2025
2025-09-01
Արևելյան Այսրկովկասի Իսմայիլիի շրջանի Շուքուրչի[1] գյուղը գտնվում է շրջկենտրոն Իսմայիլիից 14,5 կմ հարավ-արևմուտք։
Գյուղը հայտնի է եղել նաև Շյուքյուրչի, Շուքուրջի, Շուքուրչու անուններով։ Հիմնադրվել է 18-րդ դարի վերջին կամ 19-րդ դարի սկզբին՝ այստեղ հաստատված Արցախի Խաչեն գավառի Բալուջա[2], Դաշբուլաղ[3], Խանձք և Ղշլաղ հայկական գյուղերի բնակիչների կողմից։
1861 թվականին գյուղում եղել է 17 տուն հայ բնակչություն, 1865 թվականի տվյալներով՝ 15 տուն։ 1886 թվականին Շուքուրչիում ապրել է 24 տուն հայ՝ 224 բնակիչ, 1890 թվականին՝ 25 տուն՝ 155 բնակիչ։ 1912 թվականին գյուղի հայկական բնակչության թիվը կազմել է 335 մարդ՝ 54 տուն։
Գյուղում դպրոց չի եղել։ Միայն 1913 թվականին Շուքուրչիի բնակիչները դիմել են Բաքվի մարդասիրական ընկերությանը՝ դպրոց կառուցելու հարցում իրենց օգնելու։ 1915 թվականին գյուղում բացվել է երկսեռ դպրոց։ Մասնավոր տանը տեղակայված դպրոցը 1915-1916 ուստարում ունեցել է 1 ուսուցիչ (Ազատ Մովսիսյան) և 22 աշակերտ:
Գյուղի արևմտյան մասում եղել է բազիլիկ հորինվածքով եկեղեցի։ Այն կառուցվել է 1862 թվականին Հովհաննես և Պետրոս Ջավադյան-Խալաֆյանց եղբայրների ջանքերով։ 1865 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին օծվել է Շամախիի հայոց թեմական առաջնորդ Դանիել արքեպիսկոպոս Շահնազարյանցի կողմից։ 1888 թվականին եկեղեցին վերանորոգվել է Հովհաննես Ջավադյան-Խալաֆյանցի միջոցներով։ 1985 թվականին՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գյուղ այցելության ժամանակ, դեռևս կանգուն է եղել եկեղեցու հարավային կողմում գտնվող Պետրոս Ջավադյան-Խալաֆյանցի գերեզմանի վրա կանգնեցված քառանիստ կոթողը՝ 19 տող հայերեն արձանագրությամբ։ Ստորև մեկ հատված․
Աշխարհ ծնար և աշխարհին մշակ դարձար․
Անդորրութիւն բարի գործի ու սէրի մեջ միայն գտար․․․
․․․Այս է տապան շուքուրչուեցի լուսահոգի Պետրոս Ջաւադեան Խալափեանցի
Ծնաւ ի 1846 ամի եւ վախճանեցաւ ի 20 յունուարի 1888 ամի։
Շուքուրչիի հայկական գերեզմանոցը գտնվել է գյուղից մոտ 300 մետր դեպի հարավ։ 1985 թվականին այնտեղ դեռևս պահպանված են եղել 19-20-րդ դարերով թվագրվող սրբատաշ ուղղանկյունաձև մի քանի տասնյակ տապանաքարեր։
Շուքուրչիի և տարածաշրջանի հայկական այլ գյուղերի համար 1918 թվականի ամռան իրադարձությունները ճակատագրական են եղել։ Արևելյան Այսրկովկասի տարածք ներխուժած օսմանյան զորքերն ու նրանց միացած տեղի թյուրք-թաթարական ավազակախմբերը կոտորել են քրիստոնյաներին, առաջին հերթին՝ հայերին, ոչնչացրել նրանց բնակավայրերը։ Շուքուրչի գյուղը նույնպես ենթարկվել է հարձակման։ Գյուղի բնակիչներից շատերն սպանվել կամ գերեվարվել են։ 1918 թվականի հունիսի վերջին գյուղն ավերակների է վերածվել։ Բնակիչներից միայն մի մասին է հաջողվել փրկվել՝ միանալով դեպի Շամախի նահանջող հայկական զորաջոկատին։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փրկված շուքուրչեցիներից ոմանք վերադարձել են իրենց գյուղ։ Սակայն, 1950-ական թվականներին շուքուրչեցիները վերջնականապես լքել են գյուղը։ Ներկայումս գյուղը լեզգիաբնակ է։
Գրականություն՝
Դանիէլ արքեպիսկոպոս․, Այցելութիւն եկեղեցեաց գիւղօրէից վիճակին հայոց Շամախիոյ, «Արարատ», 1871, Ժ, էջ 321։
Սմբատեանց Մեսրովբ արքեպիսկոպոս, Նկարագիր սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուղտատեղեաց եւս քաղաքացն եւ գիւղօրէից՝ որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 139։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, գիրք I, Երևան, 1997, էջ 26-27։
Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 105-106։
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 170-173։
[1] Գյուղի՝ ներկայիս ադրբեջանական անվանումն է Şükürçü։
[2] Բալուջա, այժմ՝ Այգեստան։
[3] Դաշբուլաղ, այժմ՝ Արցախաշեն։