2025
2025-12-29
Արևելյան Այսրկովկասի Կախի շրջանի Ղում գյուղը գտնվում է Կախ շրջկենտրոնից 4 կմ հյուսիս։ Գյուղի հայկական բնակչությունը ուշ միջնադարում բռնի իսլամացվել է։ Այդ պատճառով Մակար Բարխուդարյանն իր աշխատության մեջ նշում է, որ 19-րդ դարի վերջին Ղում գյուղում կար 446 տուն՝ հայկական ծագումով մահմեդականացած բնակչություն։
Հետագա տարիներին՝ 1908 թվականին, այդ բնակավայրում հիշատակվել է միայն 1309 ծախուր (լեզգիախոս կովկասյան ժողովուրդ) բնակչություն, իսկ 1914 թվականին՝ 1255 ենգիլո (իսլամ ընդունած վրացիներ կամ հայեր)։
Կարելի է եզրակացնել, որ Ղումի հայությունն արդեն 20-րդ դարի սկզբին ամբողջովին կորցրել էր իր ազգային դիմագիծն ու կտրվել էր ազգային արմատներից՝ իրեն էթնիկական և կրոնական այլ խմբերի հետ առնչակցելով։
Ղում գյուղում պահպանվել է կիսավեր բազիլիկ մի եկեղեցի։ Համաձայն 1310 թվականի վրաց մի ժամանակագրության՝ եկեղեցին կոչվել է Սուրբ Աստվածածին։ Եկեղեցու պատերին որևէ արձանագրություն չի պահպանվել։ Մասնագետները եկեղեցու կառուցման ժամանակաշրջան են համարում 6-րդ կամ 7-րդ դարը։
Ներկայումս գյուղը բնակեցված է ծախուրներով։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 139, 148։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 230-233։
Якобсон А.Л., Архитектурные связи Кавказской Албании и Армении, Историко-филологический журнал, 1977, 1, стр. 69-84.