2025

Գողթն գավառի Վանանդ գյուղը

2025-08-21

Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառում՝ Ագուլիսից դեպի արևմուտք, ձգվում է Վանանդաձորը, որտեղ գտնվում էին Վանանդ, Տրունիս և Դաստա (Դաստակ) նշանավոր գյուղերը։ Հաճախ ձորը կոչվել է նաև գյուղերի անունով՝ Վանանդաձոր, Տրունեաց ձոր կամ Դաստաձոր[1]։ Պատմական Վանանդն աչքի է ընկել իր գեղեցիկ բնությամբ ու բերրի հողերով։

Ողջ միջնադարում Վանանդը[2] եղել է հայկական զարգացած գյուղերից մեկը, որի բնակչությունը հիմնականում զբաղված էր երկրագործությամբ և այգեգործությամբ։

Վանանդում է գտնվել Սուրբ Թովմայի վանքը, որն, ըստ ավանդության, հիմնադրվել է մեր թվականության 1-ին դարում Բարդուղիմեոս առաքյալի կողմից։ Ըստ միջնադարյան հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի՝ 1-ին դարի կեսերին Բարդուղիմեոս առաքյալը Վանանդում վախճանված իր աշակերտ Լուսիկի գերեզմանին կառուցել է մատուռ, կործանել տեղի հեթանոսական մեհյանը, փոխարենը շինել Սուրբ Թովմա եկեղեցին[3]։ Վանքը եղել է եռանավ բազիլիկա՝ մուտքն արևմտյան ճակատում։ 17-րդ դարում այն վերանորոգվել է Մատթեոս Վանանդեցու կողմից։ Սուրբ Թովմայի արևմտյան ճակատում եղել են վիմագիր արձանագրություններ, որմնանկարներ, պատկերաքանդակներ և զարդաքանդակներ։ Ներկայումս վանքն ավերակ է։ Ինչ վերաբերում է Սուրբ Լուսիկի մատուռին, այն վերանորոգվել է 12-13-րդ և 17-րդ դարերում։ Այժմ մատուռն ավերակ վիճակում է։

Վանանդի հարավարևմտյան մասում է գտնվել Սուրբ Խաչ կամ «Անձրևաբեր» վանքը, որը կառուցվել է 1457 թվականին Գողթնի Պետրոս եպիսկոպոսի կողմից[4]։ Վանքը վերանորոգվել է 17-րդ դարում։ Սուրբ Խաչն ունեցել է արձանագրություններ, որմնանկարներ, զարդաքանդակներ, օժանդակ շինություններ և պարիսպներ։ Ներկայումս այն նույնպես ավերակ է։

Վանանդում եղել է միջնադարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը հիշատակվում է 1666 թվականին։ Այժմ եկեղեցին ավերակ է։

Ծնունդով Վանանդից են եղել հայ մշակույթի մի շարք նշանավոր գործիչներ՝ Վահան Գողթնեցին, ուշ միջնադարում հայկական գրահրատարակչության գործում մեծապես աչքի ընկած Վանանդեցիները՝ Գողթանի Սուրբ Խաչ վանքի վանահայր Թովմաս Վանանդեցին, Մատթեոս Վանանդեցին, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան-Վանանդեցիները։ Վերջիններս գործել են Ամստերդամում 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբներին՝ տպագրելով բազմաթիվ աշխատություններ։

Թովմաս Վանանդեցին 1695 թվականին Ամստերդամում հրատարակել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունը, իսկ 1702 թվականին Գերմանիայի Հալլե քաղաքում հիմնել է տպարան[5]։ 1695 թվականին Վանանդեցիներն Ամստերդամում տպագրել են «Համատարած աշխարհացույցը», «Շարակնոցներ»․ հրատարակությունների թիվը 20-ից ավելի է[6]։

19-րդ դարից գյուղը սկսել է հայաթափվել, և Վանանդում բնակություն են հաստատել շիա մուսուլմաններ։

Վանանդ գյուղը ներկայումս գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում և բնակեցված է ադրբեջանցիներով։

Գրականություն՝

Ղ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Ե Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։

Նախիջևան քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986։

Ա Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան 1986։

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11, 1985։

[1] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 314։

[2] Վանանդ գյուղն այժմ կոչվում է ադրբ․՝ Vənənd։

[3] Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986, էջ 77։

[4] ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 340։

[5] Թ.Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998, էջ 753։

[6] Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11, Երևան 1985, էջ 269։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում