2025
2025-10-13
Խանապատ հայկական գյուղը գտնվել է Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառում՝ Աղդաշ բնակավայրից 29,4 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հնում գավառի տարածքները մտել են Աղվանքի կազմում և կոչվել են Քաղադաշտ։ Գյուղը հայտնի է եղել նաև Խանաբադ, Խանավատ, Խանավադ անվանաձևերով[1]։ Խանապատին կից գտնվել է նաև թյուրքաբնակ նույնանուն գյուղը, որի բնակիչներն էլ 1905 թվականի նոյեմբերի 28-ին՝ հայ-թաթարական կռիվների ժամանակ, հարձակվել են հայկական բնակավայրի վրա։
Հստակ տեղեկություններ չեն պահպանվել, թե ծագումով որտեղից են խանապատցիները։ Մի վարկածի համաձայն նրանք բնիկներ են, մեկ այլ դեպքում՝ այստեղ են հաստատվել Խաչենի Խանապատ և Արեշի Խալդան գյուղերից։
1841 թվականին Խանապատում եղել է 11 տուն՝ 61 հայ բնակիչ, 1851 թվականին՝ 9 տուն՝ 62 բնակիչ։ 1888 թվականին գյուղում ապրել է 40 տուն հայ՝ շուրջ 197 բնակիչ, 1901 թվականին՝ 243 հայ բնակիչ։ 1908 թվականի տվյալներով Խանապատի բնակչության թիվը հասել է 255-ի, 1914 թվականին՝ 298-ի։
Գյուղը բավականին տուժել է հայ-թաթարական կռիվների ժամանակ։ Խանապատի համար կործանարար են եղել 1918 թվականի ամռան իրադարձությունները, երբ օսմանյան զորքերն ու նրանց միացած թյուրք-թաթարական ավազակախմբերը ոչնչացրել են գավառի հայկական բնակավայրերը։
Գյուղն ունեցել է եկեղեցի, որը 1841 թվականին հիշատակվել է Սուրբ Գևորգ, իսկ 1893 թվականին՝ Սուրբ Աստվածածին անվամբ։ Հավանաբար գյուղի եկեղեցին ժամանակի ընթացքում (1841-1893 թթ․ միջակայքում) վերակառուցվել և օծվել է որպես Սուրբ Աստվածածին։
Խանապատի հոգևոր հովիվներից հայտնի են եղել Աստվածատուր Բինիաթյանը, Առաքել Բայանդուրյանցը[2], Գրիգոր Տեր-Առաքելյան Կոստանդյանցը[3]։
Գրականություն՝
Ճանապարհորդի նամակները, Բ․ «Նոր-Դար», 1889, N 207, 14 դեկտեմբերի, էջ 2։
Լուսենց Ա․Ղ․, Արեշի բարբառը, Երևան, 1982, 271 էջ։
[1] Գյուղն այժմ հայտնի է Խանաբադ անվամբ։
[2] Քահանա է ձեռնադրվել 1859 թ․, հիշատակված է մինչև 1893 թ․։
[3] Ծնվել է 1868 թ․, քահանայագործել է 1899 թ․ դեկտեմբերի 7-ից մինչև 1912 թ․։