2025

Իսմայիլի շրջանի Զարգարան գյուղը

Իսմայիլի շրջանի Զարգարան գյուղը գտնվում է շրջկենտրոնից 19,2 կմ հարավ-արևելք: Շրջանի հինավուրց և մարդաշատ բնակավայրերից է եղել: Հիշատակվել է նաև Զարկարան և Զարգյարան անվանաձևերով:

1861 թվականին գյուղն ունեցել է 119 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, գյուղում եղել է 103 տուն հայ` 1024 բնակիչներով։ 1914 թվականին Զարգարանն ամբողջությամբ հայաբնակ է եղել՝ 1558 բնակիչներով:

1918 թվականին գյուղը ենթարկվել է տեղի թաթարների և թուրքական բանակի հարձակմանը։ Այդ ընթացքում զարգարանցիներից շատերը փախել են Բաքու, իսկ այնտեղից` Աշխաբադ:

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից փրկված զարգարանցիները վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին գյուղում եղել է 30 տուն հայ` 140 բնակիչներով:

1985 թվականին Զարգարանում ապրել է 3 տուն հայ՝ 5 շնչով, որոնք էլ բռնագաղթել են 1988 թվականին։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, Զարգարանում պահպանված է եղել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ձևափոխել են՝ վերածելով պահեստի: Եկեղեցու պատին եղել է 1848 թվականի սույն արձանագրությունը.

«Յիշատակ է այս եկեղեցիս սվաղն…

որդի, ՌՄՂԷ (1848)»:

Գյուղի մեծության մասին են վկայում Զարգարանի վեց գերեզմանոցները: «Վարի բաղի» միջնադարյան գերեզմանոցը` բազմաթիվ անարձանագիր սալակերպ տապանաքարերով, գտնվել է գյուղից 2 կմ արևմուտք: Նմանատիպ մեկ այլ վայր էլ եղել է գյուղից 1 կմ հեռավորության վրա՝ «Օհանի բլուր» (թափա) տեղավայրում` շուրջ 20 արձանագիր տապանաքարերով:

Գյուղամիջում են գտնվել «Բուդաղանց հանգիստ» և «Երամի տանի տակի հանգիստ» տոհմական գերեզմանոցները:

Զարգարանի հիմնական գերեզմանոցը գյուղից եղել է 1,5 կմ հարավ-արևմուտք՝ հայտնի «Էրգան հողի հանգիստ» անունով: Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ այստեղ պահպանված են եղել 19-20-րդ դարերի մի քանի հազար տապանաքարեր: Այս գերեզմանոցում հուղարկավորությունները շարունակվել են մինչև 1988 թվականը: Գյուղի հարավային եզրին գտնվող գերեզմանոցում Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ պահպանված են եղել 18–20-րդ դարերին վերաբերող շուրջ 30 արձանագիր տապանաքարեր, որոնցից մեկը կրել է հետևյալ արձանագրությունը․

«Այս է տապանըն գանճէցի Կիորկ

… … …, թվին ՌՄԻԲ (1773)»:

Հինավուրց հայկական Զարգարան գյուղն այժմ կոչվում է Զարգերան (ադրբ.՝ Zərgəran) և բնակեցված է ադրբեջանցիներով: 

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 131–137:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում