2025
2025-10-06
Արևելյան Այսրկովկասի հայաբնակ գյուղերից էր Խալդանը[1]։ Այն բավականին մոտ է եղել Արեշ (հայտնի էր նաև որպես Էրմանի Բազար) բնակավայրին, նույնիսկ ինչ-որ փուլում մտել է վերջինիս տարածքի մեջ։ 19-րդ դարում այն գտնվել է Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառի մեջ։
Գյուղի հիմնադրման մասին տեղեկություններ չկան։ 19-րդ դարում մի քանի անգամ հիշատակվել է գյուղի բնակչության թվաքանակը։ Այսպես՝ 1841 թվականին Խալդանում եղել է 18 տուն՝ 124 հայ բնակիչ, 1851 թվականին՝ 22 տուն՝ 132 հայ բնակիչ, իսկ 1853 թվականի տվյալներով՝ 140 հայ բնակիչ։
Գյուղում գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ քահանա է եղել Աստվածատուր Բինիաթյանը՝ ըստ1851 թվականի հիշատակության։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, քահանայել է նաև Խանապատում։ 1888 թվականին գյուղ այցելած Ներսես Դավթյանը հիշատակել է, որ եկեղեցին շատ հին է և որ, ըստ ավանդության, կառուցվել է հայոց թագավոր Վաչագան Բարեպաշտի (485-510 թթ․) օրոք։
Մեզ անհայտ պատճառներով, սակայն, հայերը 19-րդ դարի երկրորդ կեսին լքել են գյուղը, որը բնակեցվել է թյուրքախոսներով։ Գյուղը լքած հայերի մի մասը բնակություն է հաստատել հարևան Խանապատ և Արաշ գյուղերում։ Այսպիսով՝ արդեն 1895 թվականի տվյալներով Խալդան գյուղում հայ չի հիշատակվել։
«Նոր-Դար» թերթի 1895 թվականի համարներից մեկում թղթակիցը, նկարագրելով Արեշի գավառի հայկական գյուղերը, նշել է, որ «Թուրք տարրն ամենայն տեղ իր ավերիչ բնավորությամբ ունեցել է իր քայքայիչ ազդեցությունն․․․» և որ հայկական Էրմանի-Բազար գյուղը (նախկինում՝ Արեշ գյուղաքաղաքը) շրջապատված է թրքաբնակ գյուղերով, որոնց շարքում հիշատակել է նաև Խալդան գյուղը։
Գյուղն այժմ մտնում է Եվլախի շրջանի մեջ և կոչվում է Խալդան։
Գրականություն՝
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 21։
Խոյզադէ, թղթ․, «Նոր-Դար», 1895, 152, 24 օգոստոսի, էջ 3։
Ն․Դ․ /Ներսես Դավթյան/, Արէշ գաւառի մի քանի գիւղեր, «Մշակ», 1888, 131, 17 նոյեմբերի, էջ 2։
[1] Խալդան գյուղն ադրբ․՝ Khaldan։