2025
2025-09-29
Հայկական Գյանդխան[1] բնակավայրը գտնվում է ներկայիս Աղսուի շրջանում՝ շրջկենտրոն Աղսուից 10,9 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հնում եղել է պատմական Շիրվանի տարածքում։
Հայկական այդ գյուղի մասին շատ քիչ տվյալներ են պահպանվել։ Դատելով այդ ամենից՝ տեղի հայերը, հավանաբար, դեռևս 18-րդ դարում ստիպված են եղել ընդունել իսլամ։
1986 թվականին՝ Սամվել Կարապետյանի այցի ժամանակ, գյուղի մոտակայքում պահպանված է եղել հայկական գերեզմանոցը։ Վերջինս հիշատակում է ուղղանկյուն մշակված 10-12 տապանաքարերի և ավելի քան 100 անմշակ սալատապանների մասին։ Տապանաքարերից մի քանիսի վրա պատկերված են եղել նետ ու աղեղ, գավազան և կենցաղային այլ իրեր, իսկ մեկի վրա նշմարվել է հայերեն գրված ՓԻՐՎԷԱԼԵ անունը։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ քանդակների ոճն ու գրչության ձևը բնորոշ է 15-16-րդ դարերին։ Ներկայումս գյուղն ադրբեջանաբնակ է։
Գյանդխան բնակավայրից 1,2 կմ հյուսիս-արևելք է գտնվում Շամբիլան բնակատեղին։ ժամանակին այն նույնպես եղել է հայկական բնակավայր։ Ավելի ուշ գյուղը հավանաբար լքվել է բնակիչների կողմից, կամ գյուղի և տեղի բնակիչների համար որևէ կործանարար իրադարձություն է տեղի ունեցել։ 18-րդ դարի վերջին՝ 1796 թվականին, գյուղը հիշատակվել է Շաբիյան անվանաձևով։ Գյանդխանի մոտ գտնվող այդ բնակավայրի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։
Սամվել Կարապետյանի այցի ժամանակ բնակատեղիում նկատելի է եղել շուրջ 30 տնատեղի։ Բնակավայրի գերեզմանոցում պահպանված են եղել մոտ երկու տասնյակ տապանաքարեր՝ առանց արձանագրությունների։
Գրականություն՝
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, գիրք I, Երևան, 1997, էջ 6։
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 37-38:
Կարապետյան Ս․, Պատմական Հայաստանի Կապաղակ գավառի թրքախոս հայկական գյուղերը, Լրաբեր հասարակական գիտությունների, 1988, 1/1, էջ 40-52։
[1] Գյանդխան՝ ադրբ․՝ Qendaxan։