2025
2025-08-12
Արևելյան Այսրկովկասի հայկական գյուղերից էր Քյալբանդը[1]: Վկայված է նաև Քալբանդ, Քալբանտ, Քելբենտ անվանաձևերով։ Գյուղը գտնվել է Իսմայիլիի շրջկենտրոնից 13,8 կմ հարավ՝ հայկական Գիրք և Քեշխուրդ գյուղերի միջև։
Քյալբանդը հիմնադրել են Արցախի Ջրաբերդ, Ճարտար, Ավետարանոց, Շոշ, Դրախտիկ, Ղավախան (Կավահան) և Յիրհեր (Հերհեր) գյուղերից տեղափոխվածները։
1831 թվականին գյուղում ապրել է 27 տուն հայ՝ 218 բնակիչ։ 1861 թվականի տվյալներով՝ գյուղն ունեցել է հայաբնակ 180 տուն, 1886 թվականին՝ 104 տուն՝ 722 բնակչով, իսկ 1890 թվականին՝ 104 տուն՝ 721 հայ բնակչով։ Քյալբանդի հայկական բնակչությունը 1904 թվականի դրությամբ կազմել է 897 մարդ է՝ 112 տուն։ 1912 թվականին հայ բնակչության զգալի աճ է արձանագրվել՝ 171 տուն՝ 1062 բնակչով։ Այս միտումը պահպանվել է նաև 1913 թվականին՝ հայաբնակ 190 տուն։ 1924 թվականի տվյալներով հայ բնակչության թվաքանակը կտրուկ նվազել է՝ հասնելով 55 տուն՝ 174 մարդու։ 1981 թվականին Քյալբանդն ունեցել է 169 հայ բնակիչ։
Գյուղը եղել է սակավաջուր և սակավահող։ Բնակչությունը հիմնականում զբաղվել է խաղողագործությամբ։
Գյուղում երկար տարիներ դպրոց գոյություն չի ունեցել։ Պահպանվել է տեղեկություն այն մասին, որ 1890 թվականի նոյեմբերին քյալբանդցիները հրաժարվել են իրենց երեխաներին ուղարկել հարևան հայկական Գիրք գյուղի բացվելիք կենտրոնական դպրոց։ Քյալբանդցիները որոշել են դպրոց բացել իրենց գյուղում, ինչն էլ սկսել է գործել 1910 թվականի սեպտեմբերից։ Սակայն նորաբաց դպրոցը լիարժեք գործել է միայն 1914-1915 ուստարում։ Դպրոցն ունեցել է 1 սենյակ, 3 բաժանմունք, 1 ուսուցչուհի (Սոֆյա Հակոբջանյանց) և 60 աշակերտ՝ 49 տղա, 11 աղջիկ։ 1915-1916 ուստարում 2 սենյակում տեղավորված դպրոցն ունեցել է 4 բաժանմունք, 2 ուսուցչուհի (Սոֆյա Հակոբջանյանց, Գայանե Ավագյան) և 72 աշակերտ՝ 61 տղա, 11 աղջիկ: 1916-1917 ուստարում կրթօջախում սովորել է 66 աշակերտ։ Դպրոցում դասավանդվել են հայերեն, ռուսերեն, թվաբանություն, բնագիտություն, ձեռագործություն, կրոն, հայրենագիտություն, երգ, նկարչություն, վայելչագրություն առարկաները։ Խորհրդային տարիներին գյուղի դպրոցը շարունակել է գործել (տնօրեն՝ Արտեմ Հարությունյան)։ 1984 թվականին դպրոցի աշակերտների թիվը հասնել է 44-ի, որից 13-ը եղել են հարևան Գիրք գյուղից:
Քյալբանդն ընդգրկվել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Շամախիի թեմի կազմի մեջ։ 19-րդ դարի 30-ական թվականներին գյուղում գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 1837 թվականին գյուղում հիշատակվել է 2 քահանա։ Ըստ 1985 թվականին գյուղ այցելած Սամվել Կարապետյանի՝ Քյալբանդի հին գյուղատեղում դեռևս նշմարվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու հետքերը։ Պահպանվել են նաև մի քանի հարյուր տապանաքարեր՝ բոլորն էլ հայերեն արձանագրություններով։
1918 թվականին Քյալբանդը նույնպես անմասն չի մնացել Արևելյան Այսրկովկասում ծավալված ողբերգական իրադարձություններից։ Խուսափելով թյուրք-թաթարական ուժերի հարձակումներից՝ քյալբանդցիների մեծ մասը հունիսի վերջին միացել է դեպի Բաքու նահանջող Բաքվի կոմունայի զինված ուժերին և հեռացել է գյուղից։ Սակայն, գյուղում մնացած հայերը բազմիցս ենթարկվել են հարձակումների և թալանի, շատերն էլ սպանվել են։
Այս իրադարձություններից հետո տարիներ անց գյուղ վերադարձած քյալբանդցիները որոշել են հին գյուղատեղիից մոտ 1 կմ հարավ-արևելք ընկած տարածքում հիմնել նոր գյուղ։
1988 թվականին Արևելյան Այսրկովկասի հայությունը ստիպված հեռացել է Ադրբեջանից։ 1988 թվականի դեկտեմբերին քյալբանդցիները նույնպես լքել են իրենց հարազատ գյուղը, իսկ հայկական հետքի մասին խոսող բոլոր հուշարձաններն ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են։
Գրականություն՝
Սմբատեանց Մեսրովբ արքեպիսկոպոս, Նկարագիր սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուղտատեղեաց եւս քաղաքացն եւ գիւղօրէից՝ որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 139։
Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 104-105։
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 204-207։
[1] Քյալբանդ՝ ադրբ․՝ Kəlbənd։