2025
2025-10-09
Պատմական Վասպուրականի Գողթան (Գողթն) գավառի հայաբնակ մեծ գյուղերից էր Վարակերտը։ Կոչվել է նաև Վերին Գետ, Վերիգետ։ Գտնվել է Ագուլիսից 1-1․5 կմ հյուսիս՝ Գեղերեցիկ գյուղից հարավ՝ նեղ ձորակի մեջ։ Հիմնականում ընդգրկել է 50-60 բնակելի շինություններ։ 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը Վերին Գետը միացած է եղել Ագուլիսին և համարվել է վերջինիս 10 թաղամասերից մեկը[1]։
Գյուղից մոտ 2․5 կմ հյուսիս է գտնվել 12-13-րդ դարերում կառուցված «Խաչի քար» սրբատեղին[2]։ Ժամանակի ընթացքում, սակայն, այն ավերվել է։ Մնացել է միայն մի մեծ քար, որի վրա պահպանված են քանդակված խաչի պատկերներ։
Վերին Գետում է գտնվել Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի մասին պահպանված տեղեկությունները քիչ են։ Եկեղեցին կառուցվել է միջնադարում, հիշատակված է 17-րդ դարում՝ 1655 թվականին՝ Ագուլիսի վերանորոգված մյուս հուշարձանների հետ միասին։ Սուրբ Ստեփանոսը վնասվել է 1840 թվականի երկրաշարժի հետևանքով, սակայն վերանորոգվել է 1845 թվականին ագուլեցի մահտեսի (վաճառական) Հովհաննես Տեր-Ջանյանի միջոցներով[3]։
Սուրբ Ստեփանոսը գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է եղել՝ մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատներում։ Այդ մուտքերն ունեցել են զարդաքանդակներ և բարձրաքանդակներ։ Եկեղեցին ունեցել է զանգակատուն, որն ավերվել է 1930-ական թվականներին[4]։ Ներկայումս եկեղեցին նույնպես ավերված է։
Վերին Գետում եղել է նաև միջնադարում կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին, որը նույնպես վնասվել է 1840 թվականի երկրաշարժի հետևանքով։ Ներկայումս եկեղեցին ամբողջությամբ ավերված է։
20-րդ դարի սկզբին Վերին Գետում ապրել են 55 տուն հայեր՝ թվով 539 բնակիչ։ Հայերից բացի՝ գյուղում ապրել են 12 տուն մահմեդականներ[5]։
1914 թվականի դրությամբ գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել։ 1919 թվականի դեկտեմբերի վերջերին թյուրք-թաթարական ուժերի կողմից Ագուլիսի հայ բնակչությունը սրի է քաշվել, իսկ 1920-ական թվականներից Վերին Գետը վերածվել է ավերակների։
Գրականություն՝
Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։
Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։
Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։
Ա․ Այվազյան, Նախիջևան․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, 1995։
Ա․ Այվազյան, Ագուլիսի ճարտարապետական հուշարձանները, ԼՀԳ (Լրաբեր հասարակական գիտությունների), 1978, համար 2։
[1] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 301։
[2] Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ), Երևան, «Հայաստան» 1986թ., էջ 22։
[3] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 302։
[4] Ա․ Այվազյան, Ագուլիսի ճարտարապետական հուշարձանները, Լրաբեր հասարակական գիտությունների, 1978, համար 2, էջ 84։
[5] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 305։