2025
2025-08-25
Արևելյան Այսրկովկասի հայկական գյուղերից էր Փոքր Գանձակը։ Գյուղանունը տարածված է եղել նաև Ավետարանու-Գանձակ կամ Բալա-Գանձակ տարբերակներով։
Փոքր Գանձակի բնակիչներն այստեղ են տեղափոխվել Մեծ Գանձակ գյուղից 1850-ական թվականներին։
1861 թվականին գյուղում ապրել է 18 տուն հայ բնակչություն, 1886 թվականին՝ 29 տուն՝ 146 հայ բնակիչ։ 1897 թվականին Փոքր Գանձակում եղել է 144 հայ, 1908 թվականին՝ 150։ Գյուղի հայ բնակչության թվաքանակը, 1909 թվականի տվյալներով, 40 տուն՝ 299 մարդ է: 1914 թվականին գյուղում ապրել է 210 բնակիչ։
Փոքր Գանձակում եկեղեցի և դպրոց չի եղել։
1918 թվականի ամռանը տարածաշրջան ներխուժած թուրքական զորքերն ու նրանց միացած թաթարական ուժերն ավերել են հայկական գյուղերը, այդ թվում՝ Փոքր Գանձակը։ Գյուղի բնակչությունը կոտորվել է։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ողջ մնացած փոքրգանձակեցիներն այլևս գյուղ չեն վերադարձել։
1985 թվականին՝ Սամվել Կարապետյանի՝ բնակատեղի կատարած այցի ժամանակ, պահպանված է եղել գյուղի գերեզմանոցը։ 40-50 ուղղանկյունաձև արձանագիր տապանաքարերը թվագրված են եղել 19-րդ դարի երկրորդ կեսով և 20-րդ դարի սկզբներով։
Փոքր Գանձակ բնակատեղին գտնվում է ներկայիս Իսմայիլի շրջկենտրոնից 8․8 կմ հյուսիս-արևմուտք։
Գրականություն՝
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 198։
Սմբատեանց Մեսրովբ արքեպիսկոպոս, Նկարագիր սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուղտատեղեաց եւս քաղաքացն եւ գիւղօրէից՝ որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 139։