերի գործունեությունը, ապա Հայկական ԽՍՀ-ում, ընդհակառակը, այլև հրատարակվում էին քրդերեն գրքեր, ռադիոհաղորդումների ծրագրերում տեղ գտան ամենօրյա քրդական հաղորդումներ։ Ավելին, Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում գործում էր քրդագիտության բաժին։

Հարկ է նշել, որ այս քաղաքականությունը շարունակվեց Հայաստանում նաև հետխորհրդային շրջանում։ Հայաստանում գործում է Քրդական ազգային խորհուրդը Կնյազ Հասանովի գլխավորությամբ, լույս է տեսնում «Ռյա-Թազա» թերթը, տպագրվում են դասագրքեր։ Պետության հովանավորության ներքո են գտնվում ազգային բոլոր փոքրամասնությունները, զարգանում է նրանց մշակույթը։ 

[1] Զոլյան Մ․, Ազգային քաղաքականությունը խորհրդային Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, «21-րդ ԴԱՐ», թիվ 4(18), 2007թ․, էջ 11։

[2] Խոջաբեկյան Վ․Ե․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 82։

[3] Խոջաբեկյան Վ․Ե․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 86։

[4] Ադրբեջանում ոչնչացնում են թալիշներին, ապա՝ եղբայրության կոչ անում. Ալաքրամ Գումմատով, https://razm.info/21194 ․(մուտք՝ 06․04․2024)․

[5]Ադրբեջանի քրդերն ասիմիլացման վտանգի տակ են https://www.ermenihaber.am/am/news/2013/07/18/%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D6%80%D5%A4%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B4%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AB-%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%A5%D5%B6/33568 ․(մուտք՝ 06․04․2024)․

[6] Խոջաբեկյան Վ․Ե․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 89։

[7] Նույն տեղում, էջ 93-94։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում