2026

«Մեկ ազգ, երեք պետություն». Արցախում պատերազմի ու էթնիկ զտումների անպատժելիության ֆոնին Ադրբեջանը սերտացնում է հարաբերությունները Հյուսիսային Կիպրոսի հետ

2024-04-08

2024թ. ապրիլի 3-ին ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնել է Ադրբեջանի Միլի Մեջլիս (խորհրդարան) նախագծի ներկայացման մասին, որով առաջարկվում է ստեղծել միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ Ադրբեջանի և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որն ստեղծվել է 1974 թ․ Կիպրոս կղզու հյուսիսային հատվածի թուրքական գրավումից հետո) միջև։ Ապրիլի 5-ին խորհրդարանն ընդունել է նախագիծը՝ նորաստեղծ աշխատանքային խմբի ղեկավար ընտրելով պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևին։

Նույն օրը՝ ապրիլի 5-ին, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը լրագրողների հետ զրույցում ազդարարել է լուրն ու հայտարարել. «Այսօր մենք ասում ենք. «մեկ ազգ, երեք պետություն»։

Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարն ապրիլի 5-ին  X սոցիալական ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ու խորհրդարանին խմբի ստեղծման համար ու ընդգծել. «Թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է, մենք պետք է ընդլայնենք մեր կապերը թյուրքական աշխարհի հետ»։ Դրանից հետո, ապրիլի 6-ին Թաթարը զանգահարել և անձամբ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին։

Հիշեցնենք, որ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը ճանաչում է միայն Թուրքիան։ Հյուսիսային Կիպրոսի հարցն այն առանցքային պատճառներից է, որը խոչընդոտում է դեռևս 1999 թվականից ի վեր Եվրոպական Միությանն անդամակցելու Թուրքիայի ցանկությանը։

Ադրբեջանի ու Հյուսիսային Կիպրոսի հարաբերությունների սերտացումը պաշտոնական մակարդակով հաջորդում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Արցախի օկուպացիային, որին բացահայտորեն ռազմական աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ 2021թ. նոյեմբերի 8-ին Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը Ստամբուլում Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ «պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նաև Հյուսիսային Կիպրոսի, Թուրքիայի ու ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է»։ Նա նաև ընդգծել է, որ «Կիպրոսում արդարության հարցում իրենք ակնկալում են ողջ թյուրքական աշխարհի, այդ թվում՝ Ադրբեջանի աջակցությունը»։

Հենց Արցախյան պատերազմից հետո, 2021թ. հուլիսի 16-ին Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց Հյուսիսային Կիպրոս։ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչն այս այցն անվանել է պատմական։

2023թ. սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից Արցախի տևական շրջափակումից, մարդասիրական աղետալի ճգնաժամի ստեղծման և արցախահայության լիակատար բռնի տեղահանումը սկսելու համատեքստում, Է. Թաթարն աջակցություն է հայտնել Արցախում «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունների իրականացման գործին»։

2023թ. սեպտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի միջազգային ինտեգրումն է։ Իսկ 2023թ. հոկտեմբերի 12-ին Թաթարի գլխավորած պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական եռօրյա այցով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում «Հյուսիսային Կիպրոսի մշակութային օրեր» միջոցառումներին։ Այցի շրջանակում Թաթարը հայտարարել է, որ «Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը «մեկ ազգ, երեք պետություն» են»։ Նախքան այցը Թաթարը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք մեկնում են Բաքու Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում լավացնելու նպատակով և որ պատվիրակության կազմում ընդգրկված է մոտ 200 անձ։ Այցի շրջանակում Թաթարին ընդունել է Իլհամ Ալիևը, իսկ դրանից առաջ երկու նախագահները հանդիպել էին 2022թ. օգոստոսին թուրքական Քոնյա քաղաքում։

Դիվանագիտական այս իրադարձությունները տեղի են ունենում Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեկնարկված ու չվերահսկվող ագրեսիայի համատեքստում։ Ագրեսիա, որը լինելով միջազգային նորմերի բացահայտ ու կոպիտ խախտում, մնում է անպատիժ։ Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի հետ Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը պաշտոնական մակարդակով համընկնում է Հյուսիսային Կիպրոսի միջազգային ինտեգրման Թուրքիայի օրակարգի հետ։ Սրանով Ադրբեջանը նաև երախտագիտություն է հայտնում Թուրքիային Արցախի դեմ պատերազմում և արցախահայության էթնիկ զտումներն իրականացնելու գործում ցուցաբերած աջակցության համար։

Այս համատեքստում, չի բացառվում նաև Ադրբեջանի կողմից հետագայում Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը։ 2022թ. մարտի 12-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, պատասխանելով լրագրողների «ճանաչում է, թե չի ճանաչում պաշտոնական Բաքուն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը» հարցին, նշել է, որ իրենք ուշադիր հետևում են Հյուսիսային Կիպրոսում իրադարձություններին ու գործընթացներին։ «Մենք քննարկում ենք բոլոր հարցերը, միասին և համբերատար շարունակում մեր գործունեությունը», - ընդգծել է Հաջիևը։

Դեռևս 2015 թվականի ապրիլի 24-ին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը նշել է, որ «թե՛ Հայաստանը, թե՛ Կիպրոսն անպատժելիության զոհեր են»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում