2025

Իսմայիլիի շրջանի Դայմադաղ գյուղը

2025-07-21

Արևելյան Այսրկովկասում՝ պատմական Աղվանքի տարածքում էր գտնվում հայկական Դայմադաղ գյուղը։ Գյուղատարածքը ներկայիս Իսմայիլի շրջկենտրոնից 12 կմ հարավ-արևելք է։

Բնակավայրն, ամենայն հավանականությամբ, հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին։ Դայմադաղի բնակիչներն այստեղ են տեղափոխվել Արցախի հայկական Մշկապատ գյուղից։ Հետագայում՝ 1870-ական թվականներին, գյուղի բնակիչները տեղափոխվել են մոտակայքում գտնվող տարածք և հիմնել են համանուն նոր բնակավայր։

Հայկական այս գյուղի բնակչությունը մեծաթիվ չի եղել։ 1831 թվականին գյուղում եղել է 21 տուն՝ 118 հայ բնակչությամբ։ 1890 թվականին Դայմադաղում ապրել է 65, իսկ 1912 թվականին՝ 106 բնակիչ։

Սակավամարդ լինելու պատճառով գյուղն իր եկեղեցին չի ունեցել։ Դայմադաղի հայ քրիստոնյա բնակչությունն այցելել է հարևան հայկական գյուղերի եկեղեցիներ։ 1840-1850-ական թվականներին Դայմադաղում քահանայագործել են Ռուշան գյուղի տեր հայր Հովհաննես Ալեքսանյան Տեր-Մարտիրոսյանցն ու Գիրք գյուղի քահանա Զաքարիա Պետրոսյան Տեր-Ներսիսյանցը։     

1918 թվականին Արևելյան Այսրկովկասում ծավալված իրադարձությունները գյուղի հայության համար ճակատագրական են եղել։ Օսմանյան զորքերը, որոնց միացել են նաև տեղի թյուրք-թաթարական ուժերը, դեպի Բաքվի նահանգ և Բաքու քաղաք իրականացրած արշավանքի ընթացքում ասպատակել են հայկական բնակավայրերը։ Նման պայմաններում 1918 թվականին Դայմադաղ գյուղի բնակչությունն ստիպված է եղել միանալ թուրք-թաթարական ուժերի դեմ կռվող Բաքվի կոմունայի և Բաքվի Հայոց ազգային խորհրդի զինված ուժերին, որոնք նահանջում էին դեպի Բաքու քաղաք։ Օգտվելով դրանից՝ հարակից թյուրքական գյուղերի բնակիչները թալանի և ավարի են մատնել Դայմադաղ գյուղը։ 1920 թվականին՝ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, դատարկված գյուղի բնակիչներն այլևս գյուղ չեն վերադարձել։

Ս․ Կարապետյանի այցելության ժամանակ՝ 1985 թվականին, դեռևս պահպանված են եղել Դայմադաղի տնափոսերի հետքերը, իսկ ավերված գերեզմանոցում՝ կոտրատված հայկական տապանաքարերը։  

Գրականություն՝

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 130-131։

Սմբատեանց Մեսրովբ արքեպիսկոպոս, Նկարագիր սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուղտատեղեաց եւս քաղաքացն եւ գիւղօրէից՝ որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում