2025
2025-06-23
Իսմայիլի շրջանի Ազայիշեն (Նորշեն) գյուղը գտնվել է շրջկենտրոնից շուրջ 18 կմ հարավ-արևմուտք: Համեմատաբար նոր բնակավայր լինելու պատճառով կոչվել է Նորշեն, ինչպես նաև՝ Զայիշեն: Բնակիչները գաղթել են Արցախի Խաչեն, Վարանդա և Ջրաբերդ գավառներից:
1861 թվականին գյուղն ունեցել է 55 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1890 թվականին, գյուղում ապրել է 83 տուն հայ` 693 բնակիչներով։ 1914 թվականին Ազայիշենն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 879 բնակիչներով:
1907 թվականին գյուղում կառուցվել է դպրոցական շենք, որի ճակատային քարին փորագրված է եղել.
«Այիբ, բեն, Ազայ շեն, 1907»:
1918 թվականի ամռանը թուրքական բանակը ներխուժել է գյուղ, կոտորել բնակչությանը։ Գյուղացիներից ոմանք դիմել են հերոսական ինքնապաշտպանության: Այդ կռվում աչքի են ընկել Հարություն Օհանյանը, Գրիգոր Մանուչարյանը և Ալահվերան Օհանյանը: Վերջինս տապանաքարը գտնվել է գյուղի գերեզմանատանը` հետևյալ արձանագրությամբ.
«Այս է տապան Ալահվերան Օհանյանի,
ծ. 1865, մ. 1918»:
Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից փրկված ազայիշենցիները կրկին բնակություն են հաստատել հայրենի գյուղում: 1924 թվականի տվյալներով՝ Ազայիշենում ապրել է 35 տուն հայ` 155 բնակիչներով:
Խորհրդային իշխանության տարիներին գյուղում գործել է հայկական ութնամյա դպրոց, որը փակվել է 1984 թվականից հետո։
1988 թվականին գյուղում եղել է հայաբնակ 70 տուն` 170 բնակիչներով, որոնք բռնագաղթել են նույն թվականի դեկտեմբերին:
Ազայիշենում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը չի պահպանվել: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1984 թվականին, պահպանված է եղել գյուղի գերեզմանոցը` 19-րդ դարին վերաբերող բազմաթիվ արձանագիր տապանաքարերով: Ս. Կարապետյանը հրապարակել է Ազայիշենի գերեզմանոցում պահպանված ամենահին տապանաքարի (1796 թ.) արձանագրությունը.
«Այս է տապան Մռավաչ Եկանի որդի,
Դանէլ(ին). ՌՄԽԵ (1796) թվ.»:
Գյուղի գերեզմանոցում հուղարկավորված են եղել նաև հոգևորականներ.
«Աստուած ողորմի Տէր Սարգիսին
Յարութիւնեանց, 1875 թ.»:
«Այս է տապան Տէր Յովհաննեսին, որ
էր որդի Տէր Սարգըսին Յարութիւնեանց, 1862»:
1960-ական թվականներին Ազայիշենում կառուցվել է 3 ջրամբար։ Գյուղի հարավային եզրին գտնվող ջրամբարի ճակատային քարին արձանագրված է եղել․
«Յիշատակ Սանվէլի Թավարեանց, 1908 թ.»:
Գյուղն այժմ կոչվում է Սուլթանքենդ և բնակեցված է ադրբեջանցիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 86–95: