2025

Իսմայիլի շրջանի Բոզավանդ գյուղը

Մինչև 1918 թվականը Բոզավանդը եղել է Արևելյան Այսրկովկասի Իսմայիլի շրջանի հայաբնակ գյուղերից՝ գտնվելով շրջկենտրոնից 28,8 կմ հարավ-արևմուտք: Բնակիչների նախնիները գաղթել են Արցախի Հադրութ, Հղորտի և Դռնավարզ գյուղերից: Գյուղի Բզավանդ և Բոզովանդ անվանաձևերը ևս տարածված են եղել:

Բոզավանդ գյուղի առաջին հիշատակությունը վերաբերել է 18-րդ դարի առաջին քառորդին, երբ Շիրվանի և Շաքիի հայերը ցանկացել են գտնվել Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի (1701-1728 թվականներ) ենթակայության ներքո: Այդ համախոսականը ստորագրողների թվում եղել է նաև «Բոզավանդի քյադխոդա Անդրիասը»:

1861 թվականին Բոզավանդն ունեցել է 35 տուն հայ բնակչություն: 1886 թվականին գյուղում բնակվել է 37 տուն հայ՝ շուրջ 200 բնակիչ։ 1914 թվականին Բոզավանդն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 440 բնակչությամբ։

1918 թվականի ամռանը՝ թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակման ժամանակ, բոզավանդցիները ևս, ամրանալով Վանք գյուղում, մասնակցել են տեղի քառօրյա ինքնապաշտպանությանը: 1918-1919 թվականներին բնակչության մի մասը սպանվել է, եղել են նաև բռնի մահմեդականացման դեպքեր: Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած սակավաթիվ բոզավանդցիներ բնակություն են հաստատել տարբեր վայրերում:

Բոզավանդ գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի, որը հիմնահատակ ավերվել է․ մնացել է միայն եկեղեցու տեղավայրը։ Եկեղեցատեղից ոչ շատ հեռու հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1985 թվականին, դեռևս պահպանված էր Բոզավանդ գյուղի գերեզմանոցը` 19-րդ դարին վերաբերող արձանագիր բազմաթիվ տապանաքարերով: Ս. Կարապետյանը հրապարակել է գյուղի գերեզմանոցում պահպանված առավել հին մի քանի տապանաքարերի արձանագրությունները.

«Այս է տապան Ջիեալին որդի

Քասպարին, թվ(ին) ՌՄԿԴ (1815)»:

 

«Այս է տապան Համբարձումի կողակից Անթառան(ին), 1816 ամի»:

 

«Այս է տապան տէրացու Յարութիւնին,

որ է որդի Ադամին, հանգեաւ ի տէր 1868 ամի»:

 

«Այս է տապան բիլիղեցի Բախիշի կողակից

Մարեանին, որ է Դիլտարեանց, ի 1871 ամի»:

 

«Այս է տապան ղալակեցի Մարտիրոսին,

որ է որդի Յօհանին, 1873»:

Մինչև 1980-ական թվականները գյուղում հայերի տնատեղերը դեռևս պահպանված էին։ Երբեմնի Բոզավանդ գյուղն այժմ անբնակ գյուղատեղի է:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 109-112:

Մատենադարանի պարսկերեն վավերագրերը: Մաս III: Շարիաթական նոտարական փաստաթղթեր (ԺԷ-ԺԸ դդ.), Կազմեցին` Ք. Կոստիկյանը և Մ. Խեչոն, Երևան, 2018, էջ 97:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում