2025
Մինչև 1918 թվականը Կարմախանը (Խոյլի) հայաբնակ գյուղ էր Իսմայիլի շրջանում։ Գտնվել է շրջկենտրոնից շուրջ 4 կմ հարավ: 17–18-րդ դարերում գյուղը ենթարկվել է ավերածությունների: Հետագայում գյուղում վերաբնակվել են պարսկահայերը։ Ըստ հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի` այդ բնակիչները 1832 թվականին գաղթել են Թեհրանի Լար գյուղից։ Գյուղանվան Խոյլի տարբերակի համաձայն` բնակիչներն այստեղ վերաբնակվել են Խոյ քաղաքից:
1861 թվականին Կարմախանն ունեցել է 36 տուն հայ բնակչություն: Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, գյուղում եղել է 48 տուն հայ բնակչություն` 228 բնակիչներով։
1914 թվականին Կարմախանն ամբողջությամբ եղել է հայաբնակ՝ 242 բնակիչներով: 1915 թվականին գյուղում բնակվել է 47 տուն հայ բնակչություն։
Կարմախանն 1918 թվականի ամռանը ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը: 1919 թվականին գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։
Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած սակավաթիվ կարմախանցիներ բնակություն են հաստատել տարբեր վայրերում:
Կարմախան գյուղում եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով եկեղեցի, որն ավերվել է 1918–1919 թվականներին: Մ. Բարխուտարյանցի այցելության ժամանակ գերեզմանոցում արձանագրված խաչքարը կրել է հայոց ՊԿԸ (1419) թվականը: Գյուղի վաղեմության մասին է վկայել Կարմախանի միջնադարյան գերեզմանոցը։
Մակար Բարխուտարյանցը տեղի գերեզմանոցից ընդօրինակել և հրապարակել է պահպանված չորս առավել հին տապանաքարերի արձանագրությունները, որոնցից առավել ամբողջական է հետևյալը.
«Սուրբ Գէորգ փոխեցաւ ի Գոտիշայս (՞) ի Քրիստոս,
Ով որ կարդայ, Աստուած ողորմի»:
Հինավուրց Կարմախան (Խոյլի) գյուղի տարածքը ներկայումս հերկված է․ պահպանված չեն անգամ հայերի տնատեղերը:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 144–146: