2026
2026-04-20
Պատմական Աղվանքի տարածքի հայկական գյուղերից էր Ծիրիկը։ Այն գտնվել է ներկայիս Գաբալա (Կուտկաշեն) վարչական կենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք։
Գյուղից հյուսիս՝ բլուրների վրա է գտնվում Գեոմ Մուրատ անվամբ սրբատեղին։ Ըստ ավանդության՝ այդտեղ է նահատակվել սուրբ Եղիշե առաքյալի աշակերտներից մեկը։
Ծիրիկ բնակավայրում հայերը հաստատվել են 18-րդ դարում՝ Արցախի Դիզակ և Վարանդա գավառներից։
1841 թվականին գյուղում ապրել է 132 հայ բնակիչ, 1889 թվականին՝ 144 հայ։
1901 թվականի տվյալներով՝ Ծիրիկի հայ բնակչության թիվը կազմել է 158 մարդ, 1914 թվականին՝ 166։
19-րդ դարում Ծիրիկում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղում հոգևոր ծառայություն են իրականացրել հայկական այլ գյուղերի քահանաները։ 1912 թվականին Ծիրիկում, որպես քահանա, հիշատակվել է Սահակ Շիրվանյանցը։
Գյուղն ավերվել է 1918 թվականի իրադարձությունների ընթացքում, երբ թուրք-թաթարական ուժերն ավերել ու ոչնչացրել են Արևելյան Այսրկովկասի հայկական բազմաթիվ գյուղեր։ Այդ դեպքերից հետո գյուղում այլևս հայեր չեն բնակվել։ Ներկայումս Ծիրիկն անբնակ գյուղատեղի է։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 114։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 258-259։