2024
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 1992 թ․ փետրվարին հայ զինվորները ազատագրեցին Արցախի Իվանյան (Խոջալու) բնակավայրը։ Ռազմական գործողությունների ժամանակ հայկական ուժերը մարդասիրական միջանցք տրամադրեցին Խոջալուի ադրբեջանցի բնակիչներին։ Սակայն ադրբեջանցի զինյալները փետրվարի 26-ին Ակնայի (Աղդամի) շրջանի Շելլի բնակավայրի մոտ գնդակոծեցին Խոջալուից հեռացած ադրբեջանցի խաղաղ բնակիչներին։ Իրենց իսկ կողմից կազմակերպված հայրենակիցների ջարդն արդեն մի քանի օր անց՝ 1992 թ․ մարտի 2-ին, Ադրբեջանը ներկայացրեց որպես հայերի կողմից խաղաղ բնակչության կոտորած և ցեղասպանություն։ 1992 թ․ ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի այն ժամանակ արդեն նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է. «Ինչպես ասում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու նպատակով։ ․․․․․ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողած են եղել։ Այդ դեպքում նրանք ինչու՞ պետք է կրակեին։ Առավել ևս՝ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային, որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց»։
Խոջալուի քաղաքագլուխ Էլման Մամեդովը ավելի ուշ պիտի ասի․ «Մենք չգիտենք՝ ում վրա բարդենք այս դժբախտությունը, և պատմությունն ում կմեղադրի սրա համար»։