2026

Մշակութային ցեղասպանությունն Արցախում շարունակվում է․ վանդալիզմի է ենթարկվել Վաղուհասի եկեղեցին

2026-02-02

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերն Արցախում՝ այն ծառայեցնելով տարածաշրջանային իր հավակնություններին:

Արցախի մշակութային ցեղասպանության ու հայկականությունը բնաջնջելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ «Գեղարդ» հիմնադրամի՝ ձեռք բերած փաստական նյութերից երևում է, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։

Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը:  

Տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ իբրև «բազմամշակութային» և «հանդուրժող» պետություն: Միջազգային հանրության համար կերտված այս «իմիջ»-ը միջոց է քողարկելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է այդ պետության տարածքում հայտնված մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը:

 

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին օծվել էր 2012 թվականի փետրվարի 19-ին՝ Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի օրը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում