2025
2025-08-18
Աղբուլաղ[1] գյուղում հայերը հաստատվել են 18-րդ դարի վերջին՝ հիմնականում Արցախի Շոշ, Ավետարանոց, Սոս, Հադրութ, Մոշխմհատ և Սյունիքի Խնձորեսկ գյուղերից։ Գյուղի մասին բազմաթիվ հիշատակություններ կան 19-րդ դարի վավերագրերում։
Գյուղն ունեցել է փոքրաքանակ բնակչություն։ 1831 թվականին Աղբուլաղում ապրել է ընդամենը 76 հայ բնակիչ։ 1860 թվականի տվյալներով՝ գյուղն ունեցել է 214 բնակիչ, իսկ 1890 թվականին՝ 120 բնակիչ։ 1912 թվականին Աղբուլաղում ապրել է 113 հայ։
Գյուղում դպրոց չի եղել։ Աղբուլաղցի երեխաները հաճախել են հարևան հայկական Ավանաշեն գյուղի դպրոցը։ 1917 թվականի հունիսին թույլատրվել է գյուղում բացել եկեղեցական-ծխական դպրոց, որը, սակայն, չի գործել։
Աղբուլաղում գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Սակայն 1842 թվականի մի հիշատակությունում նշված է, որ եկեղեցին բավականին անմխիթար վիճակում է գտնվել։ Հին եկեղեցու տեղում նորը կառուցելու համար աղբուլաղցիները որոշել են գումար հանգանակել։ Արդեն 1887 թվականին Սուրբ Մեսրոպ անվամբ նոր, փոքր եկեղեցին օծվել է։
1918 թվականի ամռանը թուրք-թաթարական ուժերն ավերել են Աղբուլաղ գյուղը։ Կոտորածից փրկված աղբուլաղցիներն իրենց հայրենի բնակավայր այլևս չեն վերադարձել։
Խորհրդային տարիներին գյուղատեղում բնակություն են հաստատել թյուրքախոսները։ Նրանք տեղական իշխանությունների թողտվությամբ ամբողջովին ավերել են տեղի հայկական գերեզմանոցն ու եկեղեցին։
Բնակավայրը ներկայումս գտնվում է Իսմայիլիի շրջանի կազմում՝ նույնանուն շրջկենտրոնից 11,8 կմ հարավ-արևելք, և կրում է իր հին անունը։
Գրականություն՝
Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 103։
Սմբատեանց Մեսրովբ արքեպիսկոպոս, Նկարագիր սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուղտատեղեաց եւս քաղաքացն եւ գիւղօրէից՝ որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 139։
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 95-96։
[1] Աղբուլաղ՝ ադրբ․՝ Aǧbulaq։