2025

Աղդաշի շրջանի Հավարիկ գյուղը

2025-09-08

1930 թվականին մերձկուրյան տարածքներում կազմավորված Աղդաշի շրջանում է գտնվում հայկական հինավուրց Հավարիկ[1] գյուղը։ Բնակավայրը շրջկենտրոն Աղդաշից (նախկինում կոչվել է Քաղաբերդ) հյուսիս-արևմուտք է՝ 33,2 կմ հեռավորության վրա։ Վարչական առումով 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին գյուղը գտնվել է Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառի կազմում։

Մինչև հունը փոխելը՝ գյուղի տարածքով է հոսել Կուր գետը։ Պահպանվել է տեղեկություն այն մասին, որ 1896 թվականի մայիսի 15-ին գետի ջրերի բարձրացման հետևանքով փլուզվել են Աքչամ, Հավարիկ, Հաջիսելլի, Մազրղու գյուղերի տների մեծ մասը, ոչնչացվել են այգիները։

Հավարիկի բնակչությունը հիմնականում տեղացիներ են եղել և ունեցել են ուրույն բարբառ։ Գյուղի միայն 10 տուն բնակչությունն է այդտեղ տեղափոխվել Արցախից։

1841 թվականին Հավարիկում ապրել է 43 տուն՝ 283 հայ բնակիչ, իսկ 1851 թվականին՝ 52 տուն՝ 403 բնակիչ։ 1888 թվականին գյուղի հայ բնակչության թվի աճ է գրանցվել՝ հասնելով 752, իսկ 1901 թվականին՝ 800 մարդու։ 1905 թվականին գյուղում ապրել է 888 հայ։ 1908 թվականին հայ բնակչության թվաքնակը նվազել է՝ 490 մարդ։

1914 թվականի վիճակագրական տվյալներով գյուղում 790 հայ է ապրել, իսկ 1917-1918 թվականներին գյուղն ունեցել է 250 տուն հայ բնակիչ։   

Հավարիկում երկար տարիներ գործել է ծխական դպրոց, որը բացվել է 1870 թվականին։ Այնտեղ են հաճախել և կրթություն ստացել նաև հարակից հայկական գյուղերի՝ Քանդակի, Մազրղուի երեխաները։ Սակայն, շենքային պայմանների բացակայության պատճառով դպրոցը երբեմն ստիպված է եղել դադարեցնել իր աշխատանքները։

Հավարիկը մեծապես տուժել է 1905-1906 թվականների հայ-թաթարական կռիվների ժամանակ․ գյուղն ավերվել է, իսկ բնակչության մի մասը՝ սպանվել։

Գյուղացիները վերականգնել են գյուղը, սակայն 1918 թվականին այն կրկին ավերել են դեպի Բաքու արշավող օսմանյան զորքերն ու նրանց միացած թաթարական ավազակախմբերը։ Կոտորածներից փրկվել են միայն 28 բնակիչներ, մոտ 1000 մարդ զոհվել է։ Ողջ մնացած հավարիկցի մի քանի ընտանիք հարազատ գյուղ է վերադարձել Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Այդ ընթացքում բնակիչներն անգամ փորձել են դպրոց բացել։ Սակայն, որոշ ժամանակ անց, նրանք նույնպես հեռացել են, իսկ գյուղը վերջնականապես դատարկվել է հայերից։ Հետագայում այստեղ են հաստատվել թյուրքախոսները։

Գյուղում գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1841 թվականին։ 1870 թվականին հին, խոնարհված եկեղեցու փոխարեն հավարիկցիները կառուցել են նոր եկեղեցի, որը նույնպես կրել է Սուրբ Աստվածածին անունը։ Եկեղեցու մասին կա հիշատակություն, որ այն «․․․իր գեղեցիկ արտաքինով և ներքին կամարակապ հրաշալի սիւներով կարող էր մրցել Նուխու եկեղեցիների հետ»։ Եկեղեցին թալանվել և վնասվել է 1906 թվականին՝ հայ-թաթարական բախումների ժամանակ։ Դրա մասին պահպանվել է Հավարիկի քահանա Սահակ Տեր-Պողոսյանցի գրառումը․ «Ամենայն ջանք գործ են դրել, որ Հաւարիկի եկեղեցին փլեն,․․․»։ Տեղի ունեցածից հետո եկեղեցին վերանորոգվել է։ Խորհրդային տարիներին՝ 1923 թվականին, դեռևս կանգուն եկեղեցու շենքը որոշել են դարձնել դպրոց։ 1987 թվականին գյուղ այցելած Սամվել Կարապետյանը գրել է, որ ադրբեջանցիների կողմից քանդվել է և՛ Հավարիկի եկեղեցին, և՛ հայկական գերեզմանոցը։

Հայտնի է նաև, որ Հավարիկում 1863 թվականին Գրիգոր դպիրը գրչագրել է «Տաղքը»։

Հավարիկ գյուղում է ծնվել նաև անվանի բանաստեղծ, թարգմանիչ, Արեշի[2] բարբառի ուսումնասիրող Աշոտ Ղարագյոզյանը (Աշոտ Լուսենց)։

Գյուղն այժմ ադրբեջանաբնակ է։

Գրականություն՝

Նամակ Արէշի գաւառից, «Մշակ», 1896, N 63, 1 յունիսի, էջ 3։

Սահակ քահ Տէր-Պողոսեան, Արէշի հինգ գիւղերի եկեղեցիները, «Մշակ», 1906, N 134, 22 յունիսի, էջ 3։

Լուսենց ԱՂ, Արեշի բարբառը, Երևան, 1982, 271 էջ։

Մակար եպս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 142։

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 22-25

[1] Հավարիկ, ադրբ․՝ Havarli։

[2] Արեշի բարբառը մեկ այլ տարբերակով՝ Հավարիկի բարբառ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում