2025

Իսմայիլի շրջանի Քեշխուրդ գյուղը

Իսմայիլի շրջանի Քեշխուրդ գյուղը գտնվում է շրջկենտրոնից 14 կմ հարավ-արևմուտք: Գյուղը գավառի առավել մարդաշատ բնակավայրերից է եղել, որի բնակիչները գաղթել էին Արցախի Դիզակ և Վարանդա գավառներից, ինչպես նաև՝ Սյունիքից:

1861 թվականին Քեշխուրդն ունեցել է 115 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1880-ական թվականների վերջերին, գյուղում եղել է 170 տուն հայ բնակչություն` 917 բնակիչներով։

1914 թվականին Քեշխուրդն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 1104 բնակիչներով:

Գյուղը 1918 թվականին ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը, որի հետևանքով սպանվել է 85 մարդ:

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կոտորածներից փրկված քեշխուրդցիները վերադարձել են հայրենի գյուղ: 1924 թվականին Քեշխուրդում եղել է հայաբնակ 40 տուն` 151 բնակիչներով:

Քեշխուրդցիների արտագաղթը սկսվել է 1960-ական թվականներից: 1984 թվականին գյուղն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 9 տուն, որոնք էլ բռնագաղթել են 1988 թվականին:

Քեշխուրդ գյուղի հյուսիսային կողմում հուշարձանագետ Ս. Կարապետյանի այցելության ժամանակ` 1984 թվականին, պահպանված էր դեռևս 1893 թվականին կառուցված, հայերեն արձանագրությամբ քարաշեն աղբյուրը:

Հուշարձանագետը հիշատակում է նաև 1860 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի շինարարական արձանագրությունն էր․

«Յիշատակ է Սուրբ Աստուածածնա

Եկեղեցիս շինեցին Քեշխուրդ

Գուղի հասարակութիւնն:

Եւ վարձքն է 8040 մանէթ:

Ի 1860 ամի»:

Գյուղի արևմտյան կողմում գտնվող ընդարձակ գերեզմանոցում պահպանվել են նաև 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբները թվագրվող շուրջ 1000 արձանագիր տապանաքարեր:

Գյուղն այժմ կոչվում է Քեշխուրդ (ադրբ.՝ Keşxurt) և բնակեցված է ադրբեջանցիներով:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 198–204:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում